Եթե լինի փախստական բառը, հարց կառաջանա՝ որտեղի՞ց եւ ի՞նչ հանգամանքներում են փախել մարդիկ

26

 «Եթե Արցախին կարգավիճակ չտան, մենք ոչ միայն չենք վերադառնա Արցախ, այլև կաշխատենք մեր հայրենակիցներին դուրս բերել Արցախից: Նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված է, որ փախստականները վերադառնում են իրենց բնակության վայրեր: Եթե մեզ փախստականի կարգավիճակ չտան, ապա Ալիևը ասելու է, որ իրենք Հայաստանից են տեղափոխվել և գնացել են իրենց հայրենիք: Եվս մի շատ կարևոր հարց՝ պատրաստվո՞ւմ են Արցախից տեղահանվածների համար բնակավայր պատրաստել, եթե ոչ, ապա՝ ինչու՞: Կամ էլ պատրաստվո՞ւմ են մեզ հանձնել որևէ երկրի խնամքին:  Այս հարցերն ենք այսօր ուղղելու Կառավարությանը»,- կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» հկ նախագահ Լևոն Հայրիյանը։

Փախստականի կարգավիճակը կարող է ամրացնել նաեւ Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում։ Եթե լինի փախստական բառը, հարց կառաջանա՝ որտեղի՞ց եւ ի՞նչ հանգամանքներում են փախել մարդիկ։ Իսկ մարդիկ հեռացել են հայրենի բնակավայրերից միայն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության պատճառով. նրանք մորթել եւ կտտանքների են ենթարկել իրենց ձեռքն ընկած ամեն մի հայի։ Ուկրաինական պատերազմի դեպքում, օրինակ, նման խնդիր չկա։ Ուկրաինացիներին ռուսները չեն մորթում եւ նրանք շարունակում են ապրել անգամ ռուսական զորքի տիրապետության տակ անցած բնակավայրերում։ Իսկ միջազգային կառույցները զգայուն են նման տերմինների հանդեպ։ Կարգավիճակը նաեւ հնարավորություն կտա վերադառնալ ծննդավայր։ Այդ կետը ամրագրված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում։

Հադրութցիներն ու շուշեցիները կոչ են անում իրավական հիմքերն առաջ տանել։ Փախստականի կարգավիճակը բխում է նաև Հայաստանի շահերից, որովհետև եթե փախստական է, ուրեմն նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ փախստականներն իրավունք ունեն վերադառնալու իրենց բնակավայրերը։ Նրանք ուզում են հանդիպել ՀՀ ՄԻՊ-ի հետ և այս հարցերը քննարկել Քրիստինե Գրիգորյանի հետ։