AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 5. ԶԱՏԻԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 34. ՄԱՅՐ

«Թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ» , - ասել է Ավ. Իսահակյանը: Իսկ մի՞թե միայն մենք ենք մորը մայր ասում: Տեսնենքՙ ինչ գիտենք մայր բառի մասին:

Մայր -ը բնիկ հայերեն բառ է: Հնդեվրոպական նախալեզվի mater ձեւից է: Այս նույն ձեւից են ռուսերեն мать , գերմաներեն Mutter , հին հնդկերեն mater , որից ՙիտալերեն, իսպաներեն madre , ֆրանսերեն mere , անգլերեն mother բառերը եւ այլն: Այս բոլորըՙ «մայր» նշանակությամբ:

Ինչպես տեսնում ենք, բոլոր հնդեվրոպացիները մի մորից են ծնվել, մայրը բոլորի համար էլ մայր է:

Մեր մամ բառի հետ, որը նախապես նշանակել է «մայր, մեծ մայր», համեմատելի են հունարեն մամմա , լատիներեն մամա , ռուսերեն մամա , ֆրանսերեն մաման , պարսկերեն մամ բառերը: Այս բոլորը փաղաքշական ձեւեր ենՙ կազմված մայր բառից: Կա մամա բառի միավանկ ձեւըՙ մա : Հիշենք Մա դիցամորը: Մամա բառը կա նաեւ ոչ հնդեվրոպական լեզուներում. ֆիննական լեզուներումՙ մամ , թուրքերենՙ մամա , նույնիսկ չինարենՙ մա-մա :

Հետաքրքիր է, որ աշխարհի բոլոր երեխաների առաջին բառերից մեկը մա (մամա) բառն է: Հնարավոր է, որ դա լինի բնաձայնական բառ:

Մենք ունենք մամա բառը նաեւ ուտել նշանակությամբ: Հիշենք, թե ինչպես փոքրիկին կերակրելիս մայրը ասում է. «Ճաշիկն ո՞վ ուտի, ո՞վ մամա»: Իսկ փոքրիկը պատասխանում է. «Մամա, ես մամամ»: Այսինքնՙ երբ երեխան կուրծք է ուտում, ապա ուտելու գործողությունըՙ մամա եւ «ուտվողը»ՙ մայրը, արտահայտվում են նույն բառովՙ մամա : Այդպես է նաեւ պապա բառի դեպքում. երեխաները հացին փափա են ասում, հաց բերողինՙ պապա: Այսինքնՙ ուտելը («մամա») կապվում էր մոր հետ, իսկ հացը («փափա») հոր հետՙ պապա , որը նույնպես բնաձայնական է:

Մայր բառից է նաեւ մորու բառը, որ նշանակում է «խորթ մայր»: «Մածնի կամ պանրի մակարդ» նշանակող մերան բառը նույնպես մայր բառից է: Կոճակամեր, մերակ բառերըՙ նույնպես: Կարծիք կա, որ մարի բառը «էգ թռչուն» նույնպես գալիս է մայր բառից: Վրացիները պատրաստի վերցրել են մածնի մերան արտահայտությունըՙ մածվնիսդեդա «մածնի մայրիկ»: Վերցրել են նաեւ մեր տատմեր բառըՙ տատբերի , ուտիներըՙ տատմեր :

Կա մեկ այլ մայր բառ եւս, որ նշանակում է «մթություն, խավար», որն ավելի ուշՙ բառերի նմանությունից ազդվելով, կապվեց մայր-մայրիկ բառին, եւ ստեղծվեց ժողովրդական այն հավատալիքը, որ Արեգակը գնում է մոր մոտ հանգստանալուՙ մայր է մտնում : Այդպես էլ ծագելու համար ասում էին. Արեւը մոր ծոցից ելավ : Այս երկրորդ իմաստից է մարել -ըՙ «հանգչել, նվաղել, ուշքը գնալ, մարմրել, առկայծել»:

Ժամանակակից հայերենում կա մառ «մառախուղ» բառը, որ գործածվում է «մութ, մթագույն, մթամած» եւ փոխաբերաբարՙ «մռայլ, խոժոռ» նշանակություններով: Մառ -ը եւ մայր -ը նույնանիշ եւ նույնարմատ բառեր են: Մռայլ բառի արմատն է մուռ , որը մայր, մուր, մրուր բառերի հետ ծագել է նույն «սեւացնել, սեւ, մութ գույն, կեղտի բիծ» նշանակող արմատից:

Այսինքնՙ Արեւը մայր մտավ նշանակում է «արեւը խավարեց, սեւացավ, մթով պատվեց»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.