ՈՒՂԱՐԿԵԼ ԸՆԿԵՐՈՋԸ

ՀԱՍՑԵ:
ԾԱԾԿԱԳԻՐ:
ԹԵՄԱ:
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 2012-01-12

Մարզական

ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵՑ

Նոր մրցաշրջանը հաջող սկսվեց Հայաստանի մարզիկների համար: Ինչպես տեղեկացանք ՀԱՕԿ-ի լրատվության բաժնից, 2010-ի Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հիանալի հանդես գալով Լոնդոնում անցկացված մարմնամարզության միջազգային մրցումներում, օլիմպիական ուղեգիր նվաճեց:

19-ամյա երեւանցի մարմնամարզիկը գերազանցեց բոլորի սպասելիքները: Հավասարապես հուսալի ելույթներ ունենալով բոլոր վեց գործիքների վրա, Արթուրը 41 երկրների բազմամարտիկների պայքարում վաստակեց 84,2 միավոր ու զբաղեցնելով 12-րդ տեղը, տիրացավ բաղձալի ուղեգրին: Նշենք, որ Լոնդոնում խաղարկվում էին ամառային օլիմպիադայի մարմնամարզության մրցաշարի վերջին 25 ուղեգրերը:

Շնորհալի մարմնամարզիկը օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկ Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի սան է, մարզվում է վաստակավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ: Անկախացումից հետո Արթուր Դավթյանը դարձավ օլիմպիական ուղեգիր նվաճած ընդամենը 2-րդ մարմնամարզիկը: Մինչ այդ միայն մեկ անգամՙ 1996-ի Ատլանտայի օլիմպիական խաղերում էր Հայաստանի ներկայացուցիչ, նույն մարզադպրոցի սան Նորայր Սարգսյանը մասնակցել մարմնամարզության մրցումներին: Արթուր Դավթյանը դարձավ Լոնդոնի օլիմպիադայի ուղեգիր նվաճած հայաստանցի 11-րդ մարզիկը:


http://www.azg.am/AM/2012011225

© AZG Daily, 2008