AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 117. ԵՐԵԿ ԵՐԵԿՈՅԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 121. ՁԵՌՆՈՑ ԴՆԵ՞Լ, ԹԵ՞ ՀԱԳՆԵԼ

«Արմեն-Ակոբ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Զարմանահրաշ հայերեն» հաղորդաշարի հաղորդումներից մեկում ես ասացի, որ ճիշտը «ձեռնոց դնել» ասելն է: Եվ որպես փաստարկ մեջբերեցի «Ձեռնոց դնող կատուն մուկ չի բռնի» առածը: Մի տիկին, իրեն համարելով շատ գիտակ, համարելով, որ ինքը անգիր գիտի հայերեն բոլոր առածները, զանգահարեց եւ բավականին կոպիտ վիրավորանքներ հասցրեց նվաստիս, ասելով նաեւ, որ Ա. Ղանալանյանի«Առածանի»-ում այդպիսի առած չկա: Տիկնոջը ասենք, որ «Առածանիում» շատ ուրիշ առածներ էլ կան. օրինակՙ «Օձի սատկելը որ գա, կգնա ճամփի մեջտեղը կպառկի», «Լսել է, որ Բաղդադ խուրմա կա, չգիտիՙ ինչպես են ուտում», «Սուտ ասողի երեսն ի սեւ, հոգինՙ ի դեւ», «Ինքը չկա թիզ ու կես, արարմունքըՙ գազ ու կես», «Մի սել սիսեռ ունենա, Աստծուն Ասատուր կասի» : Մասնավորապես կա նաեւ այդ նշածս առածը: Սա առիթ հանդիսացավ հետեւյալ զրույցին, որն էլ ներկայացնում եմ ձեզ:

Ո՞ր արտահայտությունն է ճիշտՙ ձեռնոց դնե՞լ , թե՞ ձեռնոց հագնել : Պարզաբանենք հարցը: Ընդհանրապես, հագնել բառը առաջացել է գրաբարյան ագանիմ բառից (արմատն է ագ ), որն ունեցել է մի քանի նշանակություն.

«1. ագուցանել - հագցնել, օղակի մեջ անցկացնել,

2. ագոյցք - օղակ, օղակի մեջ անցկացնելով բառնալու ձող,

3. ագանելիք - զգեստ, հագուստ»:

Նշենք, որ նույն ագ արմատից է նաեւ առագաստ բառըՙ առ եւ աստ ածանցներով կազմված:

Ըստ ժամանակակից բառարաններիՙ հագնել առաջին հերթին նշանակում է «զգեստը մարմնի վրա զգենալ»: Իսկ դնել բառի համար ունենք մեզ համար հետաքրքրական հետեւյալ նշանակությունըՙ «մարմնի որեւէ մասին ագուցանել, հագցնել». օրինակՙ «գլխին գլխարկ դնել, մատին մատանի դնել» եւ այլն:

Պարզելու համարՙ ձեռնոց դնել պետք է ասենք, թե ձեռնոց հագնել , դիտարկենք մի այսպիսի նախադասություն. «Դու ձմռանը ձեռնոց դնու՞մ ես»: Ոչ մեկը չի հարցնիՙ «Դու ձմռանը ձեռնոց հագնո՞ւմ ես». խորթ է: Իսկ ընդհանրապես, տրամաբանորեն սխալ չէ ձեռնոցները ձեռքերին հագցնել արտահայտությունը, ինչպեսՙ մատանին մատին հագցնել : Բայց ճիշտ են գլխարկը գլխին դնել, մատանին մատին դնել, ձեռնոցները դնել արտահայտությունները:

Մի վերջին եւ շատ վճռական փաստարկ հօգուտ ձեռնոց դնելու : Ինչպես արդեն նշեցի, Արամ Ղանալանյանի «Առածանի» գրքում կա այս հիանալի առածը. «Ձեռնոց դնող կատուն մուկ չի բռնի» : Սա արդեն ժողովրդական ընդհանրական մտածողության արտահայտություն է, որն, ըստ իս, անվիճելի է: Ոչ ոք չէր ասի. «Ձեռնոց հագնող կատուն մուկ չի բռնի» : Այնպես որՙ ձեռնոց դնենք, իսկ շապիկՙ հագնենք, այնպես որ, «Հորթը որ կովի առաջն ընկնիՙ գելը կուտի»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.