AZG Daily #19, 19-05-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 120. «ԻՆՖՈՐՄԱՑԻԱ» ՏԵՐՄԻՆԻ ԵՎ ՆՈՒՅՆ ԱՐՄԱՏՈՎ ԱՅԼ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 85. ԽԱՆԴՈՏ ԱՄՈՒՍԻՆԸ ՎԵՐՑՐԵՑ ՄԻ ԽԱՆՁՈՂ, ԾԽԱԽՈՏ ՎԱՌԵՑ ԵՎ ՆԱԽԱՆՁՈՎ ՆԱՅԵՑ ԿՐԱԿԻ ՇՈՒՐՋԸ ԽԱՆԴԱՂԱՏԱՆՔՈՎ ԻՐԱՐ ԳԳՎՈՂ ԶՈՒՅԳԻՆ

Վերնագրում գործածված են խանդ, խանձող, նախանձ, խանդաղատանք բառերը:

Ահա բառերի մի շարան եւս, որոնք հեռավոր անցյալում նույն արմատից են առաջացել, իսկ հետագայում ինքնուրույն կյանք են ստացել եւ հեռացել իրարից։ Եկեք տեսնենք, թե դա ինչպես է եղել։

Այս բառերն առաջացել են խանդ բառարմատից, որ նշանակում է «սրտի ուժգին բերմունքՙ սիրով, գութով եւ այլ կրքերով լեցուն»։ Խանդ բառի սկզբնական նշանակությունը ինչպես հայերենում, այնպես էլ այլ լեզուներում եղել է «վառել, բորբոքել, փայլել, լուսավորել, սպիտակ պայծառությամբ ցոլալ»։ Օրինակ ,լատիներեն կանդելա «ջահ» (որից էլ, ի դեպ, հայերեն կանթեղ ), կանդիդուս «սպիտակ, պայծառ, մաքուր» բառերից հետագայում առաջացել է կանդիդատուս «սպիտակ հագած, թեկնածու», кандидат (որոնք այդպես են կոչվել սպիտակ հագնելու պատճառով)։ Այսօրվա մեր թեկնածուներըՙ (գիտության, նախագահի, փեսայի եւ հարսի) բացի վերջինից, սպիտակ չեն հագնում, իսկ պայծառն ու մաքուրն էլ նրանց խղճի գործն է։

Խանդ -ից աղ մասնիկի հավելումով առաջացել է խանդաղյալ «նեղյալ, կարոտյալ»։ Սրան ավելացել է ատ մասնիկը եւ ստացվել են խանդաղատանք «գորով», խանդաղատել ՙ «սիրտը գորովել» եւ այլն։

Խանդ արմատի զուգորդն է խանձ -ըՙ «այրված բանի հոտ»: Համեմատենքՙ փոխինդ-փոխինձ, գինդ-գինձ եւ այլն: Խանձ -ից ունենք խանձել ՙ «այրել», արյունախանձ, հրախանձ, գիշախանձ, նախանձ բառերը (զուր չեն ասում, որ նախանձը ներքին այրման շարժիչ է)։ Հին մեկնիչներից ոմանք նախանձ -ը դիտում են որպես նա մասնիկով խանձ . այսինքնՙ ներքին այրման շարժիչի ժամանակակից երգիծական մեկնությունը գուցեեւ իրական հիմք ունի։

Խանձ -ից են նաեւ խանձող ՙ «կիսայրված փայտ, հրաբխի լավա», խանձրահոտ բառերը։ (Հիշենքՙ «Անալի էր, խանձրահոտն էլ վրա տվեց»։) Հետաքրքրական բառ է խանձուրը այրված շոր, մազ, փետուրՙ վերքի վրա դնելու համար: Հայաստանում սովորություն կար նորածին երեխային քնեցնել խանձած հողով լի օրորոցի մեջ: Գուցե այստեղի՞ց է խանձարուր բառը, որ նշանակում է կրծքի երեխային փաթաթելու սավան: Այսպիսով պարզվեց սկզբում նշված բառերի արյունակցական կապը, նրանց հարազատությունը։ Վերջում նշենք, որ նրանք ինչպես իրար են հարազատ, այնպես էլ մեզ։ Եվ, չնայած որ խանդաղատանքն ու նախանձը նույն արմատից են ծագում, այնուամենայնիվ, խանդաղատանքով նայենք միմյանց եւ ոչ նախանձով եւ խանդավառվենք միմյանց հաջողություններով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.