AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 23. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ՄԽԻԹԱ՞Ր
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018



ՉԱՐ ԴԵՄՔԵՐ

Տեղադրվել է` 2018-06-28 22:55:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 3608, Տպվել է` 646, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏՈՂ ԲԵՌՆԱՐ ԼՅՈՒԻՍԻ ՎԱԽՃԱՆՆ ՈՒ ԹՈՂՈՆԸ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Պատմաբան Բեռնար Լյուիսը վախճանվեց, բայց իր գաղափարները շարունակում են գոյություն ունենալ: Ի տարբերություն հայտնի ու հարգված այլ գիտնականների, նրա ակադեմիական աշխատությունները հաճախ կրում են քաղաքականության մեջ նրա ընդրգկվածության կնիքը: Իրականում նրա գիտական ուսումնասիրությունները ծառայել են որպես հիմք այնպիսի գաղափարախոսությունների, որոնք շարունակում են ապականել մեր ներկա աշխարհը: Իր կյանքի ընթացքում, եւ հատկապես վերջին տարիներին, նա նախընտրեց գիտնականի իր թիկնոցը փոխարինել գաղափարապաշտի թիկնոցով եւ նրա հետեւորդներից ոմանք ներկայիս զբաղված են աշխարհը կառավարելով: 2012-ին նա իրեն այս կերպ էր բնութագրել. «Ոմանց համար ես փայլատակող հանճար եմ, իսկ ուրիշների համարՙ սատանայի մարմնացում»:

Քչերին է տրված ինքնագիտակցության այնպիսի բարձր աստիճան, որ կարողանան անաչառորեն բնութագրել իրենք իրենց: Պրոֆեսոր Լյուիսը բացառություն չէ: Այս հոդվածում փորձելու ենք ներկայացնել հարգված գիտնականի եւ փոխաբերական իմաստով վարձու հրաձիգի նրա անձնավորության երկու տարբեր կողմերը:

Գիտնականությունը ճշմարտության որոնումն է: Դրանով է առաջնորդվում պատմաբանների մեծամասնությունը, փորձելով չընկնել քարոզչության ոլորտը: Պրոֆեսոր Լյուիսի համար նման զգուշավորությունը խորթ էր: Նա իր ակադեմիական հմտությունների հսկայական ներուժը ջանասիրաբար օգտագործում էր առաջ տանելու իր քարոզչությունն ու աշխարհըմբռնումը, անպայմանորեն նաեւ արդարացնելով իր գործողությունները:

Շատ լավ գիտեր ինչպես նպաստել իր գաղափարների առաջխաղացմանը: Իրականում նա գաղափարախոսություններ կազմավորելու եւ քաղաքականության մեջ դրանց իրագործումը ապահովելու նպատակով ուժային կառույցների աջակցությունը հայցելու հմուտ վարպետ էր:

Բառերն իրենց մեջ ուժ են ներառում: Գաղափարներըՙ նույնպես: Եվ եթե դրանք գաղափարախոսությունների հիմքում են դրվում, ապա հրաշալի միջոց են դառնում ազդելու պատմության ընթացքի վրա:

Բոլոր կրոններն ու փիլիսոփայությունները, ինչպես նաեւ սոցիալական տեսությունները նպատակ ունեն բարեփոխելու հասարակությունը, բարգավաճման նոր աստիճանի բարձրացնելու այն, պարգեւելով ճիշտ կառավարում եւ համատարած արդարություն: Բայց պատմությունը քանիցս ցույց է տվել, որ դրանք բոլորն ի վերջո վերածվում են բռնատիրությանՙ նպաստելով պատերազմի հրձիգների աշխուժացմանն ու ավերների գործադրմանը, հատկապես երբ փիլիսոփայությունները դառնում են կրոն կամ հավատի աղբյուր, իսկ կրոններն էլ խրվում քաղաքականության մեջ:

Հիսուսի բարեպաշտ կերպարը անհետացել էր Եվրոպայում 100-ամյա պատերազմի, կարմիր եւ սպիտակ վարդերի պատերազմի եւ Հռոմի ու Ավինյոնի միջեւ ծագած պապական սուր բախման ժամանակահատվածներում:

Կարլ Մարքսը փիլիսոփա էր եւ տնտեսագետ, որ 1848-ին հրապարակեց իր «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը», որտեղ իշխանությունը պրոլետարիատին հանձնելու նրա աշխարհայեցողությունը տնտեսական դրախտ էր խոստանում հասարակությանը: Նա նաեւ մարգարեական մոտեցմամբ ճիշտ էր սահմանել պատմությունը գրելով, որ «պատմությունը կրկնում է ինքն իրեն, նախ որպես ողբերգություն, հետո որպես ֆարս»: Աշխատավոր զանգվածների կյանքն սկզբնական շրջանում ողբերգական էր, եւ ինքը նրանց առաջարկում էր այդ վիճակից դուրս գալու միջոցները, որոնք ի վերջո պարզվեցին, որ ֆարս են:

Բայց նախքան այդ, Վ.Ի. Լենինը վերցնելով Մարքսի գաղափարը սկսեց իրագործել այն: Նա հիմնեց Խորհրդային Միությունը, որը խոստանում էր լինել մեծագույն լաբորատորիան ձեւավորելու համար Homo Sovieticus-ըՙ խորհրդային քաղաքացուն:

Երկրորդ համաշխարհային պատերազմում, համակենտրոնացման ճամբարներում եւ տարբեր կոտորածներում 80 միլիոն զոհ տալուց հետո, Խորհրդային Միությունը ի վերջո փլուզվեց իր իսկ ծանրությանը չդիմանալով:

Բեռնար Լյուիսը նոր ժամանակների մարգարեն էր: Նա ուներ մի ամբողջ բանակ համախոհներիՙ իշխանական էլիտայի շարքերում, որոնք շարունակում են նրա գաղափարները: Նա դարձել էր գիտունը եւ գաղափարական առաջնորդը բոլոր այն պետական գործիչների, որոնք նոր աշխարհը ձեւավորելու իրենց քաղաքական ծրագրերի համար արդարացումներ են որոնումՙ մահ եւ ավերածություններ սփռելով իրենց շուրջը:

Նրա ժառանգությունը հսկայական ազդեցություն ունեցավ իսլամի պատմության վրա: Հաճախ էր վիճում օրիենտալիզմի հարցերով հեղինակություն համարվող Էդուարդ Սաիդի հետ: Նրա աշխատությունների շարքում կարելի է նշել հետեւյալ գրքերը. «The Emergence of Modern Turkey» (Արդի Թուրքիայի հառնումը, 1961), «Semites and Anti-Semites» (Սեմիտներ եւ հակասեմիտներ, 1986), «Race and Slavery in the Middle East, The Muslim Discovery of Europe» (Ցեղերն ու ստրկությունը Մերձավոր Արեւելքում, Եվրոպայի մահմեդականության հայտնագործությունը, 1982) եւ «The End of Modern History in the Middle East» (Արդի պատմության ավարտը Մերձավոր Արեւելքում): Նրա վերջին «What Went Wrong: Western Impact and the Middle Eastern Response» (Ի՞նչն էր սխալ: Արեւմտյան ազդեցությունն ու Մերձավորարեւելյան պատասխանը) հատորը ուղեցույց դարձավ ամերիկացի նեոկոնների (նորագույն պահպանողականների) եւ պատերազմի հրձիգներիՙ Պոլ Վուլֆովիցի, Ռիչարդ Պերլի, Մայքլ Ֆլինի եւ Ջոն Բոլտոնի համար: Նույնիսկ ներկայիս պետքարտուղար Մայք Փոմպեյոն 103-ամյա գիտնականի մահվան առթիվ արտասանած դամբանականում խոստովանեց, որ Մերձավոր Արեւելքը հասկանալու գործում շատ բան է պարտական «իսկական գիտնականի եւ մեծ մարդու աշխատություններին»:

Նա իսլամական պատմության հմուտ մասնագետ էր եւ խորաթափանց աշխատությունների հեղինակ: Իր գրքերի միջոցով նա աստիճանաբար ձեւավորեց իսլամի եւ արեւմուտքի միջեւ հակամարտության տեսությունը, որն էլ քաղաքագետ Սամուել Հանտինգտոնը զարգացնելով դարձրեց քաղաքակրթությունների բախման տեսություն:

Բեռնար Լյուիսին մարդիկ ճանաչում են որպես մի անձնավորության, որ գիտի իրականացնել իր գաղափարներն ու տեսությունները:

Բուշի վարչակազմը 2003-ին նրա հետ էր խորհրդակցել Իրաքի հարցի շուրջ: Նա խորհուրդ էր տվել այդ երկիրը ներխուժելու փոխարեն ապստամբություն հրահրել հյուսիսում: Լրագրող Լեյմիս Անդոնին «Ի՞նչն էր սխալ» հատորը համարում է «գործնական մանիֆեստ ամերիկյան զինվորական միջամտության ջատագովների համար»:

Պարզ խոսքերով ասածՙ Լյուիսը խրախուսում էր, որ իսլամական աշխարհի ժողովուրդներին վերաբերվեն որպես «Թնդանոթի մսի»: Եվ Լիբիայից Իրաք, Աֆղանստանից Սիրիա ձգվող ավերածություններին ականատեսը լինելով հստակ կարելի է եզրակացնել, որ պատմաբանի նրա տեսակետներն ու գաղափախոսությունը արդյունավետ կերպով իրագործվել են:

Այդ հատորում Լյուիսը Ավստրահունգարական կայսրության մայրաքաղաք Վիեննան նվաճելու Օսմանյան թուրքերի երկու ձախողված (1529-ին եւ 1683-ին) փորձերի մասին է նշում: Նա գրում է, որ երկրորդ փորձից հետո օսմանցիները մի քանի ճակատամարտերում պարտվեցին եւ հյուծվեցին, իսկ «իմ սիրտը ցավում էր թուրքերի համար»:

Նա մարտնչող թյուրքամետ էր: Հակառակ թուրքական կառավարության հավաստիացումներին, որ օսմանյան արխիվները բաց են գիտնականների առաջ, ոչ մի ճշմարիտ գիտնականի, բացի Թաներ Աքչամից, թույլ չի տրվել օգտվել դրանցից, նույնիսկ այն բանից հետո, երբ այնտեղից վերացվել են մեղադրական փաստաթղթերը: (Աքչամը կարողացել էր ձեռք գցել բազմաթիվ կոդավորված փաստաթղթեր եւ ջարդել դրանց կոդերը):

Թյուրքամետ լինելու հանգամանքով Լյուիսը գուցե առաջին օտարերկրացի գիտնականն էր, որին թույլատրված էր ժամանակինՙ 1950 թվականին ուսումնասիրել այդ արխիվային փաստաթղթերը: Իր «The Emergence of Modern Turkey» հատորի երկու հաջորդական հրատարակությունների մեջ նա ընդունել էր եւ ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Հետագայում, սակայն, նա փոխեց իր դիրքորոշումը եւ հայտարարեց, որ իրականում տեղի ունեցածը դաժան կոտորած էր, որն արժանի չէ ցեղասպանություն եզրույթով սահմանվելու, «որովհետեւ չկան ապացույցներ, որ թուրքական կառավարությունն է ծրագրել, կազմակերպել այդ վայրագությունները»:

Մենք միայն ենթադրություններ կարող ենք անել այն մասին, թե ինչու նա ժխտողական դիրքորոշում որոշեց ընդունել: Թուրքիայի կողմից ճնշո՞ւմն էր, կաշա՞ռքը, թե՞ հրեական ողջակիզման եզակի բնույթը պահպանելու փորձը: Նրա դիրքորոշումը, այնուամենայնիվ, չի պաշտպանում հրեա գիտնականների մեծամասնությունը:

Լյուիսի ժխտողական հայտարարությունները ֆրանսիական «Le Monde» պարբերականում պատճառ դարձան, որ նա հայտնվի Փարիզի դատարաններից մեկում, մեղավոր ճանաչվի եւ մեկ ֆրանկի չափով խորհրդանշական տուգանք վճարի: Նա շարունակեց պնդել իր ժխտողական դիրքորոշումը, երբ «Հաարեց» թերթի թղթակիցն էր նրանից հարցազրույց վերցնում, ասելովՙ «Ի՞նչ են ուզում հայերը: Մի կողմից հոխորտում են, որ պայքարել են Օսմանյան բռնապետության դեմ, իսկ մյուս կողմից իրենց ողբերգությունը ցեղասպանություն են բնորոշում եւ շարունակում են այն համեմատել հրեական ողջակիզման հետ: Ես դա չեմ ընդունում»:

Դերերը իրար հետ փոխելով արդարացիորեն կարելի է հարցնել, թե 1942 թվին Վարշավյան Գետտոյի հրեական ապստամբությունը նացիստների դեմ որեւէ ձեւով ազդե՞լ է արդյոք Հոլոքոսթի արժանահավատության վրա:

Լյուիսը ազդեցիկ գիտնական էր: Նրա գաղափարները կշիռ ունեն: Նա նաեւ կրթել է մի ամբողջ սերունդ ժխտողականների, ինչպիսիք են Հիթ Լոուրին, Ալեքսանդր Մուրինսոնը եւ Ստանֆորդ Շոուն: 1985-ի մայիսի 19-ին «New York Times-ն» ու «Washington Post-ը» մի հայտարարություն տպագրեցին, որի տակ ստորագրած 69 ամերիկացի գիտնականներ կոչ էին անում կոնգրեսին չանցկացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Հետագայում պարզվեց, որ նախաձեռնությունը պատկանում էր թուրքական դեսպանատանը, իսկ դրամական փոխանցումը կատարվել էր «թուրք-ամերիկյան ասոցիացիաների ժողովին»: Գիտնականներին հավաքագրել էին Բեռնար Լյուիսն ու Հիթ Լոուրին: Միջադեպը ծանոթ է «Լյուիսի գործ» (Lewis Affair) անունով:

Տարօրինակ զուգադիպությամբ «Լյուիսի գործը», ինչպես նշեցինք, տեղի ունեցավ 1985-ի մայիսի 19-ին, իսկ Լյուիսը վախճանվեց 2018-ի մայիսի 19-ին: Նախախնամության մա՞տն է խառը այստեղ, թե՞ սոսկ զուգադիպություն է կատարվածը:

Բեռնար Լյուիսը վախճանված է, սակայն իր գաղափարները շարունակում են ապրել եւ արդարացնել Մերձավոր Արեւելքում կատարվող բազմաթիվ քաղաքական արկածախնդրությունները, մնալով անեծք մահմեդական ժողովուրդների եւ Հայոց ցեղասպանության զոհերի համար:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.