Դեկտեմբերի 7-ի երեկոյան 4-5 բժիշկներով արդեն Մարալիկում էինք. առաջին պահը՝ շոկ

31

Երկրաշարժի օրերին արտակարգ ոչինչ չեմ արել, մինչդեռ մեր բժիշկներից մեկը ազդրի անդամահատում է կատարել հենց փլատակների վրա, քանի որ մարդուն հնարավոր չէր ազատել դրանց տակից. Azg.am-ի թղթակցի հետ զրույցում համեստորեն պատմում է բժիշկ Գևորգ Գրիգորյանը։

Նա Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրերին մի քանի օր աշխատել է Մարալիկի հիվանդանոցում։

«Ես Մարալիկում չէի վիրահատում, որովհետև այնտեղ այդ օրերին վիրաբուժության տիտաններ էին աշխատում՝ հիմանակնում օտարերկրացի բժիշկներ։ Ես օգնում էի նրանց։ Հիմնականում անդամահատություններ էին կատարվում, կրծքային կամ որովայնային վիրաբուժությանը հերթ շատ քիչ էր հասնում. տուժածները հիմնականում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահանում էին։

Դեկտեմբերի 7-ի երեկոյան 4-5 բժիշկներով մենք արդեն Մարալիկում էինք։ Առաջին պահին շոկային վիճակ էր, ամենուրեք՝ վազք. տուժածների մեծ հոսքը բոլորիս գցել էր մոլորության մեջ։ Մենք չգիտեինք՝ ինչ անենք, ոնց անենք»,- վերհիշում է բժիշկը։

Գևորգ Գրիգորյանի խոսքով՝ 88-ի երկրաշարժի օրերին իրեն ամենից շատ տպավորել է հայաստանյան բժշկական պատվիրակությունների (ըստ երևույթին՝ տարբեր բժշկական հաստատությունների ղեկավարներ) վերաբերմունքը:

«Գալիս էին մեծամեծեր՝ իրենց շքախմբերով, անցնում երկրաշարժից տուժածների կողքով. ամեն մեկն ասում էր՝ սա պետք է արվի, նա պետք է արվի, բայց գործնական ոչ մի քայլ չէին նախաձեռնում։ Ամեն ինչ փոխվեց, երբ գիշերը ժամանեց Մոսկվայի Սկլիֆոսովսկու ինստիտուտի անձնակազմը՝ ամեն մասնագետով՝ մայրապետից մինչև առաջատար վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ և այլն։ Մի քանի ժամում նրանք կարգի բերեցին վիրահատարանը, ամբողջ հիվանդանոցը և սկսեցին գիշեր-ցերեկ վիրահատել։ Այ դա նրանց մեծ ներդրումն էր, որովհետև, հավանաբար, ռուս բժիշկները փորձ ունեին, ծանոթ էին աղետի բժշկությանը։ Ես էլ, որպես կրտսեր կոլեգա, նրանց օգնում էի»,- համեստորեն հավելում է Գևորգ Գրիգորյանը։

Վերհիշելով սարսափելի աղետին հաջորդած օրերը՝ մեր զրուցակիցը ներկայացնում է՝ Մարալիկում մի քանի օր մնալուց և աշխատելուց հետո վերադառնում է Երևան՝ «Էրեբունի» հիվանդանոց։

«Բոլորս գիշեր-ցերեկ հիվանդանոցում էինք, շատ ու շատ մարդիկ կամավոր օգնում էին բուժանձնակազմին՝ այդ թվում՝ բժշկուհի կինս և երկու ավագ զավակներս։ Հետո եկան ուկրաինացի մասնագետները, ես նրանց հետ էի աշխատում՝ թարախային վերքերի բաժանմունքում։ Նրանք իրենց հետ այնպիսի հրաշք բաներ էին բերել, որ մենք չէինք էլ տեսել՝ ածխային սորբենտներ, որոնք վերքերից կլանում-հանում էին թարախը»,- եզրափակում է մեր զրուցակիցը։