«Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերության կողմից Ղարաբաղի հայ բնակիչներին ուղարկված սննդամթերքը շարժվում է դեպի Խանքենդի»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Azg.am-ը մեջբերում է Ադրբեջանի Կարմիր մահիկի գլխավոր քարտուղար Ջեյհուն Միրզոևի հայտարարությունը.
«Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերության (ՌԿԿ) համապատասխան աշխատակիցները անցել են Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուս խաղաղապահների անցակետը»։
Լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցին մոտ ապագայում Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերությունից այլ բեռների տեղափոխման պլանների մասին, Միրզոևն ասել է «Այդպիսի տեղեկություն չունենք, եթե լինի, կհրապարակենք»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով ստեղծված հումանիտար ճգնաժամը:
Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով:
Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն: