AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 53. ԱՂԱԼՈՒՑ ԱԼՅՈՒՐ Է ՍՏԱՑՎՈՒՄ, ՄԱԼԻՑՙ ՄԱՏԱՂ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 06-07-2018



ԵՎՐՈՍՏԱՆ

Տեղադրվել է` 2018-07-06 11:21:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1860, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՎՐՈՊԱՆ ՆՈՐ ՈՒՂԵԳԾԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ

Պ.Ք.

Մաքսատուրքերը եւ ԵՄ ինքնավարության միջոցները

Հունիսի 6-ին Եվրոհանձնաժողովը հավանություն տվեց 2,8 մլրդ եվրո ընդհանուր գումարով ամերիկյան ապրանքների ներմուծման վրա մաքսատուրքերի հաստատմանըՙ ի պատասխան հունիսի 1-ից ԱՄՆ-ում եվրոպական պողպատի եւ ալյումինի ներմուծման վրա բարձր մաքսատուրքերի սահմանմանը: Նույն օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Եվրոպան պարտավոր է առավել հաստատակամ քաղաքականություն վարել այնպիսի խնդիրների լուծման հարցում, ինչպիսիք են կլիմային նվիրված փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը, Սպիտակ տան կողմից Իրանի հետ կապված միջուկային բազմակողմ գործարքի դադարեցումը եւ առեւտրի մաքսատուրքերի առնչությամբ ԱՄՆ-ի հետ ծագած հակամարտությունը: Բացի դրանից, Եվրոհանձնաժողովը հունիսի 1-ին Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը հայց ներկայացրեց ԱՄՆ-ի գործողությունների կապակցությամբ:

Եվրոմիությունն առայժմ փորձում է մարտավարական ճնշում գործադրել Թրամփի վրա: Պատահական չէ ամերիկյան այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծման մաքսատուրքերը Եվրոպայում մտադիր են բարձրացնել, նշում է ՀըԽ գործակալությունը: Դրանց մեծ մասն արտադրվում է այն նահանգներում, որոնք ավանդաբար քվեարկում են Հանրապետական կուսակցության օգտին:

2018 թ. նոյեմբերին տեղի կունենան Սենատի միջակա ընտրություններ, որոնց ընթացքում մասնավորապես պետք է թեկնածուներ առաջադրվեն Սենատում այդ թվում նաեւ հանրապետականների զբաղեցրած ինը տեղերի համար: Թրամփի կուսակցությունը կարող է կորցնել մեկից ոչ ավելի տեղ, այլապես Սենատում չի պահպանի տեղերի պարզ մեծամասնությունը: Այդ ընտրությունները լուրջ դեր կխաղան ծավալվող առեւտրական պատերազմում նախագահ Թրամփի հետագա գործողությունների վրա:

Մինչդեռ Արեւմուտքի գլխավոր տերությունների միջեւ առեւտրատնտեսական հակասությունների խորացումը արդեն հանգեցրել է այն բանին, որ գլոբալացումը սկսել է կորցնել իր ազդակները, նշում է ավստրիական Der Standart թերթը: Թերթի փորձագետների տվյալներով, հարուստ երկրներում անդրսահմանային ներդրումների ծավալները կրճատվել են ավելի քան մեկ երրորդով: Վերջին հաշվով, սահմանափակիչ միջոցները եթե նույնիսկ ինչ-որ արդյունքի հանգեցնեն, դա կլինի լոկ կարճաժամկետ արդյունք: Ընդհանուր կառուցվածքային խնդիրների երկարաժամկետ լուծման համար անհրաժեշտ է ընդհանուր ռազմավարություն, իսկ դա հնարավոր է իրականացնել միայն երկխոսության եւ երկարաժամկետ փոխգործողության պայմաններում:

Թրամփը գործում է այնպես, կարծես ինքը Եվրոմիությունում տեսնում է ոչ այնքան դաշնակիցների, որքան մրցակիցների, որոնց թուլացման համար լավ են բոլոր միջոցները:

Նախ, Թրամփը պաշտպանություն հայտնեց Brexit-ին:

Ամբողջ Եվրոպայում փորձգետները վերջերս ավարտված «Մեծ յոթնյակի» հանդիպման արդյունքները համարում են աղետալի:

Թրամփը հրաժարվեց հետաձգել Եվրոպական պողպատի եւ ալյումինի վրա մաքսատուրքերի հաստատումը եւ արդեն սպառնում է նոր տուրքեր սահմանել եվրոպական ավտոարդյունաբերության արտադրանքի վրա:

Եվ վերջապես, հունիսի 29-ին The Washington Post թերթը, եվրոպացի պաշտոնատար անձանց վկայակոչելով, հաղորդեց, թե Թրամփը Ֆրանսիայի նախագահ Մակրոնին շահավետ առեւտրական գործարք է առաջարկել Եվրոմիությունից այդ երկրի դուրս գալու դիմաց:

Եվրոմիության հանդեպ Թրամփի բազմապատկվող թշնամական արարքները Եվրոպային առաջադրում են գոյութենական հարցՙ իրենից ի՞նչ է ներկայացնում ԱՄՆ ներկայիս վարչակազմի ուղեգիծըՙ երկարաժամկետ միտումի սկի՞զբ, ԱՄՆ ռազմավարության հիմնարար փոփոխությունների սկի՞զբ, թե՞ մարտավարական զիգզագ:

Եթե երկրորդն է, ինչը քանիցս դիտվել է Ջորջ Բուշ կրտսերի օրոք , ապա բավական կլինի սպասել: Իսկ եթե առաջինն է, ապա ի՞նչ ուղի պետք է բռնի Եվրոմիությունըՙ ռազմավարական ինքնավարություն Արեւմուտքի թեկուզեւ ամորֆ, բայց ինչ-որ չափով պահպանվող միասնականության պայմաններում: Թե՞ հարկ կլինի տիտանական խնդիր լուծել Եվրոպայում ԱՄՆ-ի հետ ռեալպոլիտիկի շրջանակներում փոխգործակցող «ուժի կենտրոն» ստեղծելու նպատակով:

Իսկ ի՞նչ կպատահի, եթե Արեւմուտքը այլեւս առաջվանը չլինի. խնդիրները կուտակվել են տասնամյակներ շարունակ: Թրամփի Սպիտակ տուն մուտք գործելը ամենքին վերադարձրեց իրականությանը: ԱՄՆ-ը վերջապես խոստովանեց, որ իր շահերին համապատասխանում է բազմակողմանիության սկզբունքից հրաժարվելը:

Եվրոպայի առաջատար մայրաքաղաքներում տիրող տրամադրությունը եւս պահպանողական չենք կարող անվանել: Թրամփի օրոք Վաշինգտոնը, Լոնդոնը Brexit-ի ժամանակաշրջանում, Գերմանիայի Բունդեսթագում ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության երրորդ տեղը. սրանք օրինակներ են, որ ԵՄ մի շարք երկրների կառավարություններ հակվում են փոփոխելու եվրոպական կառույցները եւ կանոնները:

Եվրոպացիներն առայժմ բացեիբաց մերժում են Թրամփի այն երկիմաստ հայտարարությունը, թե ՆԱՏՕ-ի «Մեծ յոթնյակի» գծով ԱՄՆ-ի գործընկերները պետք է համակերպվեն Վաշինգտոնի մոտեցումների կտրուկ փոփոխման հետ: Եվրոմիությունում այդպես էլ չմշակվեց ընդհանուր քաղաքականություն միջազգային կարեւոր ուղղությունների առնչությամբ: ԵՄ երկրների մեջ նշանակալի ռազմական ներուժ ունեն միայն Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան: Թրամփի հայտնվելը եվրոպացիների համար դարձավ իրենց «թագավորական մերկության» բացահայտումը եւ այն բանի հավաստումը, որ Եվրոպան սեփական զորությունը ոչնչով չի նախապատրաստել ԱՄՆ-ի նոր պահանջները մերժելու համար:

Սպասողական մարտավարությունը նույնպես կարող է ձեռնտու չլինել եվրոպացիներին: Հունիսի 28-ին Մոսկվան եւ Վաշինգտոնը հայտարարեցին նախագահներ Պուտինի եւ Թրամփի առաջիկա հանդիպման մասին: Եվ ահա արդեն երկյուղներ են արտահայտվում, որ երկու նախագահների հանդիպման ժամանակ ձեռքբերվելիք համաձայնությունները կարող են խախտել ՆԱՏՕ-ի միասնականությունը: New York Times թերթը մասնավորապես գրում է, որ Թրամփի եւ Պուտինի հանդիպումը կարող է նվազեցնել լարվածությունը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի փոխհարաբերություններում եւ խորացնել հակասությունները ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցների հետ:

Գերմանական Die Welt թերթի բնորոշմամբ, նախագահ Պուտինը կարող է հանդիպումն օգտագործել Եվրոպայի առջեւ որպես «հակա-Թրամփ» այնպիսի հարցերում, ինչպիսիք են Իրանի միջուկային գործարքը, կլիմային նվիրված փարիզյան համաձայնագիրը եւ «Հյուսիսային հոսք-2» գազամուղըՙ հույս ունենալով զիջումներ կորզել պատժամիջոցների հարցում: Թրամփի եւ եվրոմիության հակասությունների պայմաններում նման մարտավարությունը կարող է արդյունավետ լինել:

Այսպիսով խոսքն այլեւս բազմաբեւեռ աշխարհի մասին չէ: Առկա է տնտեսական երկբեւեռայնություն ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ եւ ռազմավարական երկբեւեռայնություն ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ: Հարկ է նշել, որ Թրամփը ամեն կերպ փորձում է թուլացնել Եվրոմիութունը եւ միեւնույն ժամանակ իր պետքարտուղարի շուրթերով նրանից պահանջում է պահպանել հակառուսական պատժամիջոցները:

Ֆրանսիական Le Monde թերթի տեղեկություների համաձայն, բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկի հետ զրույցի ժամանակ նախագահ Թրամփը հայտարարել է, որ ինքն ունի երեք հակառակորդ: Դրանք են Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը (որից ԱՄՆ-ը կարող է դուրս գալ Կոնգրեսի որոշմամբ), Եվրոմիությունը եւ ՆԱՏՕ-ն:

Le Monde թերթի փորձագետի կարծիքով, Եվրոպայի դեմ առեւտրային պատերազմը Թրամփը ուղղակիորեն շաղկապում է ԱՄՆ-ի պաշտպանությունից Եվրոմիության կախվածության հետ: Փորձագետը կարծում է, որ հուլիսի 11-12-ը Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովը եւ հուլիսի 16-ին նախատեսված Թրամփ-Պուտին հանդիպումը կդառնան Արեւմուտքի պառակտման սկիզբը:

Եթե եվրոպացիներն ուզում են դիմակայել ԱՄՆ-ի ճնշմանը, Ռուսաստանի կամքին եւ Չինաստանի մանեւրներին, ապա նրանք պետք է ուժեղանան: Եվրոպական ուժի ստեղծման առաջին միջոցը կարող է դառնալ «նորմատիվ ուժը», այսինքն այնպիսի նորմերի ստեղծումը, որոնք հնարավոր կլինի կիրառել համաշխարհային մասշտաբներով: Երկրորդ միջոցը կարող է լինել արդյունավետ հակազդումը այն վտանգներին, որոնց բախվում է Եվրոպանՙ ահաբեկչություն, ներգաղթ, Չինաստանի տնտեսական ճնշում, ԱՄՆ-ի հետ հարաբերություների վատթարացում: Եվ, վերջապես, երրորդ միջոցը պատասխանատվություն ստանձնելն էՙ ստեղծել միջազգային բազմակողմ հարաբերություններ առանց ԱՄՆ-ի: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը դա արդեն հասկանում է, Գերմանիայի կանցլեր Մերկելըՙ կարծես թե նույնպես:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 06-07-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.