Եվրոպան նահանջում է Իրանի դեմ մեկնարկած արշավից

22

Բրյուսելում, Եվրամիության արտգործնախարարների հանդիպման նախօրեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «Եվրամիության ահաբեկչական կազմակերպությունների» ցանկում ներառելու վերաբերյալ Եվրամիության արտաքին քաղաքականության  և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելն ասել է.  «Որևէ  kազմակերպության անունը կարող է ավելացվել  ցանկին միայն այն դեպքում, երբ Եվրամիության անդամ երկրներից մեկի դատարանը իրավական հայտարարություն տա, որից հետո մենք հարցը կքննենք եվրոպական մակարդակով»:

Բորելը հավելել է․ «Որևէ կազմակերպությանը չհամակրելով` մենք չենք կարող այն ահաբեկչական անվանել»։

Եվրամիության բարձր հանձնակատարի  այս հայտարարությունն Իրանում գնահատվել է որպես նահանջ կորպուսի դեմ Եվրոպայի մեկնարկած արշավից։ Սակայն, Իրանի մեջլիսի խոսնակի օգնական Օհոդիանի կարծիքով, գործընթացի կասեցումը ժամանակավոր բնույթ է կրում, և հարմար պահի այն կարող է կրկնվել։ Ուստի, մեջլիսը կոչ է անում Իրանի արտաքին գերատեսչությանը՝ չդադարեցնել այդ ուղղությամբ  գործադրվող  դիվանագիտական ջանքները։   

Հիշեցնենք, որ Կորպուսը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու դեպքում, Իրանն սպառնացել էր քննարկել  միջուկային զենքի չտարածման պայմանագրից (NPT) դուրս գալու և Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունները։

Գրիգոր Առաքելյան