Արդյո՞ք միայն Հատիսն է վաճառված, միգուցե էլի սարեր կան վաճառված, ինչու՞ եք միայն այդ սարի վրա ֆիքսվել. ԿԳՄՍ նախարար 

43

Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման՝ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը  նախորդ շաբաթ վարչապետ Փաշինյանը դրական գնահատեց:  Հիմնարկեքի արարողությունից հետո էլ, պարզվեց, շինաշխատանքները պետք է կասեցվեն: ԿԳՄՍ-ն էր հայտարարություն տարածել, որ Հատիսը նորահայտ հուշարձանի կարգավիճակ ունի եւ այստեղ տարբեր դարաշրջաններին թվագրվող քսանից ավելի հուշարձան կա: Ինչու՞ հենց այդ նիստին, երբ Փաշինյանը գոհունակությամբ էր խոսում նախագծի մասին, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը չհայտնեց իր մտահոգությույնը եւ միայն օրեր անց, օրենք ու իրավունք մեջբերելով, ասաց, որ շինարարությունը պետք է կասեցվի, քանի դեռ հաստատված նախագիծ չկա: 

    «Դուք ի՞նչ հակասություն եք տեսնում վարչապետի  և իմ ասածի մեջ, վարչապետն ի՞նչ է ասել, ասել է, որ գաղափարին նորմալ ենք վերաբերվում»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Վահրամ Դումանյանը:

 Նա նշեց, որ գաղափարի շուրջ ինքն էլ մտահոգություն չունի, մտահոգությունը միայն այն է, որ առանց նախագծի, շինարարություն չիրականացվի: Իսկ հարցին, թե բացառու՞մ է հենց Հատիսի վրա արձանի տեղադրումը, Դումանյանը պատասխանեց ՝  այս պահին այդ հարցը բաց է: 

  Լրագրողները նաեւ հետաքրքվեցին, թե որպես բարձրաստիճան պաշտոնյա` ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ հսկայական սարը վաճառվեց Ծառուկյանին մի քանի միլիոն դրամով: Դումանյանն ասաց՝ վաճառքից տեղեկություն չունի:

«Ես չգիտեմ՝  ինչպես է վաճառվել, որ թվականին: Ասում եք՝ մի քանի միլիոն դրամ, բայց դա դուք գիտեք, իսկ եթե գիտեք, ինձ էլ ասեք, ես չեմ տիրապետում մանրամասներին: Եվ արդյո՞ք միայն այդ սարն է վաճառված, ինչու՞ եք այդ  սարի վրա ֆիքսվել, միգուցե էլի սարեր կան վաճառված, ես չգիտեմ»: