Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարացրած դատավոր Ֆարխոյանի որոշումը կբողոքարկվի. պաշտպան

17

Քրեական դատավարության նոր օրենսգիրքը եռամսյա կալանքի հնարավորություն է տալիս, ինչից էլ հուլիսի 11-ին օգտվեց դատավոր Կարեն Ֆարխոյանն ու ևս 3 ամսով երկարացնել ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի անազատության մեջ պահելու ժամկետը:

«Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը այս էլ երրորդ անգամ է երկարացվում: Դավիթ Արղամանյանն էր Գերասիմին կալանավորել մեկ ամսով, ապա մեկ ամսով հետո էլի երկարացվել էր կալանքի ժամկետը»,- ասաց Գ. Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը:

Պաշտպանական կողմը դատարանի որոշումը դեռ չի ստացել: Ըստ Բենիկ Գալստյանի՝ դատավոր Ֆարխոյանի՝ Գ. Վարդանյանի կալանավորման ժամկետը ևս 3 ամսով երկարացնելու որոշումը  անպայման կբողոքարկեն:

Դատաքննության փուլում գտնվող Գերասիմ Վարդանյանի քրգործով հաջորդ նիստը նշանակված է օգոստոսի 2-ին:

Հիշեցնենք, որ քրեական գործը վերաբերում է 2020թ նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ՌԿ շենք մուտք գործելու դրվագին։ Գերասիմ Վարդանյանը, Բագրատ Եսայանը, Գառնիկ Մելքումյանը մեղադրվում են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ խոչընդոտները վերացնելու եղանակով զանգվածային անկարգություններին օժանդակելու, ինչպես նաև խմբի կազմում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մեջ: Քրեական գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը, ընդ որում, նրան կալանավորելու առաջին փորձը եղել է դեռևս 2020թ, սակայն դատարանները մերժել են կալանքի միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Քրեական գործի մասին ԱԱԾ-ն երկու տարի անց է հիշել, քննիչը փոխել է Վարդանյանի մեղադրանքը և կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան, որն այս անգամ բավարարվել է՝ դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից՝ կալանավորման չորրորդ փորձից: Նշենք, որ 2022թ.-ի մայիսի 4-ին 60 մլն դրամ գրավի դիմաց փոխվեց Գերասիմ Վարդանյանի խափանման միջոց կալանավորումը ու նա ազատ արձակվեց: Օրեր անց՝ մայիսի 12-ին Վարդանյանը կրկին կալանավորվեց՝ դատարանի սահմանած գրավը չվճարելու պատճառով