AZG Daily #11, 24-03-2017

Մեկնարկում է FLEX դպրոցականների ծրագիրը

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 2. ՄԻ ԲԱՌԸ ՄԻ ԱՇԽԱՐՀ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 103. ՄԱԶԱՊՈՒՐԾ

Բոլորս գիտենք, որ մազապուրծ նշանակում է «հազիվ-հազ պրծած, մի կերպ փորձանքից, աղետից պրծած, ազատված»: Իսկ ինչպե՞ս է առաջացել այս բառը, ի՞նչ արմատներից է կազմված: Առաջին հայացքից թվում է, թե կազմված է մազ եւ պրծնել բառերից: Բայց կա մազապուրծ բառի ավելի հին եւ ընտիրՙ մազապուր , ձեւը: Այստեղ արդեն երկրորդ արմատիՙ ապուր -ի հարցը այնքան էլ պարզ չէ: Պարզվում է, որ ապուրապրել բառի արմատն է եւ նշանակում է «կերակուր կյանքի, ապրելու համար»: Իսկ ապրել , որքան էլ այսօր զարմանալի թվա, նշանակել է «ճողոպրել, ազատվել, փրկվել, ողջ մնալ»: Այսօր ապրել նշանակում է «կյանք ունենալ, կենդանի լինել, կյանք վարել, լինել, գոյություն ունենալ»: Այսինքնՙ ապրել սկզբնապես նշանակել է «գոյության համար ուտելիք ունենալ, կերակուր ձեռք բերելով փրկվել, ողջ մնալ»:

Այսինքնՙ մի բան ճարեցիր, կերար, նշանակում էՙ ապրեցիր: Հետագայում է, որ ապրելու մեջ մարդիկ վսեմ գաղափարներ են դրել: Սրանից է ապրանք -ը, որ նշանակել է «ապրուստ, փրկություն, կյանք, կենսակերպ»: Ըստ Աճառյանիՙ ապուր -ից ա-ի անկումով ստացվել է պուր , եւ ծ -ի ավելացումովՙ պուրծ , որիցՙ պրծնել «ճողոպրել, խույս տալ, ազատվել»: Այսինքնՙ ապրել եւ պրծնել բառերը ինչ-որ տեղ նույնացել են: Այսպես կարելի է բացատրել մազապուր եւ մազապուրծ զուգահեռ ձեւերի գոյությունը: Փաստորեն, մազապուր բառը կազմվել է մազ եւ ապուր ( ապրել բառի արմատը) բաղադրիչներից. չիմանալով այդ, կապել են պրծնել բառի հետ եւ դարձրել մազապուրծ :

Իսկ ի՞նչ գործ ունի այստեղ մազ բառը: Ինչպես գիտենք, մազը «թելի նման շատ բարակ, նուրբ եղջերային գոյացություն է»: Մազի շատ բարակ, նուրբ լինելը, գրեթե հաստություն չունենալու հատկանիշը փոխաբերական առումներով գործածվել է ծայրահեղ իրավիճակներ պատկերավոր նկարագրելիս:

Այսպեսՙ մազից կախված լինել դարձվածը նշանակում է «խիստ վտանգավոր, օրհասական վիճակի մեջ գտնվել»: Սա այն դեպքն է, երբ դարձվածային կապակցության բաղադրիչները պահպանում են իրենց իմաստային ինքնուրույնությունը, այսինքնՙ եթե մազից կախված լինելը դիտենք որպես սովորակա նբառակապակցություն (ոչ փոխաբերական իմաստով), ապա իսկապես շատ դժվար է այն մարդու վիճակը, որը անդունդի վրա կախված է ընդամենը մազից: Նույնն է մազի չափ դարձվածի դեպքում, որը նշանակում է «շատ քիչ, աննշան, չնչին չափով», եւ նույնիսկՙ «բոլորովին, բնավ, մազաչափ չեմ կասկածում»: Մազ մնալ ՙ «քիչ էր մնում, քիչ բան էր պակասում». օրինակՙ « Մազ էր մնացել, որ դանակը դիպչեր զինվորի սրտին »:

Հնարավոր է, որ այս դարձվածները գալիս են ժողովրդական շատ հին հավատալիքներից: Այսպեսՙ մազե կամուրջ նշանակում է «վտանգավոր փորձություն, դժվարանցանելի տեղ, դժվար հաղթահարելի խոչընդոտ»: Մազե կամուրջը մազի նման բարակ այն կամուրջն է, որով վերջին դատաստանի օրը հոգիները պետք է անցնեն: Արդար հոգիները հեշտորեն կանցնեն այդ կամրջով եւ կգնան արքայություն, իսկ մեղավոր հոգիները ցած կընկնեն դժոխք: Այնպես որ, մազից պրծնել դարձվածը կարող է ծագած լինել նաեւ մազե կամրջից պրծնել արտահայտությունից, քանի որ մազից պրծնել նշանակում է «մեծ վտանգից հազիվհազ ազատվել, մազապուրծ լինել»:

Ինչպես տեսնում ենք, մազապուր եւ մազապուրծ բառերը նույն բանն են նշանակում, կարեւորը մազե կամրջից անցնելն է , այսինքնՙ արդար հոգի լինելը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.