AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 32. ՀԱՅ ՄԱՐԴԿԱՆՑ ԽՄԲԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 13-10-2017



ԱՐՎԵՍՏԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Տեղադրվել է` 2017-10-12 21:51:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 2695, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ՄՈԴԵՌՆԻՍՏ ՉԵՄ

Միխայիլ ԼԻՖՇԻՑ

Սկիզբը` նախորդ համարում եւ վերջ

Ուժի պաշտամունքը եւ կործանելու, խորտակելու ճաշակը, որ բնորոշ է ընդհանրապես մոդեռնիզմին, պատկերել է նույն Էրենբուրգը Խուլիու Խուրենիտայի կերպարով, որ երազում էր տեսնել մերկ մարդուն մերկ երկրի վրա: Պատերազմն ու հեղափոխությունը նրա համար նվիրական նպատակին հասնելու աստիճաններ են, ինչքան վատՙ այնքան լավ: «Մեծ պրովոկատորը», որին ստեղծել էր գրողի երեւակայությունը, դժգոհ էր ռուս կոմունիստների չափավորությունից, իսկ Լենինին Էրենբուրգի վեպը դուր է գալիս: Խուլիու Խուրենիտոյի կերպարում եւ առհասարակ նրան շրջապատող մթնոլորտում իր արտացոլումն է գտել այն ուժը, որը Լենինը շատ լավ գիտեր, համարելով այն կոմունիզմի ամենասարսափելի թշնամին, թեեւ այդ ուժը որոշակի դեր էր խաղացել հին Ռուսաստանը կործանելու, ավերելու գործում: Այդ ուժը մանրբուրժուական տարերքն է, որ ընդունակ է ոչնչացնելու, վերջնականապես ջնջելու մշակույթի տարրական հիմքերը, տարերք, որ իր հետ բերում է մեծ Ոչինչը, անապատի շունչը:

Այդ ուժը փոփոխական է ու բազմադեմ: Եթե Խուլիու Խուրենիտոն ինքնասպանություն չգործեր, հիասթափված այն բանից, որ Լենինը ուզում է պահպանել անցյալի ժառանգությունը, զարգացնելով դրական արժեքները նույն ուղղվածությամբ, եթե «մեծ պրովոկատորը» ապրեր մինչեւ ավելի ուշ ժամանակները, ով գիտի, միգուցե նա դառնար Եժովի կամ Բերիայի աջ ձեռքը: Ես նրան պատկերացնում եմ նաեւ մեկենասի դերում, որ ջատագովում է կեղծռեալիստական նկարները, որոնք պատկերում են շքեղ սեղաններ, ընդունելություններ եւ այլ տոնական հանդիսություններ: Իսկ ինչու ոչ: Մի՞թե տնայնագործական քսմսվածքը այսօր ամբողջ աշխարհում չի գնահատվում իբրեւ «ժամանակակից պրիմիտիվիզմ»: Մի՞թե դեռ Անրի Ռուսսոն երեւան չհանեց քաղքենիական հոգու խորքերը, թե՞ նա մոդեռնիզմի դասական չէ: Մի՞թե սյուրռեալիստները չեն նկարագծում իրենց նկարների մանրամասները այնպիսի ջանասիրությամբ, որին կնախանձեր ամեն մի ակադեմիական գեղանկարիչ: Հնարավոր է նաեւ չտեսնված մի մոդեռնիզմ, վիկտորիանական ոճով, որ կպահպանի տասնիններորդ դարի ժանրային գեղանկարչության բոլոր հատկանիշները:

Երբ ասում են, թե Հիտլերը կողմ էր պատկերման ռեալիստական ձեւերի, թույլ տվեց պատասխանելու, որ դա ճիշտ չէ: Նախ, Երրորդ կայսրության պաշտոնական արվեստում քիչ չէին սովորական մոդեռնիստական կեցվածքները: Ռեալիստական ձեւերի այդ կեղծ վերականգնումները հաճախ հիշեցնում են մյունխենյան «նոր իրեղենությունը». դրա չափազանց վերամբարձությունը, մոնումենտալության ձգտումը մինչեւ վերջ ներթափանցված են պայմանական կեղծիքի գաղափարով: Իտալիայի մասին խոսելու բան չկա, քանզի այնտեղ պաշտոնական տեղ էին զբաղեցնում Մարինետտիի ֆուտուրիզմն ու բուտաֆորային նեոկլասիցիզմը, որ դուրս էր եկել նույն քայքայումից:

Երկրորդ, հետադիմական ուժերի սոցիալական դեմագոգիան միշտ փոխառում է իր մահացու թշնամու արտաքին գծերը: Դա անհրաժեշտ է ամբոխին, «փողոցի մարդուն» գրավելու, իր կողմը տանելու համար: Բավական է հիշել հիտլերյան կուսակցության անվանումը: Շատ «սոցիալիզմ»-ներ կան, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն այդ հասկացության իրական բովանդակության հետ: Մի՞թե դրա համար արժե հրաժարվել սոցիալիզմից: Հին լեգենդն ասում է, որ Քրիստոսն ու Հակաքրիստոսը նման են միմյանց: Եվ իսկապես, պատմության ճակատագրական ժամանակներում այդպիսի օպտիկական պատրանքները հազվագյուտ չեն: Բայց վայ նրան, ով չի կարողանում տարբերել ողջին մեռածից: Ամենից առաջ անհրաժեշտ է դեն նետել արտաքին համանմանությունները, որոնցից հաճույքով օգտվում են սոցիալիզմի թշնամիները, նոր հասարակության հիվանդությունները միախառնելով հին աշխարհի թարախակալ խոցերին:

Երրորդ, ապագան ծնվում է տանջանքով: «Տառապանքից ենք սովորում», եւ նա, ով կարծում է, թե արվեստի ելքը խորը փոսից, որի մեջ նա հայտնվել է (տարբեր ուղղությունների հեղինակավոր շատ վկաների խոստովանությամբ), կարող է ընթանալ այլ կերպ, պարզապես շատ նյարդային պարոն է: Գրականությունը, իհարկե, ավելի երջանիկ է, քան գեղանկարչությունը, թեկուզ միայն այն բանի համար, որ նրա ուժեղ ժամանակը շատ հեռու չէ մեզնից: Գրականության մեջ դասական ռեալիզմի ավանդույթը դեռ ողջ է, ինչը յուրովի վկայում են ժամանակակից արեւմտյան գրողների շատ ստեղծագործություններ, որոնք մեծ հաջողություն ունեն Խորհրդային Միությունում (հաճախՙ ավելի մեծ, քան իրենց հայրենիքում):

Բայց վերադառնանք Պիկասսոյին: Որպեսզի ապացուցենք մեր լոյալությունը, համեմատենք նրան Բալզակի հետ: Իր վեպերից մեկում ֆրանսիացի մեծ գրողը պատկերել է սոցիալական բոնապարտիզմի ուտոպիան: Չէր հասցրել գրողը հեռանալ կյանքից, հայտնվեց Նապոլեոն 3-րդը, եւ ուտոպիան իրականություն դարձավ սարսափելի ծաղրանկարի տեսքով: Բալզակի եւ Պիկիասսոյի համար արդարացում կարող է լինել այն, որ ավելի խոր եւ ճշմարիտ գաղափարները հաճախ իրականություն են դառնում այլանդակ տեսքով: Իրական պատմությանը չես կարող հրամայել, նա իր ուղիներն ունի, եւ միակ եզրակացությունը, որ կարելի է այստեղից անել, այն է, որ ելակետային միտքը կարիք ունի ավելի որոշակի զարգացման, որը թույլ կտա պատմության անսպասելի շրջադարձերից առավելագույն օգուտ քաղել: Ինչ վերաբերում է այնպիսի գաղափարներին, որոնցից է ամբողջատիրական բռնապետ-արվեստագետի գաղափարը, որ վերացնում է պատմությունը, որպեսզի ամեն տեղ բռնությամբ հաստատվի կուբիզմը, վերացական արվեստը եւ կամ մի այլ ժամանակակից անհեթեթություն, ապա ավելի լավ է այդպիսի գաղափարներ չունենալ:

Կրիստիան Զեւրոսի հետ Պիկասսոյի զրույցը տպագրվել է 1935 թվականին «Cahiers d՛art» ամսագրի 7-10-րդ համարներում: Երբ Զեւրոսը ցանկացել է իր գրառումները ցույց տալ նկարչին, սա ասել է. «Դուք պետք չունեք դրանք ինձ ցույց տալու: Մեր թշվառ ժամանակներում առավել կարեւոր է խանդավառություն ստեղծելը: Շատե՞րն են կարդացել Հոմերոս: Չնայած դրանՙ ամբողջ աշխարհը խոսում է նրա մասին: Այդպես է ստեղծվել հոմերոսյան նախապաշարմունքը: Եվ այդպիսի նախապաշարումը թանկագին հուզում է առաջացնում: Խանդավառություն - ահա՛ ամենից առաջ ինչ է անհրաժեշտ մեզ եւ երիտասարդությանը»:

Ես ոչ մի ցանկություն չունեմ Պիկասսոյին ինչ-որ բանի համար մեղադրելու: Դրան ավելացնեմ, որ նրան վիճակվել է մոդեռնիզմի իր մրցակիցներից ավելի կոպիտ բաներ լսելու, քան այն, ինչ ես եմ ուզում ասել: Ինձ համար կարեւոր է նշել գլխավոր գծերը այն աշխարհայացքի, որն առաջարկում են մեզ իբրեւ ապագայի արվեստի ուղեցույց աստղ - հրաժարվել իրական պատկերից, որը Պիկասսոն համարում է դատարկ պատրանք, այսինքնՙ խաբեություն, եւ մտահղացված չգոյության հաստատում, որ խանդավառություն է առաջացնում, այսինքնՙ գիտակցական խաբեություն, միթոսաստեղծում: Տեղի սղության պատճառով մի կողմ թողնենք այն հասարակական պատճառները, որ առաջ են բերել այս արտառոց, ներքուստ հակասական մտապատրանքները եւ «իսկական ժամանակակից արվեստի» ծնած ձեւերի հորձանքի արտահայտությունը:

Ասենք միայն, որ այդպիսի արվեստի ներքին հիմնական նպատակը գիտակցության գիտակցականության ճնշումն է: Փախուստը դեպի նախապաշարումը նվազագույնն է: Էլ ավելի լավ է փախուստը դեպի չմտածող աշխարհը: Այստեղից էլՙ կյանքի հայելին փշրելու մշտական ճիգը կամ, ծայրահեղ դեպքում, այն դարձնել պղտոր, մշուշոտ, չտեսնող: Ամեն մի պատկերման պետք է տալ ինչ-որ «չնմանության» գծեր: Այդ կերպ նկարչական պատկերումը սպանում է, եւ ուրեմնՙ ստացվում է ինչ-որ բան, որ զերծ է իրական կյանքի հնարավոր ամեն մի համանմանությունից:

Մի անգամ սյուրռեալիզմի հիմնադիր Անդրե Բրետոնը գանգատվում է, թե իրական երեւակայության դեւը զորավոր է: Նախկինում բավական էր կտավին պատկերել մի քանի երկրաչափական մարմին, որպեսզի անհնար լիներ որեւէ համանմանություն: Հիմա արդեն դա քիչ է: Գիտակցությունը այնքան է նրբացել իր ինքնապաշտպանության մեջ, որ նույնիսկ վերացական ձեւերը նրան իրական ինչ-որ բան են հիշեցնում: Նշանակում էՙ անհրաժեշտ է առավել մեծ վերացում: Եվ ահա հայտնվում է հակաարվեստըՙ պոպ-արտը, որ հիմնականում իրական առարկաների ցուցադրումն է, շրջանակված անտես շրջանակով: Պարզ իմաստով սա պատկերումից մինչեւ մերկ փաստի իրողությունը երկարատեւ ընթացքի ավարտն է:

Այստեղ, թվում է, հասել են իրենց նպատակին. հոգեւոր կյանքը մեռած է, գիտակցության որդըՙ տրորված ու ոչնչացված: Բայց սա դատարկ պատրանք է: Հիվանդ ոգու փորձերը` դուրս գալու սեփական կաշուց, անմիտ են եւ անհույս: Ռեֆլեքսիայի պտույտները իր շուրջ ծնում են միայն «ձանձրալի անվերջություն», մի այլ բանի անհագ ծարավ: Եվ եթե ամեն մի երեւույթ հարկ է դիտարկել ըստ իր սեփական օրենքի, ապա «ժամանակակից արվեստը» կարող է հասկանալ միայն այն միտքը, որը հաղորդ է այդ միստերիային: Մնացյալ ամբողջը կամ միամիտ քաղքենիական հարմարումն է վերջին մոդային, կամ անբարեխիղճ-դատարկաբան դատողություններն են շահագրգիռ անձանց, որոնք ցանկանում են իրենց բեռը անցկացնել օտար դրոշի ներքո:

Այո, «ժամանակակից արվեստը» ավելի փիլիսոփայություն է, քան արվեստ: Դա փիլիսոփայություն է, որ արտահայտում է ուժի եւ փաստի տիրակալությունը հստակ մտքի եւ աշխարհի բանաստեղծական հայեցողության վրա: Իրական ձեւերի դաժան փշրումը նշանակում է չափազանց կույր կամքի պոռթկում: Դա ստրուկի վրիժառությունն է, դա երեւակայական ազատագրումն է անհրաժեշտության լծից, պարզ ինքնախաբեություն է: Եվ եթե դա միայն ինքնախաբեություն լիներ: Գոյություն ունի ճակատագրական կապ ընդվզումի ստրկական կերպի եւ բուն շահագործումի միջեւ: Համաձայն ամբողջ նորագույն գեղագիտությանՙ արվեստը ազդում է հիպնոսաբար, վնասվածք հասցնելով կամ, հակառակը, բթացնելով եւ հանգստացնելով սեփական կյանքից զրկված գիտակցությունը: Կարճ ասածՙ դա արվեստն է ներշնչման միջոցով կառավարվող ամբոխի, որը պատրաստ է վազելու Կեսարի մարտակառքի ետեւից: Այսպիսի ծրագրի դիմաց ես քվեարկում եմ ամենասովորական, ամենամիջակ, ամենանմանակող ակադեմիզմի օգտին, քանզի այն չարյաց փոքրագույնն է: Բայց, իհարկե, իմ իդեալը ամենեւին այլ բան է, ինչպես կարող է հասկանալ ընթերցողը:

Այն մարդիկ, որոնք հրճվանքով են ընդունում Զեւրոսի փոխանցած հայտնությունները, ոչ մի իրավունք չունեն բողոքելու քաղաքականության մեջ «մեծ ստի» տեսությունից, ռադիոյի, մամուլի, կինեմատոգրաֆի օգնությամբ ստեղծվող առասպելաբանությունից, մարդկային գիտակցությունը աճպարարային խաղերի ենթարկող այս աշխարհի հզորներից, որոնք աճպարարային խաղերի են ենթարկում մարդկային գիտակցությունը, «կոնֆորմիզմից» եւ նման բաներից: Մոդեռնիստները երբեք դեմ չեն եղել նման մեթոդների: Ընդհակառակը, նրանց գաղափարը զանգվածային հիպնոսն է, «սուգգեստիվ ներգործությունը» (բավականին մութ խանդավառության վերելքը) եւ ոչ թե բանական մտածողությունը եւ ճշմարտության պայծառ զգացումը: Մոդեռնիզմը ժամանակակից, ամենեւին էլ ոչ անկեղծ սնահավատություն է, որ շատ նման է այն նախապաշարումին, որ ուշ Հռոմեական կայսրության ժամանակներում ծնում էր հավատը Ապոլլոն Տիանացու հրաշքների հանդեպ:

Միայն թե այդ սնահավատության հաստատման համար գործողության մեջ են դրվում լիովին արդիական միջոցներ: Ակամայից հիշում ես Լեւ Տոլստոյի խոսքերը «համաճարակային ներշնչումի» մասին, որն առաջ է գալիս տպագրական մեքենայի օգնությամբ:

«Մամուլի զարգացման հետեւանքով այն եղավ, որ հենց որեւէ երեւույթ, պատահական հանգամանքների հետեւանքով, եթե նույնիսկ փոքր-ինչ առավել նշանակալիություն է ստանում այլ երեւույթների հանդեպ, մամուլի օրգանները տեղնուտեղը հայտարարում են այդ մասին: Հենց որ մամուլը խոսում է այդ երեւույթի նշանակալիության մասին, հանրությունը դրան ավելի մեծ ուշադրություն է դարձնում: Հանրության ուշադրությունը մամուլին դրդում է ավելի ուշադիր եւ մանրամասնորեն դիտարկելու երեւույթը: Մամուլի հետաքրքրությունը ավելի է մեծանում, եւ մամուլի օրգանները, մրցակցելով միմյանց հետ, բավարարում են հանրության պահանջները:

Հանրությունն ավելի է հետաքրքրվում, մամուլը երեւույթին ավելի մեծ նշանակություն է վերագրում: Այնպես որ երեւույթի կարեւորությունը, ձնագնդի պես ավելի ու ավելի մեծանալով, ստանում է իր նշանակությանը ամենեւին չհամապատասխանող գնահատություն, եւ այդ չափազանցված, երբեմն մինչեւ խենթության աստիճան, գնահատությունը մնում է այնքան ժամանակ, քանի դեռ մամուլի կառավարիչների եւ հանրության աշխարհայացքը մնում է նույնը: Օրինակները իրենց բովանդակությանը չհամապատասխանող նշանակության, որը մեր ժամանակներում մամուլի եւ հանրության փոխներգործության հետեւանքով տրվում է ամենաչնչին երեւույթներին, անթիվ-անհամար են»:

Հաշվի առեք «համաճարակային ներշնչումի» գործակիցը, երբ խոսում ենք մոդեռնիզմի հրաշքների մասին: Այն բանին, ինչ տեսնում էր Լեւ Տոլստոյը, վաղուց գերազանցել է ժամանակակից գովազդը: Հին արվեստում կարեւորը իրական աշխարհի սիրով ու բարեխիղճ պատկերումն էր: Նկարչի անհատականությունը շատ թե քիչ մղվում էր դեպի հետին պլան իր ստեղծածի դիմաց եւ դրանով բարձրանում իր սեփական մակարդակից: Նորագույն արվեստում ամեն բան ճիշտ հակառակն է. այն ամենը, ինչ անում է նկարիչը, ավելի ու ավելի է ուղղված դեպի նշանը, նրա անձնավորության հայտանիշին: «Այն ամենը, ինչ ես ցփնում եմ կտավին, կլինի արվեստ, քանզի ես արվեստագետ եմ»,- ասել է գերմանացի հայտնի դադաիստ Կուրտ Շվիտտերսը: Մի խոսքով, այն, ինչ արված է, բոլորովին կարեւոր չէ: Կարեւորը նկարչի ժեստն է, նրա կեցվածքը, նրա վարկը, նրա ստորագրությունը, նրա քրմական պարը կինոնկարահանման խցիկի աչքի առջեւ, նրա հրաշագործ վարքը, որ ազդարարվում է աշխարհով մեկ: Վերջ ի վերջո, նա կարող է բուժել ձեռքը դիպցնելով:

Եվ այս նորօրյա առասպելաբանությունը շատ քիչ է նման այն առասպելաբանությանը, որի խորքերից ծնվել է արվեստը: Այո, հիասքանչ է իսկական պրիմիտիվների արվեստը: Այդ արվեստում ամեն ինչ լի է արթնացող մտքի ու սրտի հմայքով, ամեն բան խոստանում է ցանկալի ծաղկում: Շատ բան կարելի է սովորել մեր հին Եվրոպայի հին վարպետներից, աֆրիկացիներից, մինչկոլումբոսյան Ամերիկայի ժողովրդական վարպետներից: Բայց դուք ի՞նչ եք սովորելու. ահա հիմնական հարցը: «Չի կարելի վերադառնալ ետ դեպի մոր որովայնը»,- ասել է Գյոթեն: Որքան որ գրավիչ է մանկությունը, նույնքան էլ վայրենի է հասուն մարդու ցանկությունըՙ վայր դնել մտքի բեռը եւ դառնալ երեխա: Ահա ինչու, եթե դուք գիշերվա գալը չեք համարում ժամանակակից աշխարհի ճակատագրական գիծը, դուք պետք է դեմ լինեք այն արվեստին, որ վերցնում է միջին դարերից, Եգիպտոսից կամ Մեքսիկայից նախնադարյանականության մթին վերացականությունը, անհատական մտքի երջանիկ չգոյությունը, «համահավաքականությունը», ինչպես սիրում էին ասել ռուս դեկադենտները,- իրենց ինտելեկտուալությամբ, իրենց ձանձրալի եւ անդուր ազատությամբ շփացած ու հագեցած ուսյալ հոգիների այդ դրախտը:

Ձեւի լեզուն ոգու լեզուն է, եւ եթե ուզում եք, նույն փիլիսոփայությունն է: Երբ, օրինակ, դուք տեսնում եք միակերպ խոնարհված գլուխներ, հեզ աչքեր, բանվորական արտահագուստ կամ գյուղացիական բաճկոն հագած մարդկանց արտահայտիչ շարժուձեւը, ձեզ համար պարզ է, թե ինչ է ուզում ասել նկարիչը: Նա գայթակղում է ձեզ համընդհանուր կույր կամքի մեջ անհատական ինքնագիտակցության լուծումով, ներքին տվայտանքների բացակայությամբ, երջանիկ չմտածողությամբ, մի խոսքովՙ ուտոպիայով, որ առավել մոտ է այն բանին, ինչ պատկերում է Օրրուելը կոմունիզմի իր ծաղրանկարով, քան Մարքսի եւ Լենինի իդեալին: Ես խղճում եմ այդ նկարչին: Սո՜ւրբ պարզություն: Աղոթիր քո աստծուն, որ քո բարձրագույն մաթեմատիկան չգետնի իր իրական մոդելը իսկական աշխարհում: Մյուս կողմից, ես կանխատեսում եմ քո հիասթափությունը, երբ բաճկոնավոր մարդը, արթնանալով դարավոր քնից, ինչպես կարելի է հուսալ, չի ցանկանա նկարվելու համար կեցվածք ընդունել եգիպտական ստրուկի դերով, ենթարկվելով մոնումենտալության ռիթմին եւ ճակատայնության օրենքին: Ի դեպ, մարդկանց մեծամասնության համար թանգարանները ամենեւին էլ «համատարած կերծիք» չեն (Պիկասսոյի արտահայտությամբ), որովհետեւ այդ մարդիկ հեռու են հագեցածությունից: Նրանք ցանկանում են լինել անհատականություն:

Կեսարը գթաշարժություն ու սրտաշարժություն է անում ամբոխի առաջ, կոմունիստին ամբոխը, որ կուրացած է միթոսից, պետք չէ: Նրան հարկավոր է ժողովուրդ, բաղկացած գիտակցական անհատականություններից: Յուրաքանչյուրի ազատագրումը բոլորի ազատագրության պայմանն է, ասված է «Կոմունիստական մանիֆեստ»-ում: Ահա թե ինչու ես դեմ եմ այսպես կոչված նոր գեղագիտությանը, որ նորության արտաքին տեսքի քողի ներքո բերում է մեծաթիվ հին ու դաժան գաղափարներ:

Թող մեզ հեքիաթներ չպատմեն Արայե երջանիկ երկրի եւ քսաներորդ դարի նոր պրիմիտիվի մասին: Ժամանակակից պրիմիտիվը, Գոբբսի բառերով ասած, «հաղթանդամ տղա է, բայց չարամիտ»: Խորհուրդ չէի տա նրա հետ վիճել մութ նրբանցքում: Թող Կաֆկան, խելոք, թեեւ հիվանդ արվեստագետ, հառնի իր շիրմից, որպեսզի գրի փոխաբերական հանդուգն պատմվածք խավարի ժամանակակից երկրպագուների, ու նաեւ իր սեփական երկրպագուների մասին: Ես կցանկանայի կարդալ սալամանդրների մասին Չապեկի վիպակը, որ մերժում է շտամպներն ու ավանդույթները: Ինչ վերաբերում է ինձ, ես մինչեւ կոկորդս կուշտ եմ քսաներորդ դարի պրիմիտիվից:

Ահա թե ինչու ես մոդեռնիստ չեմ:

Թարգմ.` Ե.Տ.-Խ.

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 13-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.