Նիկոլի «զրպարտության» գործով դատարանը հետազոտում է գրավոր ապացույցները

43

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ-ի հայցով դատարանն այսօր անցավ դատաքննության փուլ՝ հետազոտելով գործում առկա գրավոր ապացույցները:

Դատարանը նախ հետազոտեց 2021թ.-ի մարտի 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում, հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի մոտ մեկ ժամանոց ելույթը:

Հենց այս ելույթում էր Փաշինյանը նշել. «2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ Մարտի 1-ի գործով, կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ ու պիտի, այո, արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործն ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է»,- մեջբերման ավարտ:

Այսօրվա նիստում Հայկ Ալումյանը միջնորդեց, որ դատարանը հետազոտի Փաշինյանի ելույթի սկզբաղբյուրը, տարածած լրատվամիջոցները՝ ուշադրություն դարձնելով նաև այն հանգամանքին, թե ինչ դիտողականություն են ունեցել տվյալ հրապարակումները:

«Հետազոտեցինք գրավոր ապացույցները: Մեզ համար կարևոր է և առանցաքային  նշանակություն ունի, թե ինչ սփռվածություն է ունեցել Փաշինյանի այդ օրվա ելույթը, նաև դիտումների քանակը, որպեսզի դրանից ելնելով՝ որոշվի  վնասի չափը»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը։

Դատական նիստը մինչև դեկտեմբերի 16-ը հետաձգվեց: Հաջորդ նիստին կապահովվի ինտերնետ կապի հնարավորությունը և կստուգվի  հրապարակման սկզբնաղյուրը. ասաց դատավոր Սերգեյ Սահակյանը:

Նշենք, որ հայցվորը պահանջում է զրպարտություն համարել Փաշինյանի արտահայտությունները, հերքել դրանք և ճանաչել նախագահի անմեղության կանխավարկածը։

Ինչպես նաև պահանջում է Նիկոլ Փաշինյանից բռնագանձել 2 մլն ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասի հատուցում: Եվս 2 մլն ՀՀ դրամ՝ ՀՀ-ից՝ որպես արդար դատաքննության իրավունքի խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում, քանի որ Փաշինյանի ելույթը տեղադրվել է ՀՀ կառավարության և Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքէջերում և Youtubeյան ալիքներում, ինչպես նաև տարածվել է ԶԼՄ-ներով։