AZG Daily #11, 24-03-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 92. «ԽՆԴՈՒԿ» ԵՎ «ԽՆԴՄՆԴՈՒԿ» ԲԱՌԵՐԻ ՄԱՍԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 44. ԳՈՐՏԸ, ՄՐՋՅՈՒՆԸ ԵՎ ՕՁԸ

Ի՞նչ կապ կա այս բառերի միջեւ: Սրանք բոլորն էլ բնիկ հայերեն բառեր են: Կենդանիների այս երեք անուններն էլ արգելվել են դարերի ընթացքում: Զարմանալին այն է, որ այս երեք կենդանիների անուններով էլ հայերենում կան մաշկային հիվանդություններՙ գորտնուկ, օձիկ, մրջմնոց (մրջմուկ) :

Գորտ բառը հնդեվրոպական գրեթե բոլոր լեզուներում արգելված է եղել, որովհետեւ նրան վերագրվել են հմայական հատկություններ: Ինչպես արջ կենդանու անունը, որն ամենահին ժամանակներից սկսած արգելված է եղել. դրա պատճառով է, որ սլավոնական, բալթյան եւ գոթական ճյուղերը իսպառ ջնջել են նախալեզվի բառըՙ հնարելով նրա փոխարեն նոր անվանումներ. ինչպեսՙ մեղր ուտող (ռուսերենՙ մեդվեդ ), թուխ (գերմաներենՙ բեյր ) եւ այլն: Նման անվանումներ կան նաեւ հայերենումՙ քեռի, լեռան ծաղկակոխ, տանձակեր, ծուռթաթ եւ այլն:

Հայերենից գորտ բառը փոխառել են մինգրելերենը, թուշերենը, վրացերենը:

Հետաքրքիր են հայերենի բարբառներում գորտի անվանումներըՙ կոռտ, գէօրդ, գուրդ, կույդ, գորթընուկ, կէրթնուկ, գօյդօնօգ, քունթռուկ եւ այլն:

Ըստ հավատալիքների, գորտ կենդանուց մարդուն անցնում է գորտնուկ հիվանդությունըՙ մաշկի վրա բուսած ոսպաձեւ փոքրիկ միս, կոծիծ, մորվաբիծ: Բայց որտեղ հիվանդությունը, այնտեղ էլՙ բուժումը:

Նորալուսինը համարվում է ողջաբեր: Որպես Լուսո աստվածություն, նա բուժում է, օրինակ, գորտերիցՙ գիշերվա չարքերից, առաջացած գորտնուկը: «Լուսնի ծննդի» ժամանակ դեմքը դարձնում են նրա կողմը, հող վերցնում, դնում գորտնուկի վրա եւ աղոթում.

Նո՛ր, նո՛ր, նո՛ր թագավոր,

Ես ալեւոր, դու թագավոր.

Էն աշխարհքից ի՞նչ լուր ես բերել:

Նո՛ր, նո՛ր, տե՛ս զիս,

Կե՛ր գորտնուկին, չուտե՛ս զիս:

Մյուս բառըՙ մրջյուն -ը, ինչպես ասացինք, դարձյալ բնիկ հայերեն բառ է: Այդ կենդանին աշխատասիրության խորհրդանիշ է համարվում: Սակայն նրանից է ծագել նաեւ մրջմնոց կամ մրջմուկ մաշկային հիվանդությունը, որի ժամանակ մաշկը թեփոտվում է, բորբոքվում եւ սաստիկ քոր է գալիս: Ըստ Մանուկ Աբեղյանիՙ մրջյունը զրադաշտական կրոնի տեսանկյունից ընդունվել է իբրեւ Ահրիմանի ստեղծած չար արարած, որ մարդկանց վրա մրջմուկ հիվանդություն է բերում:

Մրջյուն բառը եւս բարբառներում բավականին հետաքրքիր ձեւեր է տալիս. մուռչում, մեյչում, մրչէմնը, վրչէմնը, մըրջջըմ, մօռճօմ, մօրմոնջ եւ այլն:

Բայց դե մրջյունն ինչքան պստիկ կենդանի է, այնքան էլ ճստիկ է: Տեսեք, թե նրանով կազմված ինչ բառեր կան. մրջնաթթու, մրջնառյուծ, մրջնասպիրտ, մրջնարջ :

Օձ եւ իժ բառերը, ըստ Հր. Աճառյանի, հնդեվրոպական նախալեզվի նույն արմատից ստացված երկու ճյուղավորումներ են մեր լեզվում: Որոշ լեզուներում փոխանակ բուն օձ ասելու, ասում են սողացող, ցամաքային, կանաչ, գարշելի եւ այլն: Այս ամենը ցույց է տալիս, որ օձ բառը եւս արգելված է եղել, եւ ամեն մի լեզու աշխատել է խուսափել բուն անունից կա՛մ այլափոխելով, կա՛մ նոր անուն հնարելով:

Սա էլ բարբառներում հետաքրքիր ձեւեր ունի. էօց, էօս, ուց, օխծը, աղձ եւ այլն:

Մի զարմանալի նմանություն կա հայերեն օձմանուկ եւ արաբերեն օսման բառերի միջեւ: Օսմանը Օսմանյան ցեղի նախահոր անունն է եւ բուն նշանակությունն է «օձի ձագ»:

Եվ վերջում ասենք, որ օձից օձիքներս չենք կարող ազատել, քանի որ, ըստ որոշ մեկնաբանողների, օձիքը նույն օձ բառից է: Այսինքնՙ ինչպես օձը մեղավոր դարձրեց մեզ Աստծու առաջ, մինչեւ հիմա էլ այդպես մեղքի պես փաթաթված մնացել է մեր օձիքին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.