AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018



Տեղադրվել է` 2018-06-28 22:55:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 2813, Տպվել է` 101, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ ԵԿԵՂԵՑՈՒ 60-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ

ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ

Այս տարին հոբելյանաշատ է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի համար: Վերջերս հանդիսավորապես նշվեց Նյու Յորքի Սբ. Վարդան հայոց մայր տաճարի կես դարը: Թերեւս քչերը գիտեն, որ մայր տաճարից ուղիղ 10 տարի առաջՙ 1958թ. է օծվել «աշխարհի մայրաքաղաքի» մեկ այլ նշանավոր հայկական եկեղեցիՙ Սրբոց Նահատակացը:

Բեյսայդում (Լոնգ Այլենդ) ապրող բազմաթիվ հայորդիներ անցյալ դարի 50-ականների երկրորդ կեսին հղացան հավատքի նոր տուն կառուցելու գաղափարը, որը պիտի իր շուրջ համախմբեր նյույորքաբնակ մեր հայրենակիցներինՙ արթուն պահելով նրանց հավատն առ Աստված եւ շարունակելի դարձնելով հայրենասիրության ավանդները:

Անցել է ուղիղ 60 տարի եւ լիուլի արդարացել են բոլոր սպասումները: Անձամբ եմ տեսել, որ կիրակնօրյա պատարագներին նստելու տեղ չի լինում եկեղեցու ընդարձակ սրահում, իսկ հավատավոր ժողովուրդը արարողություններից հետո էլ չի շտապում տուն: Ազգային այս կառույցը սիրելի հավաքավայր է թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար, որտեղ անցկացվում են տարաբնույթ միջոցառումներՙ նվիրված եկեղեցական ու ազգային տոներին:

Սրբոց Նահատակաց եկեղեցուն կից գործում են շաբաթօրյա (տնօրենՙ Էլիզապեթ Գոտապաշ ) եւ ամենօրյա (տնօրենՙ Սեդա Դավիդյան ) հայկական դպրոցները: Վեց տասնամյակ առաջ եկեղեցու հոգեւոր հովիվ Վարդան քհն. Մկրյանը եւ մի շարք ազգասեր անձնավորություններ, զգալով հայեցի դաստիարակության անհրաժեշտությունը, հիմնադրեցին շաբաթօրյա վարժարանը: Ինչ վերաբերում է ամենօրյա դպրոցին (HMADS -Holy Martyrs Armenian Day School), ապա այն եզակի կրթական հաստատություն է Նյու Յորքի ողջ տարածաշրջանում: Անցյալ տարի այն նշեց իր ոսկյա հոբելյանըՙ ստեղծման 50 տարին: Այդ ընթացքում հարյուրավոր հայ եւ ոչ միայն հայ պարման-պարմանուհիներ են կրթվել ու դաստիարակվել «Ներշնչել ապագանՙ ավանդությունը հարգելով» կարգախոսով: Ուրախալի է, որ նախկին տնօրենուհինՙ եռանդուն մանկավարժ ու հասարակական գործիչ Զարմինե Պողոսյանը եւս շարունակում է իր ավանդը ներդնել այս հույժ կարեւոր գործում:

Եկեղեցու հարակից «Գալուստյան սրահը», որը տեղավորում է 160 հանդիսատես, պարբերաբար հյուրընկալում է համերգներ ու ցուցահանդեսներ: Տողերիս հեղինակին եւս բախտ է վիճակվել 2011-ի դեկտեմբերին «Հայկական աշխարհ» խորագրով ցուցահանդես կազմակերպել հայրենակիցներիս համար: Այնժամ ես հաղորդվեցի նրանց հայրենակարոտ սրտերին եւ ի մոտո պատկերացում կազմեցի նրանց հայրենանվեր ծրագրերի մասին:

Բավականին ակտիվ են գործում եկեղեցու Տիկնանց եւ Երիտասարդաց հանձնախմբերը, որոնք հաճախակի են անցկացնում ազգային ուտեստի փառատոներ, մարզական խաղեր, ամառային ճամբարներ եւ այլն: Արդեն 10 տարեկան «Շնորհալի» երգչախումբն այսօր ղեկավարում է հայրենի շնորհակի երգիչ ու խմբավար Վաղարշակ Օհանյանը : Ապրիլի 21-ին «Քուինզ» թատրոնում տեղի ունեցած համերգը նվիրված էր Սրբոց Նահատակացի 60-ամյակին:

Ընդհանրապես այս տարվա բոլոր միջոցաումներն են նվիրված այդ խնկելի հոբելյանին: Հանդիսությունների սկիզբն ազդարարվեց դեռ տարեսկզբինՙ հունվարի 28-ի պատարագից հետո: Գործող հատուկ հոբելյանական հանձնախումբը եւ ծխական խորհրդի ատենապետ Արամ Չամիչյանը մշակել են կուռ ու համապարփակ մի հայտագիր: Ընդգծելի է, թե ինչպես է հայ համայնքը համախմբված եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Աբրահամ քհն. Մալխասյանի շուրջը: Նա շատ ուշադիր է կրթական ու մշակութային բոլոր միջոցառումներինՙ իր ներկայությամբ քաջալերելով նշված ոլորտները: Նրա խմբագրությամբ լույս են տեսնում «Նարեկ» երկլեզու ամսագիրը, այլ հրատարակություններ: Նրա օրհնությամբ ու առաջնորդությամբ տեղի են ունենում նաեւ ուխտագնացություններ դեպի Մայր հայրենիք ու Ավետյաց երկիր:

Այս տարի եւս ամռանը, ի մասնավորիՙ օգոստոսի 17-31-ը, նախատեսված է ուխտավորների այց նախնյաց երկիր, որի շրջանակներում օվկիանոսի մյուս կողմից եկած մեր եղբայրներն ու քույրերը կլինեն Հայաստան աշխարհի տարբեր անկյուններում ու Արցախում: Բոլորն են ոգեւորված տեսնելու նոր Հայաստանն ու նրա հպարտ քաղաքացուն:

Չմոռանանքՙ այս երտասարդ հովիվն էր, որ հայոց ցեղասպանության 100-ամյակի օրերին նախաձեռնեց եկեղեցուն մերձակա փողոցներից մեկը հայորեն անվանակոչելու գործընթացը: Արդյունքում այսօր Նյու Յորքի 210-րդ փողոցը, Հորաս Հարդինգ արագընթաց ճանապարհից սկսած մինչեւ 58-րդ պողոտա, կոչվում է «Հայաստանի ճանապարհ» (Armenia Way):

Այո՛, բանուկ է Հայաստանի ճանապարհը Նյու Յորքում: Ճանապարհ, որի սկզբնակետն ու վերջնակետը Հայաստանն է, ամենայն հայոց Հայրենիքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.