Ժպտացեք, ձեզ լուսանկարում են.  «Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանն ավարտվում է,  արագաչափերինն ու տուգանքներինը ՝ ոչ. Փաշինյանի տրամադրությունը բարձրացել է

56

Կառավարությունը հուլիսի 14-ի նիստին որոշեց ստեղծել «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն:

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի տեղեկացմամբ` տեխնիկական միջոցների օգտագործումն օժանդակելու է հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտանբերմանը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքների իրականացնմանը,  իսկ այլ դեպքերում, լիազոր մարմնի պահանջով տեսալուսանկարահանող համակարգերով հավաքված տեղեկություններ տրամադրելու միջոցով օժանդակելու է վարույթին։ Իսկ վարչական իրավախախտումներով գանձված տուգանքները մուտքագրվելու են պետական բյուջե։

       ՊՈԱԿ-ն, ըստ էության, փոխարինելու է «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը: Կազմակերպությունը կմիանա նաեւ «Փարկինգ սիթի սերվիս» փակ բաժնետիրական ընկերության ծրագրին (այն հանրության շրջանում ավելի շատ հայտնի է «կարմիր գծեր» անվամբ):

      «Այսպիսով, «Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է,-հայտարարեց Փաշինյանը,-այդ գործառույթն իրականցնելու է նոր ստեղծվելիք կազմակերպությունը»: 

    Ի դեպ, այս հայտարարության հեղինակը, մինչեւ իշխանության գալն, ակտիվորեն պայքարում էր կարմիր գծերի ու արագաչափերի դեմ: Հեղափոխական քայլերթի սկզբունքային մասն էլ կազմում էր հենց արագաչափերին կպչուն ժապավեններ փակցնելը:  Վարչապետ դառնալուց հետո իր հրապարակային ելույթներում Փաշինյանը  հերքում ու հեգնում էր իրեն սեփական անցյալը հիշեցնողներին: Ու «քաղաքացին տուգնքի մատերիալ չէ» խոսքերի հեղինակն այսօր ասաց, որ տուգանքներ էլի լինելու են, պարզապես դրանք գանձելու է հենց պետությունը: Էկոնոմիկայի նախարարն էլ առաջարկեց ավելի կարճ անուն տալ ՊՈԱԿ-ին՝ հիշվող, հեշտ արտաբերվող:  «Ժպիտ». առաջարկեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որից հետո գործադրի նիստերի դահլիճում լսվեց  Փաշինյանի բուռն ու երկար ծիծաղը: