Դատախազն անգամ հարկ չի համարել անձամբ պատասխանել զոհվածների հարազատներին, թե ինչու է իր խոսքը դրժում

14

Զոհված զինվորների հարազատներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Գլխավոր դատախազության մոտ։ Նրանք պահանջում են, որ դատախազությունն իրենց գործը Քննչական կոմիտեից վերցնի ու հանձնի ԱԱԾ-ին, քանի որ չեն վստահում ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի անկողմնակալությանը։ Իսկ չվստահելու պատճառը նրա հետ հանդիպումից հետո է առաջացել, երբ, իրենց խոսքով, Քյարամյանը կոպիտ է խոսել ծնողների հետ։

Հունիսի 30-ին զոհվածների հարազատները հերթական ակցիայի ժամանակ հանդիպել են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ներկայացրել իրենց պահանջը, իսկ նա խոստացել է 1 օրվա ընթացքում պատասխանել։ Անցել է 6 օր։ Դատախազությունից ոչ ոք զոհված զինվորների հարազատներին պատասխան չի ուղարկել, նրանք էլ դատախազություն են եկել՝ պայմանավորված ժամկետից դեռ մի մի քանի օր էլ ուշ, բայց, փաստորեն, այս անգամ նրանց ոչ ոք չի էլ ընդունել։

Գլխավոր դատախազը հրաժարվել է հանդիպել ծնողներին։

«Դատախազի անունից ասել են, որ չեն իջնելու։ Պատճառը չեն նշում՝ թե բա գործի տեղափոխումը քննարկման մեջ է։ Ոչ մի ժամկետ չեն նշել։ Ակնհայտ է, որ նրանք չեն ցանկանում հարցի խաղաղ լուծում»,- հայտնել է զոհված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը։

Հունիսի 30-ին ծնողները լիահույս էին, որ Արթուր Դավթյանն իր խոստացած ժամկետում կպատասխանի իրենց, բայց նա անգամ հարկ չի համարել ընդունել ակցիայի մասնակիցներին ու անձամբ տեղեկացնել, թե որն է պայմանավորվածությունը խախտելու ու խոսքը դրժելու պատճառը։