AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 72. ԽՌԻԿ ՏԱԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 8. ԿՅԱՆՔԻ ԿԵՆԱՑԸ

Մեր կյանքում կենսական նշանակություն ունի կենդանի բառապաշարից ծնված կենարար խոսքը, մեր կեցության, կենցաղի անբաժան մասն են «լուռ հանճարները»ՙ գրքերը. թող կեցցեն դրանք մեզ հասցնողներըՙ գրիչներն ու տպագրիչները, նրանց կենացն արժե խմել հայոց կենսաբեր գինով:

Այս ամենասովորական նախադասության մեջ գործածված են առաջին հայացքից շատ սովորական բառերՙ կյանք, կենսական, կենդանի, կենարար, կեցություն, կենցաղ, կեցցե, կենաց, կենսաբեր : Սակայն այս բառերն առաջին հայացքից են սովորական, իրականում նրանք անչափ զարմանալի բառեր են: Դրանք բոլորն էլ նույն «մորից» են ծնվել եւ այդ «մայրը» գրաբարյան կեալ արմատն է, որ նշանակում է «ապրել»:

20-րդ դարի ուղղագրական փոփոխությունը բավականին աղճատեց բառի պատկերը. եա երկբարբառի փոխարեն գրելով յա երկհնչյունըՙ հեռացանք նրանով կազմված բառերի առաջնային բառապատկերներից, եւ կեանք -ը դարձավ կյանք : Բայց սա խոսակցության այլ թեմա է:

Ասենք, որ կեալ -ից ստացվել են տարբեր ձեւեր: Օրինակՙ կեաց , որից կազմվել են բազմաթիվ բառերՙ մենակեաց (մենակյաց), կարճակեաց (կարճակյաց), երկակեաց (երկկենցաղ) եւ այլն: Կեաց ձեւի անշեշտ ձեւն է կեց -ը: Սրանից էլ ստացվում են կեցուցանել, բարեկեցիկ, բարեկեցություն, կեցություն եւ այլն:

Կեալ բայի ապառնիի եզակի երրորդ դեմքն է մեզ բոլորիս հայտնի եւ սիրելի կեցցե բառը, որը նշանակել է «ապրի»: Նույն ձեւովՙ կեցցես «ապրես»: Ահա թե որտեղ է թաքնված կեցցե բառի արմատը, որը մենք պատրաստի գործածում ենք, առանց մտածելու, որ դա հնում մի սովորական բայաձեւ է եղել:

Մյուս ձեւն է կեան , որիցՙ կեանք : Սա մեր կյանք -ն է, որը նշանակել է նաեւ «վարք, ինչք, ապրանք, հարստություն»: Կեան -ի անշեշտ ձեւն է կեն , որից ստացվում են կենակից, կենարար, կենատ եւ այլն բառերը: Վերջինՙ կենատ բառը նշանակում է «նետ», այսինքնՙ կյանքը հատող, կյանքը կտրող: Այստեղ է թաքնված նաեւ մեր այսօրվա կենաց -ը, այսինքնՙ երբ ասում ենքՙ կյանքի կենացը , ապա ասում ենքՙ թող կյանքը կյանք ունենա:

Կեանք բառի հոգնակի հայցականն է կեանս -ը, որը, զրկվելով շեշտից, տվել է կեն ս, որից ունենքՙ կենսական, կենսունակ, կենսաթոշակ եւ այլն:

Հաջորդ ձեւը կեանք -ից ստացված կենց ձեւն է, որից էլՙ կենցաղ, կենցաղավարական եւ այլն:

Եվ վերջին ձեւըՙ կենդ : Կազմված է կեան -ից դ մասնիկով: Շատ հին եւ ընտիր բառ ունենք զոդիակ բառի դիմացՙ կենդակ , այսօրՙ կենդանակերպ : Կենդ -ի վրա ավելացել է ան մասնիկը եւ ունենք կենդանի, կենդանություն բառերն ու սրանցով կազմված հարյուրավոր բառեր:

Հետաքրքիր ժողովրդական մեկնաբանություններ կան կեանք բառի վերաբերյալ: Մեկը պնդում է, որ կեանք -ը առաջացել է կին բառից, ինչպես Եվայի դեպքում, որ եբրայերեն նշանակում է կյանք : Մյուսը պնդում է հակառակը, որ կին -ը առաջացել է կեանք բառից, քանի որ Ադամը իր կնոջ անունը կեանք դրեց: Բայց ինչ էլ լինի, մեկ էՙ առանց կնոջ կյանք չկա:

Ահա թե ինչքան շատ բան է սովորեցնում մեզ մի հատիկ գիրքըՙ Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարանը»: Բառարան, որի նմանը չկա ամբողջ աշխարհում, բառարան, որը ժամանակի մեքենա է կարծես, որով կարող ես դարեր, հազարամյակներ հետ գնալ, տեսնել ինչպես են ապրել, ինչպես են խոսել հնագույն ժամանակներում քո ապուպապերը, ում հետ են նստել-վերկացել, եւ ոչ միայն հաց ու ջուր փոխ տվել ու առել իրարից, այլեւ բառեր, բառեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.