AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 119. ԲԱՐՁՐՅԱԼ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-13 > #028, 2018-07-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 13-07-2018



ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Տեղադրվել է` 2018-07-12 21:24:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 2365, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՖՐԻԿԱՅԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՆԿԱՐԻՉԸ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ըստ Սկունդեր Պողոսյանիՙ «Սեւը չի՞ կրնար հայ ըլլալ»

Շարունակելով «Ազգի» նախորդ համարից սկսած աֆրիկահայ թեմանՙ հիշենք նաեւ կյանքի մեծ մասն ԱՄՆ-ում ապրած եւ ստեղծագործած Ալեքսանդր (Սկունդեր) Պողոսյանին , որ համարվել է Աֆրիկայի պատմության ամենահայտնի նկարիչը: Չափազանցություն չկա, քանի որ նա առաջին աֆրիկացի նկարիչն էր, որի գործերը ցուցադրվել են միջազգային ցուցահանդեսներում: Նա առաջին եթովպացի նկարիչն էր, որի գործերը դեռ 1960-ականներին ձեռք են բերել Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ժամանակակից արվեստի թանգարանները (Նյու Յորքի նշանավոր ՄՈՄԱ-ն), իսկ նրա նկարների մի հավաքածու 1992 թվականին գնել է ԱՄՆ-ի Սմիթսոնյան ինստիտուտի Աֆրիկյան արվեստի ազգային թանգարանը...

Նա ծնվել էր 1937 թվականին, Ադիս-Աբեբայում: Հայրըՙ Խոսրով Պողոսյանը, մեծահարուստ հայ էր, մայրըՙ Վեյզերո Ցեդալե Վոլդե Թեկլեն, մեծատոհմիկ եթովպուհի: Խոսրովը եթովպական կայսերական բանակի գնդապետ էր, իսկ նրա հայրըՙ Գրիգորիոս Պողոսյանը, առեւտրական էր, կայսր Մենելիք Բ-ի մտերիմներից եւ նրա դեսպանը Եվրոպայում: Խոսրովն ակտիվ է եղել Եթովպիայի իտալական բռնազավթման ժամանակ եւ մի քանի տարի բանտ է նստել, երբ Ալեքսանդրը մանուկ է եղել: Մայրը ստիպված նոր կյանք է սկսել, ու թեեւ Ալեքսանդրն ու քույրըՙ Ասթերը (Եսթեր), հաճախ այցելել են իրենց մորը, նրանք մեծ մասամբ ապրել են իրենց հորեղբայր Խաչիկ Պողոսյանի մոտ, որը Եթովպիայի գյուղատնտեսության փոխնախարարն էր: Հայ ազգականները հաճախ են այցելել իրենց բանտարկված հարազատի զավակներին, այդ իսկ պատճառով նրանք մեծացել են սահուն հայերեն խոսելով... Ալեքսանդրը վարժ տիրապետել է նաեւ ամհարերենին, հայերենին, անգլերենին եւ ֆրանսերենին:

Ալեքսանդրը մանուկ հասակից հետաքրքրվել է աֆրիկյան սրբապատկերներով, կենցաղի իրերով ու տեղացիների արտասովոր հագուկապով, ինչն արտացոլվել է նրա նկարներում: Ծնողները մշտապես խրախուսել են նրա նկարչական հակումները, իսկ նրա նկարչության ուսուցչիՙ Ադիս Աբեբայի համալսարանի գրադարանավար, լեհ նկարիչ եւ եթովպական կերպարվեստի մասնագետ Ստանիսլաս Խոյնացկու խորհրդով Պողոսյանը որոշել է լրջորեն նվիրվել նկարչությանը:

1954 թվականին 17-ամյա Պողոսյանը Հայլե Սելասիե կայսեր պատվին կազմակերպված պատանի տաղանդների մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի, իսկ հաջորդ տարի կառավարության օժանդակությամբ մեկնել է Անգլիա, որտեղ ուսանել է երեք տարբեր արվեստի դպրոցներում, սակայն հետագայում տեղափոխվել է Ֆրանսիա: 1957-1966 թվականներին Փարիզում նա սովորել է Գեղեցիկ արվեստների բարձրագույն դպրոցում - Շոմիեր ակադեմիայում, հաճախել նշանավոր քանդակագործ Ալբերտո Ջակոմետտիի արվեստանոցը: Ֆրանսիայում Պողոսյանը հրապուրվել է Պաուլ Կլեի, Ժորժ Բրակի, Մաքս Էռնստի, կուբացի նկարիչ Վիֆրեդո Լամի արվեստով, սակայն նրա ամենամեծ ներշնչանքը եղել է ղպտիական արվեստը եւ արեւելյան աֆրիկյան արվեստը: Դեռ-ս 60-ականներին նա ցանկանում էր միաձուլել աֆրիկյան սրբապատկերային արվեստը ժամանակակից եվրոպական կերպարվեստի ձեռքբերումներին: 1964 թվականին «Լամբերե» պատկերասրահում կազմակերպվել է նրա անհատական ցուցահանդեսը...

1966 թվականին Պողոսյանը կնոջ ու դստերՙ Աիդա Մարիամի հետ վերադարձել է Ադիս-Աբեբա, որտեղ երեք տարի դասավանդում է տեղի արվեստի դպրոցում: ԱՄՆ-ում ծնվել է նրա Էդուարդ Ադիսու որդին: 1967 թվականին Սկունդեր Պողոսյանը Գեղեցիկ արվեստների բնագավառում ակնառու հաջողությունների համար արժանանում է Կայսեր մրցանակին: Եթովպիայի կայսեր անձնական հարստությունից տրամադրված հիմնադրամով կազմվել էր «Հայլե Սելասիե» մրցանակը, որ ներառում էր ոսկե պատվանշան եւ 40 հազար եթովպական դոլար, որով վարձատրվել են Եթովպիայի գրականության, գեղարվեստի, երկրագործության եւ ճարտարարվեստի լավագույն գործիչները: 1967-ի վերջին այդ մրցանակին արժանացել էին ընդամենը երեք հոգիՙ եթովպահայ Սկունդեր Պողոսյանը, ֆրանսիացի ճանապարհորդ Թեոդոր Մոնոն եւ լեհ ուսուցչապետ Ստրելբինը:

1970-ին հաստատվելով ԱՄՆ-ումՙ Սկունդեր Պողոսյանն աշխատել է Ատլանտայի Սեւամորթների արվեստի կենտրոնում որպես քանդակագործության, նկարչության եւ դիզայնի ուսուցիչ: 1974-ի Եթովպիայի հեղափոխության պատճառով նա այլեւս չի վերադարձել հայրենիք, իսկ նրա եթովպացի ուսանողներից մի քանիսը (Զերիհուն Եթմգեթա, Վոսենե Վորքե Քոսրոֆ, Թեսֆայե Թեսսեմա) ուսուցչի հետեւից մեկնել են ԱՄՆ: 1974-2000 թթ. Պողոսյանը կերպարվեստ է դասավանդել Ատլանտայի եւ Վաշինգտոնի Հոուարդ համալսարաններում, որից հետո վերադարձել է իր ստեղծագործական կյանքին: Նա համարվել է Վաշինգտոնի եթովպական մշակույթի համայնքի ոչ պաշտոնական պարագլուխը, որի արվեստը ցուցադրվել է աշխարհով մեկՙ անհատական ցուցահանդեսներում (Փարիզ, Հռոմ, Լոնդոն, Նյու Յորք): Նրա նկարները բնութագրվել են որպես հզոր եւ հանդարտ, որոնցում ազդեցիկ միախառնված են պայծառ գույները, գծերը եւ պատկերները: Ինքըՙ նկարիչը, իր արվեստը բնորոշել է որպես «սեւության բազմազանության անվերջ տոնախմբություն»: Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում, 2000-ինՙ ԱՄՆ-ում Եթովպիայի դեսպանատան Գերազանցության մրցանակին: Նրա աշխատանքները գտնվում են նաեւ «Հարլեմի ստուդիա» թանգարանում, Ադիս Աբեբայի Արտաքին գործերի նախարարությունում եւ այլուր: Նա նաեւ առաջին աֆրիկացի նկարիչն էր, որ ձեւավորել է ՄԱԿ-ի դրոշմանիշներից մեկը...

«Չնայած Պողոսյանն անցած 33 տարիների ընթացքում չի ապրել Եթովպիայում, նրա արվեստը խորապես մնում է կապված իր եթովպական ժառանգության եւ մշակույթի հետ: Այն հագեցած է հնագույն խորհրդանիշներով եւ սրբապատկերներով»,- ասել է Հարվարդի համալսարանի նրա գործընկեր, կինոյի դասախոս Աբիյի Ֆորդը : Իսկ «Վաշինգտոն փոստի» արվեստի քննադատ Փոլ Ռիչարդը 1983-ին Նյանգոմայի պատկերասրահում բացված Պողոսյանի ցուցահանդեսի մասին գրել է. «Նրա արվեստը հարգանքի տուրք է իր երկրի ոգիների կամ ավելի ճիշտՙ իր երկրների ոգիների հանդեպ: Նրա հուզիչ, սրտաշարժ նկարները խառնում են ամերիկյանն աֆրիկյանի, տեսածըՙ երեւակայածի, հինըՙ նորի հետ»:

Թողնելով դասավանդելըՙ Պողոսյանն ամբողջովին նվիրվել է ստեղծագործական աշխատանքին: Սիրել է նկարել երաժշտության ներքո, հատկապես ջազի: Այս շրջանում ավելի է հակվել դեպի վերացապաշտությունը, չնայած նրա ձեւապաշտական նկարչությունը միշտ էլ սահմանակցել է աբստրակցիային:Ցավոք, այս շրջանը կարճ է տեւել. 65-ամյա Պողոսյանը կյանքից հեռացել է 2003 թվականի մայիսի 4-ին, Վաշինգտոնում: Նրա մահվան առթիվ Սմիթսոնյանի Աֆրիկյան ազգային թանգարանի տնօրեն Շարոն Ֆ. Փաթոնն ասել է. «Որպես աֆրիկյան ժամանակակից արվեստի պատմության խոշոր դեմքՙ նա ուղի հարթեց ուրիշների համար ու թողեց կարեւոր ժառանգություն»: 2005 թվականին լույս է տեսել եթովպուհի հետազոտող Լեգեսսե Սելամավիթի «Սկունդերիզմ» գիրքը:

Ռուս հեղինակ Անդրեյ Եվպլանովը Պողոսյանին նվիրված իր փոքր հոդվածում գրել է. «Շատ ընթերցողների, իհարկե, հետաքրքիր է իմանալ, թե նկարչի աշխարհազգացողության վրա ինչ ազդեցություն են թողել նրա հայկական արմատները: Այսպես, ոչ մի ազդեցություն չի եղել: Սկունդերը երեւի վաղ է զրկվել հորից, եւ նրա դաստիարակությամբ զբաղվել են եթովպացի ազգականները: Նրանք սեր են արթնացնել Աֆրիկայի հանդեպ, որը դարձել է նրա ստեղծագործության գլխավոր մոտիվը: Նկարիչը, լինելով Եվրոպայում եւ Ամերիկայում, ինչպես ասում են, կապ չի ունեցել հայ սփյուռքի հետ, փոխարենը միշտ սերտ կապեր է պահել աֆրիկյան համայնքների հետ»: Սխալվում է այս Եվպլանովըՙ ենթադրելով, որ Պողոսյանը վաղ է զրկվել հորից: Խոսրով Պողոսյանըՙ նկարչի հայրը, վախճանվել է 1972-ին, երբ Սկունդերը 35 տարեկան էր, եւ նա, ինչպես նշվեց, մեծացել է նաեւ հայ ազգականների միջավայրում, իսկ Փարիզում ապրած տարիներին կապի մեջ է եղել տեղի հայ համայնքի հետ: Ինչպես մեզ պատմեց Սկունդեր Պողոսյանին Փարիզում 1960-ականներին ճանաչած այժմ երեւանաբնակ արվեստագետ Օշին Եղիազարյանցը , «Եթե չեմ սխալվումՙ Սկունդերը Եթովպիայի Հայլե Սելասիե կայսեր քրոջ տղան էր: Փարիզում նա ապրում էր Հայ ուսանողների տանը: Նա ավելի շատ սեւամորթ էր, քան սպիտակամորթ: Բայց խոսում էր հիանալի, մաքրամաքուր, գրական արեւմտահայերեն, որ զարմացնում էր: Վստահաբար հայերեն գրել-կարդալ էլ գիտեր: Մի անգամ մի այսպիսի պատմություն եղավ: Միասին գնացինք Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության երիտասարդության պարահանդեսին: Մուտքին պահապան կանգնած ֆրանսահայը, տեսնելով մեզ, ինձ ասաց. «Օշին, մենք ձեզմէ կը խնդրենք գաղղիացի չբերէք, դուն սե՞ւ բերած ես»: Ես չխոսեցի, իսկ Սկունդերն ասաց. «Ինչո՞ւ, սեւը չի՞ կրնար հայ ըլլալ...»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 13-07-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.