AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 51. ԲԱՌԱՄԱՅՐ ԿՏԱՎԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 28-07-2017



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2017-07-27 22:58:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 13058, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԽՈՍՏՈՒՄԸ» ԵՎ «ԼԼԿՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Համեմատական ակնարկ

«Խոստումներ, խոստումներ» վերնագրի ներքո «LA Review of Books» լոս-անջելեսյան գրքերի գրախոսական հանդեսում Միշել Տյուսանը հետաքրքրական համեմատություններ է անցկացնում Հայոց ցեղասպանության թեմային առնչվող երկու ֆիլմերի միջեւ: Տյուսանը Նեւադայի (Լաս Վեգաս) համալսարանում պատմություն է դասավանդում եւ գրում է հիմնականում մարդու իրավունքների եւ մարդասիրությանը վերաբերող հոդվածներ: Ստորեւ քաղվածքներ նրա ընդարձակ հոդվածից:


Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին ֆիլմի էկրան բարձրանալը գովասանական խոսքերի եւ հուսահատության խառը զգացումներով դիմավորվեց: Քննադատները որակեցին այն «ազնիվ նպատակներով եւ կարեւոր թեմա շոշափող ֆիլմ», որի սիրային պատմությունը զարգանում էր պատմական ողբերգական իրադարձությունների մթնոլորտում: Ֆիլմը դիտողների մեջ, մարդիկ որոնք տեղյակ չէին թուրքերի կողմից 1,5 միլիոն հայերի կոտորածների մասին, ապշած էին: Մարդու իրավունքների եւ պատմական ճշմարտության պաշտպանները, մտավորականության մի մեծ խումբ, բացահայտ կողմ արտահայտվեց ֆիլմին: Առաջ եկավ աննախադեպ մի քննարկում:

Խոսքս ապրիլի 21-ից էկրան բարձրացած «Խոստումը» ֆիլմի մասին չէ, այլ մի ֆիլմի, որ հարյուր տարի առաջ էր նկարահանվելՙ «Հոգիների աճուրդը» կամ ամերիկյան տարբերակովՙ «Լլկված Հայաստան» (Ravished Armenia) խորագրով: Դա գազանությունը պատկերող առաջին ֆիլմն էր, որին անդրադառնալու մղեց ինձ ներկայիս «Խոստումը» ֆիլմի շուրջ ստեղծված բանավեճը: Իմ կարծիքով «Promise-ը» հրաշալիորեն պատկերված ֆիլմ է մի շարք անմոռանալի տեսարաններով եւ դերասանական կատարումներով: Նկարահանված է սիրով, նվիրումով ու պատմելու անհրաժեշտությունից դրդված: Դրա տոմսարկղային եկամուտներից 20 միլիոն դոլար հատկացվելու է Լոս Անջելեսի Կալիֆոռնիա Համալսարանին (UCLA), որպեսզի այնտեղ մեկնարկի մարդու իրավունքների «Promise» կենտրոնը: Ֆիլմի հանդեպ արձագանքները խիստ հակասական են: Ոմանք ողջունում են նման խիստ կարեւոր եւ քիչ ներկայացված թեմային անդրադառնալը: Ուրիշներ գտնում են, որ սիրային եռանկյունու թեման երկրորդ պլան է մղում ցեղասպանության ծանրակշիռ ողբերգությունը:

Երկու ֆիլմերի շուրջ ստեղծված բանավեճի նմանությունները անհավատալի են:

Հարյուր տարի առաջ ստեղծված լիամետրաժ համր ֆիլմը հիմնված էր դեռատի Ավրորա Մարտիկանյանի իրական պատմության վրա եւ խոստանում էր «գրավիչ», բայց միաժամանակ «սարսափելի» տեսարաններՙ պատերազմական կոտորածների: Սիրային պատմությունը հորինված էր: Սցենարը գրել էր Հարվի Գեյթսը (Harvey Gates) Մարտիկանյանի պատմությունը լսելուց հետո: Ֆիլմում տեղ գտած ջարդերի, բռնաբարությունների եւ վայրագությունների (ներառյալ խաչելության) տեսարանները ողջունվում էին մարդու իրավունքների պաշտպանների կողմից, որպես ճշմարտությանը համապատասխանող փաստեր եւ ոչ թե որպես «էժանագին սենսացիա» առաջացնող ավելորդաբանություններ: Մարդասիրական կազմակերպություններն այդ ֆիլմն օգտագործեցին որպես «դրամահավաքի միջոց», իսկ Մեծ Բրիտանիայում Ազգերի լիգան հովանավորեց դրա էկրան բարձրանալըՙ որպես իր հակապատերազմական ծրագրերի բաղկացուցիչ մասնիկը:

Չնայած ընդամենը մի փոքր հատված է ներկայիս մնացել 2.700 մետր ձգվող լիամետրաժ այդ ֆիլմից, նրա շուրջ ծավալված բանավեճը շատ լավ վավերագրված է: Ֆիլմի առաջին ցուցադրումները ինչպես Մ. Նահանգներում, այնպես էլ Բրիտանիայում, եղել են հրավիրատոմսերով միայն, հովանավորված մարդասերների եւ որոշակի նպատակասլաց քաղաքագետների կողմից: Դաշնակիցները հաղթանակած էին դուրս եկել պատերազմից եւ օսմանյան հանցագործների դատավարությունը Թուրքիայում ուր որ է սկսվելու էր Բրիտանիայի ճնշումների ներքո: Մարդիկ հավատացած էին, որ ֆիլմում կոտորածների ճշգրիտ պատկերները կնպաստեն պատժելու հանցագործներին:

Մինչ Ամերիկայում մարդասերներն ու ճանաչված քաղաքագետները հավաքվեցին Նյու Յորքի «Պլազա» կինոթատրոնում 1919-ին, առանձին, փակ դիտումի, Լոնդոնի Սոհոյում հավաքվեցին նման մի խումբ հանդիսատեսներ: Կինոքննադատները մեծապես ողջունեցին ֆիլմը «հրաշալիորեն ներկայացնելու համար մի մեծ ողբերգություն», որոշ օրենսդիրներ սակայն նյարդայնացած կերպով դեմ արտահայտվեցին դրա ցուցադրմանը լայն զանգվածներին: Ֆիլմն առաջինը արգելվեց Պենսիլվանիայում եւ դատական հայց հարուցվեց նրա դեմ: Բրիտանիայում կառավարությունը թույլատրեց ցուցադրել ֆիլմի վերամշակված տարբերակը միայն, այն էլ սահմանափակ հանդիսատեսի համար: Որոշներ գտան, որ «անվայել» է ցուցադրել այն, քանի որ կարող էր սրել մահմեդական-քրիստոնյա հակամարտությունը խաղաղության բանակցությունների ընթացքում:

Հակասական վերաբերմունքը գրեթե անհնարին դարձրեց ֆիլմի տարածումը եւ պատճառեց ֆինանսական ահռելի մեծ վնասներ: Ազգային արխիվներում պահպանված տարբերակը շփոթ իրավիճակ կարող է ստեղծել եւ անհասկանալի թվալ շատերին:

Ներկայիս «Խոստումը» ֆիլմի շուրջ ստեղծված իրավիճակը դարձյալ լարվածություն է առաջացրել: Հակառակ Տորոնտոյի կինոփառատոնում ստացած բարձր գնահատականին, ֆիլմը պետք է սպասեր որոշ ժամանակ, որպեսզի ցուցադրվեր երկրի ավելի քան 2.250 կինոթատրոններում: Ժամանակին Քըրքորյանին պատկանող MGM կինոթատրոնում ֆիլմի ցուցադրումը ներկայացված էր որպես «Արեւելյան Եվրոպայում տեղի ունեցող ռոմանտիկ պատմություն», չնայած Օսմանյան կայսրությունը Արեւելյան Եվրոպայի մաս չէր կազմում, եւ ֆիլմն էլ հստակորեն հայերի ցեղասպանության մասին է եւ ոչ թե «ռոմանտիկ մի պատմության»: Այս է պատճառը, որ ընկերներիցս շատերն են ինձ հարցնում, թե ինչի՞ մասին է իրականում այդ ֆիլմը, եւ արժե՞ արդյոք այն դիտել:

Հակառակ այս բոլորին, ֆիլմը շարունակում է ցուցադրվել: Լոնդոնում այն դարձյալ Սոհոյում է ներկայացվել, համարյա այն վայրում, որտեղ մոտ հարյուր տարի առաջ ցուցադրվել էր «Լլկված Հայաստանը»: Ներկա էին ճանաչված անհատականություններ: Նրանց թվում նաեւ Ջորջ եւ Ամալի Քլունիները: Վերջերս «Twitter-ում» հայտնվեց «Խոստումը պահելու» պահանջ-խնդրագիր, որին արձագանքեցին Բարբրա Ստրեյզանդի, Անդրե Աղասիի եւ Քիմ Քարտաշյանի նման հռչակավոր աստղեր: Հակառակ այս բոլորին, ֆիլմը քննադատվեց որոշ կինոհանդեսների կողմից:

Ինչպես «Խոստումի», այնպես էլ «Լլկված Հայաստանի» նկարահանող խումբը հույսը դրել էր ճանաչված մտավորականության եւ դերասանների վրա: Ուիլյամ Սելիգն էր այդ ժամանակ գնել «Ravished Armenia-ի» պրոդյուսերական իրավունքը, եւ որպես ռեժիսոր աշխատանքի էր հրավիրել Օսկար Ապֆելին: Չնայած հակառակորդներն այնքան արագ չէին կարողացել արձագանքել որքան հիմա, այնուամենայնիվ նրանք լուռ չէին մնացել: Բրիտանական Ֆորին օֆիսում (արտգործնախարարություն) պահպանվել են նամակներ, որոնք պնդում են, որ ֆիլմը «հակամահմեդական է»: Դրանք հավանաբար նպաստեցին, որ այդ ֆիլմը լայն տարածում չգտնի Բրիտանիայում:

Ֆիլմերը միշտ էլ եղել են բարեփոխելու միջոցներ, մարդկանց կարեւոր իրադարձությունների մասին տեղեկացնելու գործիքներ: Պատմական կոնտեքստը, սակայն, շատ կարեւոր է: Առանց դրա կինոնկարը կկորցնի իր ազդեցությունը: Ավրորա Մարտիկանյանի պատմությունը չհասավ զանգվածներին, որպես «մարդկության դեմ գործված հանցագործություն»:

«Խոստումը» ֆիլմը միեւնույն մարտահրավերի առաջ է կանգնած: Բայց այն շատ ավելի հաջողված ֆիլմ է, պատմական ողբերգություն եւ զգուշացնող պատմություն: Մանրամասն իրազեկում է, թե ինչ տեղի է ունեցել 1915-ին եւ ինչ հետեւանքներ կարող է ունենալ նման վայրագությունը, եթե ժամանակին չարագործի ձեռքը չբռնվի:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 28-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.