AZG Daily #15, 21-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 97. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 47. ԲՈՒՐԴ, ԱՍՐ, ԳԵՂՄ, ԿԻԶ

Դեռեւս վաղնջական ժամանակներից հայերս զբաղվել ենք խաշնարածությամբ, ոչխարաբուծությամբ: Եվ բնական է, որ ոչխարի տված բարիքների մասին բազմաթիվ բառեր պետք է ունենայինք: Մասնավորաբար, բարիքներից մեկիՙ ոչխարի մազի համար ունենք չորս անվանումՙ բուրդ, ասր, գեղմ, կիզ : Այս բառերը հոմանիշներ են:

Բուրդ բառը բնիկ հայերեն բառ է: Կազմվել է բրդել «կտրել» բայից:

Բրդել նշանակում է «ջարդել, պատառ-պատառ կտրատել, մաս-մաս լինել, կտոր-կտոր լինել»: Փոխաբերական իմաստով նշանակում է «բարկությունը գրգռել, սաստիկ զայրացնել, բարկությունից պատռվել»:

Այս բառից են բրդոն «հացի պատառ», բրդուճ «պատառ, լավաշով փաթաթված ուտելիք», բրդոշ «մեջը հաց բրդած մածուն» բառերը:

Վրացիները մեզնից վերցրել են բուրդ բառըՙ բուրդո, բուրդի «հարդ, կալի մնացորդ» նշանակությամբ:

Այս բառերըՙ բրդոն, բրդուճ, բրդոշ , մի տեսակ լայն գործածություն չունեն, չնայած բնիկ հայերեն բառեր են:

Այժմ անդրադառնանք ասր բառին:

Ասր -ը եւս բնիկ հայերեն բառ է: Նշանակում է «բուրդ», ինչպես նաեւ «ասրից պատրաստած կտոր, զգեստ»: Հին եւ ընտիր բառ է ասվե բառը, որ նշանակում է «ասրից, բրդից պատրաստած»:

Նույն նշանակությամբ մյուս բառըՙ գեղմ -ը, եւս բնիկ հայերեն բառ է: Դարձյալ գալիս է նախնական «գիշատել, պատառոտել, կտրատել, խուզել» իմաստից:

Ինչպես տեսնում ենք, հայերը նույն բանը նշանակող երեք տարբեր բառեր են ունեցել, եւ երեքն էլՙ բնիկ: Սա շատ հետաքրքիր եւ եզակի իրողություն է:

Ինչպես ասացինք, ունեցել ենք նաեւ կիզ(ն) բառըՙ դարձյալ «բուրդ, ասր, գեղմ» նշանակությամբ: Սակայն այս բառի ստուգաբանությունն անհայտ է:

Հիմա ամենագործածականը բուրդ -ն է, բայց մյուս երկուսն էլ հավասար իրավունքներ ունեն:

Բոլորս գիտենք, թե ինչ է նշանակում բուրդը գզել դարձվածըՙ «մեկին խիստ քննադատել, վնասել, լավ ծեծել»: Այս դարձվածի մի բառիՙ բուրդ -ի մասին արդեն իմացանք: Իսկ ի՞նչ ծագում ունի գզել բառը: Պարզվում է, որ այն նույնպես նշանակում է «պատառոտել, ծվատել, մարմինը պատառ-պատառ անել, ճանկերով քերթել, կտրատել»:

Այսինքնՙ Աստված չանի, որ մեկի բուրդը գզեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.