«էս խեղճուկրակ ժողովրդի դարդը թողած՝ իրար են անպատվում, անվայել խոսքեր ասում։ Արցախից եկածները հազար պրոբլեմ ունեն, դրանք Հռոմի տատու ստատուսը (Հռոմի ստատուտը նկատի ունի-հեղ․) են քննարկում»,- ԱԺ իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների անգործությունից մրգի խանութում դժգոհում էր կինը։
«Ասում ես՝ լրագրո՞ղ ես, դե գնա դրանց ասա՝ Ժենիկ տոտան ձեզ քվե չի տվել, որ գաք, անպատիվ խոսքեր ասեք։ Գործ արեք, էս երկրի խնդիրները լուծեք․․․Ջահել էրեխեք էն, չեն էլ ամաչում․․․»,- կուտակված հերսն ինձ փոխանցեց ու գնաց Ժենիկ տատիկը։
«ժողջանը» երեսփոխաններին մանդատ է տվել ոչ միայն կոճակ սեղմելու, այլեւ, առաջին հերթին, իր կողքին լինելու ու հարցերը լուծելու համար։ Բայց «Ժողջանը» երեսփոխանների երեսը տեսնել չի ուզում, որովհետեւ նրանք, հիմնական առաքելությունը թողած, ամենագռեհիկ ձեւով իրար միս են ծամում։
«Վոյաժների» ժամանակ իրեր հետ նկարվող, երեկոյան մեկմեկու հետ գինի վայելող, խորհրդարանական միջանցքներում միմյանց հետ ողջագուրվող ու երկա՜ր ջերմ զրույց ունեցող ընդդիմադիր ու իշխանական երեսփոխանները նիստերի դահլիճում՝ տեսախցիկների առաջ, այնպիսի խանդավառությամբ են իրար «աչք հանում», որ կմտածես, թե հազար տարվա թշնամի են։
Եվ քանի դեռ նրանք մարդկանց աչքից հեռու իրար «ջան են ասում», տեսախցիկների դիմաց՝ «չոռ լսում», Արցախից բռնի տեղահանվածների հարցերը՝ սննդից, հագուստից մինչեւ կեցավայրի ապահովում, (հիմնականում) այն նույն ժողովուրդն է հոգում, որ առաջին հերթին հենց նմանտիպ հարցերը կարգավորելու ու նման իրավիճակներում ելքեր գտնելու համար է մարդկանց վստահել ու մանդատ նվիրել։
Սեւակ Վարդումյան