AZG Daily #15, 21-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 61. ՀԱՄ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԿՈՒՅՍ ԼԻՆԵԼ, ՀԱՄ ԷԼՙ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 24. ԷՍՏԵՂ ԹԱԳԱՎՈՐԻ ՏՂԵՆ ՄԱՏԸ ԿԾԵՑ

Այս անգամ կզրուցենք մատ բառի եւ նրանով կազմված մի քանի դարձվածների մասին: «Մատն ի՞նչ է, որ մատի մասին էլ զրուցենք», - կմտածի ընթերցողը: Բայց հիշենք, որ մի բան անելու համար պիտի մատը մատին խփենք :

Նախ նշենք, որ մատ -ը բնիկ հայերեն բառ է, հնդեվրոպական նախալեզվի mat արմատից եւ կարող է դարձվածներ կազմելու եւ փոխաբերական իմաստներով գործածվելու առումով մրցել մարմնի մյուս մասերիՙ քթի, գլխի, աչքի, ձեռքի հետ:

Օրինակՙ մատը կծել նշանակում է «գլխի ընկնել, կռահել»: Իսկապես, երբ մեկը հանկարծակի, անակնկալ կերպով որեւէ բան է կռահում, գլխի ընկնում, իմանում, ակամայից մատը կծում էՙ իրեն չմատնելու, զարմանքն ու հուզմունքը ցույց չտալու համար: Սակայն հենց մատը կծելով էլ ցույց է տալիս իր հուզմունքը: Գրեթե նույնն է սաստիկ զարմանքի դեպքում. անակնկալից կորցնում են վերահսկողությունը, նյարդերը թուլանում են, ծնոտը կախվում է, բերանը բացվում է, եւ մարդն ակամայից ձեռքի ափով փակում է բերանը, այսինքնՙ ափիբերան է մնում ՙ սաստիկ զարմանում է: Ու հենց այդ զարմանքը թաքցնելու, սթափվելու համար մատը կծում է, ինքն իրեն հետ է բերում :

Եթե մեկին ուզում են ցույց տալ, ուշադրություն հրավիրել մեկի վրա, նշել եւ, նույնիսկ, նշավակել, ապա մատնացույց են անում : Եթե դավաճանությամբ մեկին թշնամու ձեռքն են հանձնում, ապա ասում ենք, որ մատնեցին նրան: Մատնել նշանակում է «մատով ցույց տալ մեկին ի վնաս»: Այսինքնՙ մատնությունը սկսվում է մատով ցույց տալուց, եւ մատնել բառի արմատը մեր սովորական մատ բառն է: Հուդան Քրիստոսին մատով ցույց չտվեց, այլ, ստեղծագործական մոտեցում ցուցաբերելով, համբուրելով մատնեց: Ամենայն հավանականությամբ, Քրիստոսի ծննդից շատ ու շատ առաջ մարդիկ իրար մատնում էինՙ մատով ցույց տալով: Օրինակ, հրեաների մեջ ամլությունը խայտառակություն էր համարվում, եւ անզավակ ամուսիններին մատով էին ցույց տալիս , դարձնում էին մատի փաթաթան , այսինքնՙ անվերջ երեսով էին տալիս, կըշտամբում, խոսում նրանց մասին:

Մատ բառից է նաեւ մատանի -ն, որը, բացի իր կենցաղային սովորական իմաստից, ուներ նաեւ «կնիք» իմաստը. դա որեւէ փորագրությամբ մետաղյա օղ էր, որով կնքում էին փաստաթղթերը: Մատանի բառից հնում ունեցել ենք մատանել բայը, որը նշանակել է «կնքել»:

Շատ ուշագրավ մի բառ էլ կա մատ արմատովՙ մատնաշունչ , որը նշանակում է «մատի ծայրին, եղունգի մոտ գոյացող ցավագին վերք»: Այս բառը բավականին հետաքրքրաշարժ ձեւափոխության է ենթարկվել: Նախնական ձեւն է մատնաշուրթ ՙ «մատի ծայրին դուրս եկած պալար» նշանակությամբ: Շուրթ -ն այդ բառի մեջ նշանակում է «եզերք, եզր, պռունկ»: Այս իմաստը մոռացվել է, եւ մատնաշուրթ -ը դարձել է մատնաշուրջ , սա էլ բարբառներում տվել է մատնաշունչ : Իսկ ժամանակակից բառարաններում եւ գրական լեզվում պահպանվել է միայն մատնաշունչ ձեւը:

Մատ բառով, բացի արդեն նշվածներից, ունենք մի շարք ուշագրավ դարձվածներ եւս. մատ թափ տալ «սպառնալ», որպես զարմանքի, ապշանքի արտահայտությունՙ մատը բերանում մնալ (այսինքնՙ այնքան է ապշած, որ մոռանում է նույնիսկ մատը կծել կամ արդեն կծած մատը բերանից հանել), մատների վրա խաղացնել «ճարպկորեն խաբել, մոլորեցնել» (սա, երեւի, եկել է մատների վրա տիկնիկներ խաղացնելուց, այսինքնՙ մատների վրա խաղացնելով մեկին խամաճիկ դարձնել, տիկնիկի պես իր ուզած բաներն անել տալ):

Երկու դարձվածների միավորումով այս գրքի հեղինակը ստեղծել է բազմաթիվ երկդարձվածներ : Մեջբերենք մատ բառով կազմվածներից մի քանիսը. «Մի ձեռքը ծափ չի տա, բայց մատ թափ կտա», «Մատի փուշը հանելՙ աչքն էր կոխում», «Մատը մատին չէր խփել ու հիմա ծնկներին էր խփում» եւ այլն:

Այս ամենը ցույց է տալիս, որ չպետք է մատների արանքով նայել եւ ոչ մի բառի, պետք է մատին թել կապել չմոռանալու համար, որ որեւէ բանի հասնելու համար անհրաժեշտ է մատը մատին խփել :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.