AZG Daily #20, 26-05-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 54. ԽԱՐՈՒՅԿԻ ՎՐԱ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ԽԱՇ, ԽՈՐՈՎԱԾ, ԽԱՇՄԻՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 75. ԳԼՈՐԵՆՔ ԴՈՒՐՍ

Լեզվում կան շատ առօրեական, սովորական բառեր, որոնց ծագումը շատ հետաքրքրական է ու զարմանալի: Բառի ծագումը, ստուգաբանությունը սոսկ լեզվաբանական հետաքրքրություն չեն ներկայացնում: Իմանալով բառերի կենսագրությունըՙ իմանում ես, թե ինչպես են մտածել քո նախնիները, պատկերավոր մտածողության ինչ արդյունք է այս կամ այն բառը: Այդ ամենի մեջ խորհրդավոր եւ սիրելի մի բան կա: Այս զրույցների նպատակն է այդ ամենին մեր պատանիներին ու երիտասարդներին ինչ-որ չափով հաղորդակից դարձնելը: Չէ՞ որ սիրում ես միայն ճանաչածդ, իմացածդ:

Կխոսենք հայերեն գլորել եւ դուրս բառերի մասին: Բոլորը գիտեն, որ գլորել նշանակում է «որեւէ առարկա իր առանցքի շուրջը պտտեցնելով տեղից շարժել, շրջել, թավալել, հոլել, ինչպես նաեւՙ գցել, տապալել, գահավիժել» եւ այլն: Ի՞նչ զարմանալի բան կա այստեղ:

Դրա համար տեսնենք, թե ինչն է իր առանցքի շուրջը պտտվելով գահավիժել, ցած ընկել, որ մեր նախնիները, հազարավոր տարիներ առաջ, ասել ենՙ գլորվեց :

Պարզվում է, որ գլորվել բառի արմատն է գիլ -ը, որ նշանակել է, պարզապես, «քար»: Քարն է, որ գլորվել է լեռներից, դարձել է անիվ, երկանք, ջրաղացքար, եւ ծնել է գլորվել բառը: Բնական է, որ գլորվելու գաղափարը քարով արտահայտելը հարթավայրային ժողովրդի բանը չէ. միայն լեռան լանջից գլորվող քարը կարող է այդպիսի մտածողություն ծնել: Քարն է, որին, ոտքը դիպցնելով, մարդ գայթել է, գայթակղվել: Այս բառում գայթ -ը «սայթաքելն» է, իսկ կղել -ը կամ գղել -ը նույն գիլ կամ գիղ «քար» բառն է: Այսինքնՙ գայթակղվել նշանակել է «ոտքը քարին դիպչել, ընկնել»: Հետագայում ստացել է փոխաբերական իմաստՙ «հրապուրվելով մոլորվել, մեղքի մեջ ընկնել»: Քարից մինչեւ մեղք մի քանի գլոր է: Գիլ արմատից են մեր գլան -ը, գլոր -ը, ինչպես նաեւ կլոր -ը:

Մյուսը դուրս բառն է, որ նշանակում է «որեւէ բանի սահմաններից այն կողմ գտնվող տարածքը»: Ի՞նչ է նշանակել դուրս : Պարզվում է, որ սա մեր դուռ բառ իհոգնակիի ( դուրք ) հայցական հոլովն է: Ոչ ավել, ոչ պակաս: Այսինքնՙ դռնից դուրս եղած տարածքն անվանել են դուրս : Դռնից դուրս արտահայտության երկու բառն էլ նույնն են:

Ահա թե ինչքա՜ն հետաքրքիր է լեզուն, մեր լեզուն: Հայերենն ինչքա՜ն գաղտնիքներ ու խորհուրդներ ունի պահած իր մեջ: Կանչիր, եւ նա կարձագանքի, սիրիր եւ սիրված կլինես, ճանաչիր հայերենը եւ կճանաչես քեզ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.