Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն էլ են Հայաստանը ճանաչել Ադրբեջանի մաս…էդ լեզվի սայթաքում չի, ուրիշ խորքեր էլ կան. ԱԺ-ում Փաշինյանի ելույթն՝ ամբողջությամբ

547

Azg.am-ը ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցրած ելույթը.

Կան մարդիկ, որոնք մեզ մեղադրում են Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ:

Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության որևէ իշխանություն  ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում: Այո՛, Հայաստանը ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում և ճանաչվել է Վարդան Օսկանյանի հեղինակությամբ: Որովհետեև այն պահին, երբ Հայաստանն ընդունել է Մադրիդյան սկզբունքները՝ որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում: Ես այս թեմայով, այս ամբիոնից մեկ ժամանոց ելույթ եմ ունեցել, որից հետո բովանդակային որևէ հակադարձում տեղի չի ունեցել:

Հիմա պետք չի հիսթերիկ հայտարարություններ անել: Ավելին ասեմ՝ Վարդան Օսկանյանն է հրապարակայնորեն Հայաստանի Հանրապետությանը ճանաչել օկուպանտ: Հայաստանի Հանրապետությունը Վարդան Օսկանյանի և նրա ղեկավարի գործողությունները մինչև այսօր չի կարողացել հաղթահարել: Մենք հիմա փորձում ենք կառավարել այդ հայտարարոության հետևանքները, որովհետեւ այն ժամանակ ոչ թե Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, այլ Հայաստանի Հանրապետությունն է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս: Թող լացակումած կամ խրոխտ ելույթներ չունենան: Եվ դա եղել է 2007 թվականին, եղել է իշխանության փոխանցման կոմբինացիայի մի մասը: Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն էլ են Հայաստանը ճանաչել Ադրբեջանի մաս…

(Դահլիճից քպական պատգամավորներն արձագանքեցին՝ Ղարաբաղն են ճանաչելԱդրբեջանի մաս):

Փաշինյանը մի պահ կանգ առավ ու շարունակեց՝ …Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս: Էդ լեզվի սայթաքում չի, ուրիշ խորքեր էլ կան, եթե ես ճիշտ լսեցի, թե ինչ ասացի:

Ռոբերտ Քոչարյանն է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս՝ 1998 թվականին Ղարաբաղը դուրս թողնելով բանակցային գորընթացից և 1999 թվականի նոյեմբերին վավերացնելով ԵԱՀԿ անվտանգության Ստամբուլյան խարտիան:

Արդյո՞ք մենք պայքարել ենք այդ որոշումների դեմ, որպեսզի այդ որոշումները կարողանանք հետ պտտել: Այո, մենք պայքարել ենք, և բոլորդ եք տեսել, թե մենք ինչպես ենք պայքարել: Արդյո՞ք հաջողել ենք: Ոչ, չենք հաջողել: Եվ խոստովանելու ժամանակն է, որ երևի չենք էլ հաջողելու: Էդ ո՞մ վրա են ուզում բարդել:

Հայաստանը ճանաչե՞լ է Ղարաբաղն Ադրբեջանի մաս: Այո, ճանաչել է, և դրա հեղինակը Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են, և Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն էդ ժառանգությունն ընդունել են՝ որպես իշխանություն ստանձնելու նախապայման: Ռոբերտ Քոչարյանն էլ 1998 թվականին որպես իշխանությունն ստանձնելու նախապայման՝ Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից և վավերացրել է Ստամբուլյան խարտիան:

Իմ հասցեին հնչող ամենամեծ քննադատությունն այն է, որ ես ասել եմ՝ Արցախը Հայաստան է և վերջ: Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել մի բանի վրա, որ 1990 թվականի Հայաստանի Անկախության հռչակագրի նախաբանում հղում է արված Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Գերագույն խորհրդի որոշումներին: Եթե նախորդ իշխանություևններն ամենամեծ քննադատություններն իմ հասցեին ուղղում են հենց իմ այդ ասածի համար, նշանակում է՝ խոստովանում են, որ իմ՝ իշխանությունն ստանձնելու և այդ հայտարարությունն անելու պահին մենք արդեն գործ ենք ունեցել Անկախության հռչակագրի բովանդակության չեղարկման հետ նախորդ բոլոր բանակցողների կողմից:

Այս պահին մեր ընտրությունը հետևյալն է՝ այս իրողությունները հաշվի առնելո՞վ գործել, թե ոչ:

Կրկին եմ ասում՝ մեզ ուղղված բոլոր մեղադրանքների հասցեատերերն իրենք են՝ սկսած Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղադրանքից՝ վերջացրած կապիտուլյացիայի մեղադրանքով, որովհետև այն թուղթը, որը սեղանին թողել է Սերժ Սարգսյանը, եղել է կապիտուլյացիայի թուղթ:

Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել է:

Մենք այս ամենի միջով անցնելով՝ եկել-ասում ենք, որ որդեգրել ենք խաղաղության օրակարգ:

Ես հաստատում եմ, որ մենք որդեգրում ենք խախաղության օրակարգ, և այն, ինչ ասել եմ իմ վերջին հարցազրույցում, այդ բանաձևով խաղաղության օրակարգը իրագործելու պատասխանատվություն եմ ստանձնում ես, ականկալում եմ խորհրդարանական մեծամասնության և ժողովրդի աջակցությունը: Ես գնալու եմ այդ ճանապարհով: Վերջին բանակցությունների արդյունքում ես տեսնում եմ ճանապարհ գնալու: Մենք ենք գնալու այդ ճանապարհով՝ նկատի ունենալով խորհրդարանական մեծամասնությանը և ժողովրդին: