AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 34. ՄԱՅՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 99. ՄԵԿ

Մեկը բոլոր բնական թվերից առաջինն է, ցույց է տալիս «մեկ քանակությունը»: Արդյո՞ք անհիշելի ժամանակներում առաջին հայ մարդը, որ հասկացավ, թե ինչ է մեկը, ասացՙ մեկ , թե՞ ուրիշ մի բառ ասաց, որը հետագայում դարձավ մեկ : Պարզվում էՙ ամենաառաջին թվականը մեկ -ը չէր, այլ մի -ն: Մի նշանակել է եւ նշանակում է «մեկ»: Բայց լայն զարգացում է ստացել եւ այսօր նշանակում է «համանման, միատեսակ, միաբանված, այնպիսի»: Անորոշ դերանուն է, հոդ, գործածվում է նաեւ բայի ժխտական ձեւերի հետՙ ոչ մի (չշփոթել մի՛ արգելական բառի հետ, որը կազմում է բայի հրամայական ձեւերըՙ մի՛ գնա, մի՛ մնա եւ այլն):

Ներկայանում է տարբեր ձեւերով. մի , որիցՙ միաբան, միամիտ, միագույն եւ այլն: Հետաքրքիր է, որ միանալ սկզբնապես նշանակել է «սրտում տպավորվել», հետագայում արդենՙ «մեկ դառնալ, իրար հետ ձուլվել», փոխաբերական առումովՙ «համաձայնել, ամուսնական կապի մեջ մտնել»: Այսինքնՙ այսօրվա իմաստով միանալու համար անհրաժեշտ է միանալ նախնական իմաստովՙ սրտում տպավորվել: Ինչքա՜ն իմաստուն են մեր բառերը:

Հաջորդ ձեւն է մե , որը այն բարդությունների սկզբում է, որոնք բաղաձայնով են սկսվում: Առաջացել է հին միա ձեւից: Գիտենք, որ ի ձայնավորը, միանալով ա -ի հետ, տալիս է ե ( այգի + ա + կութ = այգեկութ, գարի + ա + հաց = գարեհաց ): Այսպես է կազմված, օրինակ, մեր մեկուսի բառը: Սկզբնապես եղել է մի + ա + կուսիՙ մի եւ կույս (կողմ) բառերից, այսինքնՙ «մի կողմ քաշված, առանձնացած»:

Բոլորիս հայտնի է մեկնաբանել «պարզաբանել, բացատրել, ծանուցանել» բառը: Արդյոք նա կապ ունի՞ մի (մեկ) բառի հետ: Պարզվում էՙ այո՛: Ունեցել ենք մեկին բառըՙ «մեկ, միակ, պարզ, հայտնի» նշանակություններով, որից էլ մեկնելՙ «բաժանել, ջոկել, պարզաբանել, բացատրել», այսինքնՙ մեկ-մեկ դնել, զատ-զատ դնել, ջոկ-ջոկ դնել: Մեկնել -ը ունի նաեւ «տարածել, սփռել» իմաստները, որից էլ, ամենայն հավանականությամբ, այսօրվա իմաստըՙ «մի տեղից դուրս գալ, դիմել դեպի մի տեղ, գնալ, անցնել»: Մեկը ամենափոքր միավորն էր, ամենապարզը, ամենահասկանալին. եթե մեկ-մեկ բաժանվում էին առարկաները, ամեն ինչ պարզ էր դառնում, հայտնի էր դառնում: Այստեղից էլ, փոխաբերական իմաստով, այսօրվա մեկնաբանել, մեկնել բառը: Ի տարբերություն երկու -ի, որը կասկածանքի մեջ էր գցում մարդուն. երկուանք ՙ «կասկածանք»: Մեկ -ի դեպքում ամեն ինչ պարզ է, երկուս -ի դեպքում արդեն պիտի ընտրես, իսկ որտեղ ընտրությունՙ այնտեղ կասկածանք: Մյուս ձեւն է միակ ՙ կազմված մի բառից ակ մասնիկով: Հենց այս միակ բառից է, որ սղմամբ ստացվել է մեր այսօրվա մեկ բառը: Ու՞մ մտքով կանցներ, որ մեկ բառը ածանցավոր է:

Մի բառի ձեւերից է նաեւ մեն -ը, որը գործածվում է բառերի սկզբում ( մենամարտ, մենաստան, մենություն եւ այլն): Սա առաջացել է միայն ձեւիցՙ միայն - մեյն - մեն - մէն , այսինքնՙ մենամարտ բառի սկզբնաձեւն է միայնամարտ :

Շատ զարմանալի կազմություն ունի մյուս բառը (այսօրվա ուղղագրությամբՙ բավականին աղավաղված), որը դասական ուղղագրությամբ պահպանել է իր ճշգրիտ ձեւըՙ միւս : Սա մի եւ եւս բառերի միավորումն է, այսինքնՙ եւս մի : Ժամանակի ընթացքում եւ -ը դարձել է ուՙ միուս , այնուհետեւՙ միւս :

Բարբառներում ունենք մէշու, մէշոլ բառերըՙ «մի քիչ» նշանակությամբ: Զարմանալի է, որ սրանք մեկ փշուր բառակապակցությունից են առաջացելՙ մեփշու - մէշու : Այդպիսի համառոտումներ հիմա էլ կան, հիշենք որովհետեւ բառը. մարդկանց մեծ մասն արտասանում է որտեւ ՙ կրճատելով չորս տառ, հետաքրքիր բառն արտասանում են հետարքիր ՙ մեկ տառ կրճատում են:

Մի խոսքով, մեն մի հատիկ բառ եւ այսքան գաղտնիքներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.