Պետք է լինի ապառազմականացված անվտանգության գոտի, որպեսզի վերականգնվի մարդկանց բնականոն կյանքը. Արման Թաթոյան

19

Իմ ներկայացրած փաստերից, հիմնավորումներից հետո Ավստրալիայի New South Wales նահանգի խորհրդարանի խոսնակը նախաձեռնեց Ադրբեջանի պատերազմական հանցանքները Հայաստանում ու Արցախում դատապարտելու և ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու բանաձև։ Բանաձևի նախագծին միացան մի շարք պատգամավորներ:

Մասնավորապես, երեկ Սիդնեյում Ավստրալիայի New South Wales նահանգի խորհրդարանի խոսնակ, Ավստրալիա- Հայաստան դաշնային միջխորհրդարանական միության (Բարեկամության խումբ) ղեկավար Ջոնաթոն Օ’Դէյ և մի շարք պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել եմ Հայաստանում ու Արցախում Ադրբեջանի իշխանությունների հանցանքների ու այլ անօրինական արարքների հետևանքով անվտանգության և մարդկանց համար առաջացրած լրջագույն խնդիրները։

Հանդիպմանը մասնակցել են Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (Armenian National Committee of Australia) Պատվո նախագահ Գրիգոր Սողոմոնյանը և գործադիր տնօրեն Մայքլ Քոլոքոսյանը (Michael Kolokossian

Քարտեզների վրա փաստագրումներով ներկայացրել եմ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի փաստերը կապված ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումների հետ՝ սկսած 2021թ. մայիսի 12-ց մինչև 2022թ. սեպտեմբերի 14-ը, ինչպես նաև խոսել է արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին։

Մանրամասն ցույց եմ տվել ադրբեջանական վերջին ներխուժումների հետևանքները Ջերմուկում, Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում՝ շեշտելով, որ փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի պատրաստվում հեռանալ մեր տարածքներից․ կատարում է թե´ ՀՀ օկուպացված տարածքներում, թե´ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին իր անօրինական զինված տեղակայումների ամրացման աշխատանքներ, անգամ պատրաստվում ձմռանը՝ անօրինական կառուցելով զինվորական ճանապարհներ, դիրքեր, շինություններ ու բունկերներ։

Ներկայացրել եմ նաև քաղաքացիական բնակավայրերն ավերելու, զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու, հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու ապացույցները: Ընդ որում, խոսել եմ նաև այն մասին, որ հայ գերիները շարունակում են ապօրինի պահվել Ադրբեջանում և օգտագործվել քաղաքական ու ռազմական շահերի համար առևտրի նպատակով:

Տտեղեկացրել եմ, որ ադրբեջանական կողմի կրակոցները ՀՀ սահմանային դարձած գյուղերի հարևանությամբ ամենօրյա են դարձել։ Նրանք մարդկանց ահաբեկում են ու կյանքն այդ գյուղերում դարձրել են անհնարին։

Ցուցադրել եմ նաև ադրբեջանական հայատյացության ու ֆաշիզմի հասած քաղաքականության ապացույցները. անպատժելիության հովանավորության այս քաղաքականությունը ոչ միայն չի նվազում, այլ ավելի է խորացել՝ լինելով իշխանությունը պահպանելու գործիք: Խոսքը բոլոր ոլորտների մասին է՝ սկսած կրթության բոլոր մակարդակներից մինչև մշակույթ և ունի թե՛ կրոնական, թե՛ էթնիկ հիմքեր:

Որպես լուծում՝ շեշտել եմ, որ առաջնային ու հրատապ հարց է այն, որ ադրբեջանական զինված տեղակայումները պետք է հեռացվեն ոչ միայն ՀՀ ներխուժած տարածքներից, այլ նաև ՀՀ գյուղերի մոտից ու համայնքների միջև ճանապարհներից, պետք է լինի ապառազմականացված անվտանգության գոտի, որպեսզի վերականգնվի մարդկանց բնականոն կյանքը, իրավունքներն ու անվտանգությունը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի հրավերով կազմակերպված այցի շրջանակներում դեռ շարունակվում են իմ հանդիպումները։

Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից։