AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 81. ԱՐԴՅՈ՞Ք ԱՐԴՈՒԿՈՎ ՀԱՐԴԱՐԵԼԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 10-11-2017



ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2017-11-16 17:07:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 2673, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՄԵՐԳ ԳՆԱԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ. ԲԵՄԱԿԱՆ ԼՈՒՅՍԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

Մարինե ԿԱՐՈՅԱՆ

(մասն առաջին)

Համերգային դահլիճում հարմարավետ նստարանին նստած, դուք հանգիստ դիտում եք ինքնավստահ քայլերով բեմ դուրս եկող մենակատարինՙ համոզված լինելով, որ նա բավականաչափ ժամանակ է ունեցել լավ պատրաստվելու, պատշաճ քանակությամբ նախնական փորձեր է ունեցել դահլիճում եւ հանգիստ վայրՙ բեմ դուրս գալուց առաջ նախապես հանգստանալու համար, որպեսզի կարողանա լավագույնս ներկայացնել ձեզ համերգային ծրագիրը: Սա իդեալական տարբերակն է: Դժբախտաբար հաճախ պայմանները բավական հեռու են իդեալական լինելուց ...

«Փղոսկրյա ամրոցի բնակիչը»: Այսօր էլ մտայնություն կա, որ դասական երաժիշտը ոսկեզօծ վանդակի կամ փղոսկրյա ամրոցի մի բնակիչ է, որն ամբողջությամբ ձերբազատված է ամենօրյա կենցաղի տաղտուկիցՙ զբաղված լինելով միայն բարձր արվեստի խնդիրներով: Դրսից դիտողի համար դասական երաժշտի կյանքը կարող է առանձնահատուկ եւ նույնիսկ արտոնյալ թվալ: Այդ արվեստագետը մեկն է, որ հնարավորություն ունի օր-օրի ներգրավված լինել երբեւէ ստեղծված ամենագրավիչ, զգացմունքային երաժշտության մեջՙ այդ հրաշալիքները համերգի ընթացքում կիսելով նաեւ ուրիշների հետ :

Սա, անշուշտ, մասամբ խաբկանք է, որի հեղինակը, հաճախ, հենց ինքըՙ երաժիշտն է:

Բանն այն է, որ դասական երաժշտի կյանքը հեռու է գլամուրային լինելուց, սակայն այլեւայլ հոգեբանական (եւ ոչ միայն) պատճառներով նա իր եւ իր արվեստը սպառող հասարակության միջեւ մի պատնեշ է դնումՙ փորձելով երբեւէ չանցնել այն: Սա վերաբերվում է անպատշաճ արտաքին տեսքին, սեփական առօրյան ցուցադրելուն, անձնական կյանքի մանրամասները հրապարակելուն, եւ այլն, եւ այլն: Ի տարբերություն դերասանների, մարզիկների, ուրիշ արվեստագետների, քաղաքագետների եւ այլ հասարակական-հանրային մարդկանց, նա խուսափում է լինել դեղին մամուլի ամենօրյա ուշադրության կիզակետում: Նրան բեմի լույսերը լիովին բավարարում են, որտեղ ինքը հանդես է գալիս որպես մեդիաՙ երաժշտության եւ ունկնդրի միջեւ:

Անսքող իրականությունը: Պրոֆեսիոնալ երաժշտի համար յուրաքանչյուր ժամն աշխատանք է, եւ այդ աշխատանքը նրա ապրելաձեւն է: Առանց այդ աշխատանքի նա իրեն աննպատակ ու ապակենտրոնացված է զգում: Ամեն օր մի քանի ժամ պարապելը երբեմն դառնում է պահանջմունք, հատկապես երբ նոր ու խրթին մի ստեղծագործություն սովորելու կամ միեւնույն հատվածի վրա օրեր շարունակ աշխատելու անհրաժեշտություն կա :

Որպես կանոն, երաժշտական գործիքի հետ աշխատելուց բացի, նվագվող ստեղծագործությունը վերլուծելու, դրա մասին կարդալու, այն իր ամբողջության մեջ հասկանալու բազմաթիվ խնդիրներ են դրված: Տվյալ ստեղծագործության յուրահատկությունը վերագտնելը, ոճային հատկանիշների վերծանումը, կառուցվածքային հավասարակշռության ու դրա հոգեւոր իմաստի բացահայտումը այն բանալիներն են, որ որեւէ համերգային կատարման ընթացքում բացում են ունկնդրի սիրտն ու միտքը: Այդ ամբողջությունն է, որ օգնում է կատարողին նորովի պատմել հայտնի ստեղծագործությունը, յուրահատուկ գաղափարներ ծնելՙ նոր մեկնաբանության համար: Բացի այդ, միշտ անհրաժեշտություն կա նաեւ նոր երկացանկ ավելացնելու, արդեն ունեցածը փայլեցնելու, «միշտ պատրաստ» լինելու որեւէ անկանխատեսելի համերգային հրավերի համար:

Դասական երաժշտի կյանքը կարող է հաճախ սահմանափակ ու միօրինակ լինել, երբ միայնակ աշխատանքի երկար ժամերը փոխարինվում են գործընկերների հետ քննարկումներով կամ այլ տեսակի պրոֆեսիոնալ աշխատանքով: Հպարտություն ու երբեմն նաեւ միջոցներ բերող համերգային ճամփորդությունները սերտորեն կապվում են իրար հաջորդող անհյուրընկալ հյուրանոցային սենյակների, ճամպրուկային ապրելակերպի, օտար համերգային դահլիճներում, չհետազոտված ակուստիկայի պայմաններում անծանոթ գործիքների վրա նվագելու (հատկապես դաշնակահարների համար, բայց ոչ միայն) կիսատհաճ, կիսահասկանալի, կիսահարցական իրադրությունների հետ:

Երբեք իրավունքը չունենալով թերանալՙ եթե նույնիսկ հոգնած է, ինքնաթիռից կես ժամ առաջ է իջել աշխարհի մյուս կիսագնդում կամ անառողջ է, դասական երաժիշտը միշտ պիտի պահի նշաձողի բարձրագույն կետը, ունկնդրին ներկայանա էներգիայով լեցուն մանկան պես: Սա արդյունքն է այն բանի, որ սովորաբար այդ երաժշտի հեղինակությունն ու վարկանիշը սերտորեն կապվում են նրա տված վերջին համերգի որակի հետ: Իսկ այդ համերգը այստեղ է, եւ հիմա:

Մասնագիտության վտանգավոր կողմերը: Չնայած ոչ բոլոր կատարողներն են ընդունում, սակայն միանշանակ է, որ բեմի վախը իրական խնդիր է շատ ու շատ դասական երաժիշտների համար: Այն կարծես մտավոր խանգարում լինի, որ պարուրում է անսպասելի ու, ասես, անդամալույծ դարձնում: Բեմի վրա սա կարող է վերածվել «կյանքի ու մահու կռվի»: Շատ երաժիշտներ ունեն տարատեսակ տագնապներ, սրտի արագ բաբախյուն կամ մարմնի ու ձեռքերի դող: Սրանով տառապում են հատկապես դասական երաժիշտները, քանի որ կոկիկ, անսխալ նվագելու արվեստը մեր օրերում (նաեւ ձայնագրությունների պատճառով/շնորհիվ) հասցված է ամենաբարձր մակարդակին: Եթե որեւէ ջազային կատարող ինչ-որ մի թերացում ունենա, թերեւս ոչ ոք չնկատի նրա սխալը: Դասական երաժշտության կատարման պարագայում, սակայն, պատկերը բոլորովին այլ է :

Ինչպես ասացինք, շատ դասական երաժիշտներ իրենց այս հոգեվիճակի մասին չեն բարձրաձայնում: Սակայն նրանցից ոմանք գրավոր հետաքրքրական նկարագրություններ ունեն: Նրանցից մեկը աշխարհահռչակ սոպրանո, վերջերս Երեւանում համերգով հանդես եկած Ռենե Ֆլեմինգն է: Իր կենսագրական գրքում նա պատմում է իր անձնական հոգեբանական եւ ֆիզիկական խնդիրների մասին: Այն բանից հետո, երբ 1998 թվականին Միլանի Լա Սկալայում Դոնիցետտիի «Լուկրեցիա Բորջա» օպերայի ընթացքում ունկնդիրը սկսեց ակներեւ արտահայտել իր դժգոհությունն ու «բուուու» անել, նա այլեւս երկար ժամանակ չէր կարողանում բեմ բարձրանալ, քանի որ անմիջապես սկսում էր դողալ, եւ այդ դողը օրեր էր տեւում:

Ռենե Ֆլեմինգը, անշուշտ միակը չէ: Շատ ու շատ երաժիշտներ տառապել ու շարունակում են տառապել այս խնդրի պատճառովՙ չնայած դուք, սիրելի ունկնդիրներ, հազվադեպ եք դա նկատում: Զարմանալի չէ, որ որոշ երաժիշտներ (այդ թվում աշխարհահռչակՙ Հորովից, Գուլդ, Կազալս, Էմաղ, Անդրժեւսկի, Կիսսին եւ այլք) ժամանակավոր ընդմիջում են վերցնում կամ, նույնիսկ, ամբողջովին լքում համերգային դաշտը: Նույնիսկ մեծն Ֆրեդերիկ Շոպենն էր տառապում բեմական վախից: Հայտնի է, որ նա ոչ ավելի քան 30 համերգ է ունեցել ամբողջ կյանքի ընթացում, վերջինըՙ 26 տարեկան հասակում:

Որոշ երաժիշտներ իրենց համար գտնում են այս աղետալի իրավիճակի «լուծման» եղանակներըՙ ալկոհոլ, հանգստացնող հաբեր, երբեմն նույնիսկ թմրամիջոցներ: 2012 թվականին Գերմանիայում անցկացված մի հետազոտությոան մեջ նշվում է, որ նվագախմբային երաժիշտների գրեթե մեկ/երրորդը պատասխանատու համերգից առաջ գերադասում է օգտագործել հանգստացնող հաբեր (հաշվի առնելով, որ այդ հաբերի կողմնակի ազդեցությունները սահմանափակ են):

Դասական երաժիշտների մասնագիտական գործունեության հետ կապված լարվածության բարձր մակարդակն ու ընդհանուր տագնապայնությունը այլ հոգեվիճակների եւ ֆիզիկական խնդիրների լուրջ խթաններ են: Այսպես, անգլիական մի հետազոտության արդյունքները իսկապես ցավալի են: Ըստ դրանց, երաժիշտների գրեթե մեկ-երրորդը սնվելոււ խանգարումներ ունի, նրանք նաեւ երեք անգամ ավելի հակված են դեպրեսիվ հիվանդությունների նկատմամբ: Սրան, իհարկե, մեծապես նպաստում են երաժշտի մասնագիտական գործունեության յուրահատկություններըՙ միայնակ, հասարակությունից դուրս աշխատանքային եղանակ, մեկուսի ձայնագրություններ...

Այս ամենից բացի, երաժիշտն իրավունք չունի աչքաթող անելու մասնագիտության «գործարար կողմը»- նամակներ համերգային գործակալներին, կազմակերպիչներին, սեփական կայքէջի կազմակերպում/թարմացում, հրապարակումների համար նյութերի/տեքստերի պատրաստում- ամեն տեսակի գործունեություն, որ կարող է կուլ տալ սիրած գործին պատկանող թանկարժեք ժամանակը, բայց միեւնույն ժամանակ հնարավորություն ստեղծելՙ ապրուստի միջոցներ վաստակելու համար:

Արդյունքում, սակայն, պրոֆեսիոնալ դասական երաժիշտների մի փոքր մասն է միայն, որ իր կենսամակարդակով կարող է համեմատվել այլ մասնագիտությունների (բժիշկներ, իրավաբաններ, հաշվապահներ...) հետ: Սովորաբար նրանց մեծամասնությունը պիտի քրտնաջան աշխատիՙ խելամիտ կենսամակարդակ ապահովելու համար:

Մի քանի խոսքՙ համերգին նախապատրաստվելու եւ ետնաբեմում լինելու մասին. Կարեւոր է հիշել, որ տարբեր երաժիշտներ տարբեր ձեւով են պատրաստվում համերգին: Նրանցից ոմանք ուտելու, քնելու հատուկ ռեժիմ ունեն: Որոշ մարդիկ դեմ չեն ուրիշների ընկերակցությանը, մյուսները նախընտրում են միայնակ լինել: Շրջապատող մարդիկ միշտ պիտի աչալուրջ լինեն այս յուրահատկությունների նկատմամբՙ թողնելով նրանց շփվելՙ եթե վերջիններս ցանկանում են կամ դրա կարիքն ունեն: Երբեմն ոչինչ այնքան նյարդայնացնող չէ, որքան բեմ դուրս գալուց երկու րոպե առաջ կողքինիդ հիասքանչ արձակուրդների մասին ոգեւորված բլբլոցը լսելը :

Վստահ եմ, որ բոլոր դասական երաժիշտներն էլ հիշողության մեջ պահում են ետնաբեմի իրենց սարսափ-պատմությունները: Մենք հաճախ անզոր ենք փոխել հանգամանքները եւ ստիպված ենք աշխատել դրանց հետ: Սակայն երբեմն դա իրապես անտանելի է դառնում, երբ, ասենք, որեւէ ետնաբեմի աշխատող համերգից առաջ քո սենյակն է հրում իր շաննՙ ասելով. «Ոչի՞նչ, որ նա ժամանակավորապես Ձեզ հետ մնա: Վստահ եմ, չի խանգարի...»

ԽՈՐԸ ՇՈՒՆՉ..... ԽՈՐԸ ......ՇՈՒՆՉ...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 10-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.