AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 35. ՏԵԳԵՐԿԻՆՆ ԱՍՈՒՄ Էՙ ՆԵՐԻ՛Ր, ՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 76. ԽՐԱԽՃԱՆՔ, ԽՐԱԽՃԱՆԱԿԱՆ

Բոլորս գիտենք, թե ինչ է նշանակում խրախճանք ՙ «կերուխում», «խմբական ճաշկերույթ», «խնջույք»: Խրախճանական բառը, թերեւս, ոչ բոլորը գիտեն: Որպես ածականՙ նշանակում է «խրախճանքին հատուկ, խրախճանքի բնույթ կրող»: Եվ միայն այս իմաստով է ընդգրկված «Արդի հայերենի բացատրական բառարանում»: Այնինչ խրախճանական -ը ունի նաեւ «խրախճանքի ժամանակ առաջարկվող թվաբանական հետաքրքրաշարժ խնդիր» իմաստը: Դրանք լուծվում են բանավոր, տրամաբանորեն, կռահելով:

Պահպանվել են Ան. Շիրակացու (VII դ.), Նիկողայոս Արտավազդի (XIV դ.), Կոստանդին Ջուղայեցու (XVI դ.) եւ այլ հեղինակների աշխատություններում: Այժմ էլ ստեղծվում են նոր խրախճանականներ, որոնց բովանդակությունն արտացոլում է մարդկային գիտելիքների արդի մակարդակը:

Ձեզ եմ ներկայացնում իմ հորինած չափածո երկու խրախճանական:

Ծտերի դպրոցը

նչքա՜ն, ինչքա՜ն թռչուններ

Հավաքվել են լարերին.

Ի՞նչ է, բան ու գործ չունե՞ն,

Չե՞ն կարոտել սարերին:

Եկեք լսենք մենք նրանցՙ

Կարծես վեճ է գիտական,

Ծլվլում են շատ սրտանց,

Հարցեր տալիս ծիտական:

- Ինչու՞, ինչի՞ց կամ ինչպե՞ս,

Մենք նստում ենք շատ հանգիստ

Հոսանքակիր լարերին,

Իսկ խեղճ մարդիկ, արի տես,

Ձեռքը լարին դեռ չհպած,

Անշնչացած ընկնում են ցած:

- Բայց մեզ հետ էլ եղան դեպքեր,

Երբ լարերից այս մահաբեր

Անփորձները ընկան ներքեւ, -

Պատասխանեց թռչունը ծեր:

Դեռ չգիտե պատճառը,

Անգամ գիտուն ագռավը:

Եվ դեռ երկար ծլվլալով

Հառաչում են ու վիճում,

Բայց ոչ մեկը իր ծով խելքով

Մյուսներին չի զիջում:

- Երեխանե՛ր, ի՞նչ եք ասում.

Ծիտիկները ձեր սիրասուն

Պատասխանի են սպասում:

(Թռչնի մարմնի դիմադրությունն ավելի մեծ է, քան նրա ոտքերի միջեւ գտնվող փոքրիկ լարահատվածինը: Նաեւ հողակցում չկա:)

Քանի՞ կիրակի է

այկը ասաց Ծովինարին.

- Քանի կիրակի

Ունի յոթ տարին:

Ծովինարըՙ դեռ պստիկ,

Բայց դե արդեն շատ ճստիկ,

Արագ գտավ պատասխանը:

Շատ զարմացավ

Նրանց լսող Հայաստանը:

Այժմ արագ մտածի՛ր,

Դու էլ գիտես պատասխանը:

(Ինչպես ամեն յոթերորդ օրը կիրակի է, այնպես էլ յոթ տարվա մեջ մեկ տարին կիրակի է:)

Այժմ տեսնենք, թե ինչպես է առաջացել խրախճանք բառը, ինչ է նշանակել, ինչ արմատից է կազմված:

Կազմված է խրախ արմատից, որ նշանակում է «ուրախ»: Խրախը ուրախի սաստկական ձեւն է: Նախ ուրախ բառի վրա ավելացել է հ եւ ստացվել է հուրախ : Հայերենում հ նախաձայնը խ վերջաձայնի ազդեցությամբ միշտ դառնում է խ եւ հուրախ -ը դարձել է խուրախ : Ու հնչյունի սղմամբ էլ ստացվել է խրախ : Իսկ ուրախ բառի համար ճշգրիտ ստուգաբանություն չի տալիս Հ. Աճառյանը: Կան զանազան մեկնություններ, որոնցից մեկը զվարճալի է: Այդ «ստուգաբանողի» մասին Աճառյանը իր «Արմատականի» առաջաբանում գրում է. «...լեզվաբանության տարրական կանոններին անգիտակ, արտադրել են անհամ ձաբռտուքներ: Այս կարգին է պատկանում Հյունքեարպէյէնտյանըՙ իր հռչակավոր ստուգաբանական բառարանով, որն այլանդակության գլուխգործոց է»:

Բայց, փափագելով լիակատար տեսնել իր բառարանը, Աճառյանը ամեն անգամ տալիս է տվյալ բառի վերաբերյալ մինչեւ ինքը եղած բոլոր ստուգաբանությունները, նույնիսկ վերը նշվածինը:

Օրինակ, ուրախ բառի համար Հյունքեարպէյէնտյանը գրել է, որ առաջացել է արաբերեն արաղ կամ թուրքերեն րախը (օղի) բառից: Այսինքնՙ օղի ես խմում եւ ուրախանում ես:

Ինչպես տեսնում ենք, ոչ մի բան հենց այնպես չի կորչում. մեջբերելով այս ստուգաբանությունըՙ մենք հընթացս պարզեցինք, որ չարժե հայերեն օղի բառի փոխարեն գործածել ոչ արաբերեն արաղը , ոչ էլ թուրքերեն րախին :

Վերջում մի խրախճանական զրույց ընթերցողների համար.

«Երկուսը մոտեցան գետին: Գետափին կար մեկ նավակ, որով կարող էր անցնել միայն մեկ մարդ: Սակայն երկուսն էլ անցան գետը եւ շարունակեցին իրենց ճանապարհը: Ինչպե՞ս»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.