AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 113. «ԱՆՑ» ԲԱՌԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2018-06-22 00:34:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 2665, Տպվել է` 126, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՎՐՈՊԱՆ ՆԵՐԳԱՂԹԻՆ ԴԵՄ-ՀԱՆԴԻՄԱՆ ԹՐԱՄՓԸ ԱՆՍԱՑ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԻՆ

Պ.Ք.

Բրիտանական Daily Telegraph թերթի մեկնաբան Ջուլիեթ Սեմյուելի բնորոշմամբ, ներգաղթը գոյութենական վտանգ է Եվրոմիության նախագծի համար: Տեխնիկական առաջընթացը միլիոնավոր մարդկանց հնարավորություն տվեց հակամարտության գոտիներից փախչել եւ բախտ որոնել օտար ափերին: Բարդությունն այն է, որ, ինչպես եվրոյի դեպքում, ներգաղթի խնդիրը Եվրոմիությունում հայտնվել է փակուղու մեջ:

Եվրոպամետ քաղաքական գործիչները փորձում են դժվարություններից շատերը համաչափ տեղաբաշխել ԵՄ բոլոր երկրների միջեւՙ թեթեւացնելով զանգվածային ներգաղթից առավել շատ տուժող Հունաստանի եւ Իտալիայի բեռը: Բայց այդ նույն քաղաքական գործիչները իրենց երկրներում հանդիպում են ընդդիմախոսների կատաղի դիմադրությանը, որոնք ջանում են դա թույլ չտալ:

Եվրոմիությանը քննադատող երկրների առաջին շարքերում է Իտալիան, որի քաղաքական գործիչները դժգոհում են Աֆրիկայից եւ Ասիայից զանգվածաբար եկող ներգաղթյալների բեռի ծանրությունից: Լեհաստանն ու Հունգարիան գտնվում են ԵՄ երկրների այն խմբում, որի քաղաքական գործիչները չարացած են Բրյուսելի դեմ, որը իրենց ստիպում է գոնե որոշ թվով ներգաղթյալներ ընդունել:

Այս ամենի արդյունքում ԵՄ ղեկավարությունը չի կարողանում մեղմացնել ներգաղթի հետ կապված դժվարությունները եւ միեւնույն ժամանակ եվրոպական երկրների կառավարություններին օգնել վերահսկելու իրավիճակը: Ջուլիեթ Սեմյուելի կարծիքով, Եվրոմիությանը սպառնում է իրավական քայքայում, քանի որ ԵՄ առանձին երկրների կառավարություններ, ամենայն հավանականությամբ, իրենց ձեռքը կվերցնեն իշխանությունըՙ անկախ Բրյուսելի ցանկությունից: ԵՄ միջկառավարական գագաթաժողով կազմակերպելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի որոշումը դրա վկայությունն է:

Ինչ վերաբերում է վերջին տարիներին Գերմանիայի վարած ներգաղթի քաղաքականությանը, դրա խիստ քննադատությամբ օրերս հանդես եկավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը : Թրամփի խոսքերով, իր կառավարման օրոք ԱՄՆ-ը չի վերածվի ներգաղթյալների ճամբարի:

Երկուշաբթի օրը նախագահ Թրամփը իր Twitter-ում գրեց, որ Գերմանիայում կառավարող կոալիցիան ներկայումս անկայուն էՙ նկատի ունենալով կանցլեր Անգելա Մերկելի եւ նրա դաշնակից Քրիստոնեա-սոցիալական միության առաջնորդ Հորսթ Զեեհոֆերի լուրջ տարաձայնությունները ներգաղթի առնչությամբ:

Մինչդեռ բուն ԱՄՆ-ում քննադատությունների ալիք է բարձրացել Թրամփի դեմ: Մայիսի սկզբներին ԱՄՆ-ում սկսեցին ծնողներից առանձնացնել ապօրինաբար երկիր մուտք գործողների զավակներին: Վերջին մեկ ամսում դրա հետեւանքով ծնողերից բաժանվել են 2000-ից ավելի երեխաներ: Այդ երեխաներին տեղավորում են հատուկ պահեստային շինություններում կամ նախկին հիպերմարկետներում: Այդ քաղաքականությունը քննադատում են Թրամփի հին ու նոր զինակիցներից շատերը, իսկ Ջորջ Բուշ կրտսերի կինըՙ Լորա Բուշը , քննադատական հոդված է գրել Washington Post թերթում:

Երկուշաբթի օրը, Թրամփը իր քաղաքական գիծն արդարացնելով, Twitter-ում գրեց. «Մենք չենք ուզում, որ այստեղ կրկնվի այն, ինչ կատարվում է Եվրոպայում»: Նույն օրը Գերմանիայում Հորսթ Զեեհոֆերը վերջնագիր ներկայացրեց Անգելա Մերկելին, որպեսզի նա երկու շաբաթվա ընթացքում առաջարկի ներգաղթի հետ կապված համաձայանությունների պայմաններ ամբողջ Եվրոմիության համար, այլապես ներքգործնախարար Զեեհոֆերի գերատեսչությունը կդադարեցնի ներգաղթյալների մուտքը ԵՄ:

Զեեհոֆերն առաջարկում է Գերմանիա չթողնել ԵՄ ուրիշ երկրներում արդեն գրանցված ներգաղթյալներին, բայց Մերկելը դեմ է դրան: Այս տարաձայնությունների հետեւանքով պառակտում է առաջացել ՔԴՄ-ՔՍՄ կոալիցիայում, որը Գերմանիայում կառավարում է դաշնային պետության ստեղծումից ի վեր:

Գերմանիայի իրավիճակը քննադատելիս Թրամփն արեց որոշ պնդումներ, որոնք հերքվեցին գերմանական լրատվամիջոցներում: Մասնավորապես խոսքը հանցագործությունների թվի աճի մասին է: BBC-ի տվյալներով, ներկայումս Գերմանիայում հանցավորության մակարդակը ամենացածրն է 1992-ից ի վեր:

Պաշտոնական տվյալներովՙ հանցավորության մակարդակն իրոք նվազել է, բայց կարեւորն այն է, որ, կառավարության տվյալների համաձայն, հանցագործների ընդհանուր թվի մեջ անհամեմատ մեծ է ներգաղթյալների բաժինը:

Անցյալ տարի Գերմանիայում ապաստան խնդրողների թիվը նվազեց. ապաստանի այցով դիմել են 200 հազարից պակաս անձինք, մինչդեռ 2016 թվականին դիմել էր 720 հազար մարդ: Այդուհանդերձ ներգաղթը մնում է սուր հարցերից մեկը: Շատերն են հիշում 2015 թ. Ամանորին Քյոլնում տեղի ունեցած հարձակումների եւ կողոպուտների դեպքերը: Զոհերից շատերը ցուցմունքներ տվեցին, որ իրենց վրա հարձակվել են արաբական կամ հյուսիսաֆրիկյան արտաքինով անձինք:

Եվրոնյուզի հաղորդման համաձայն, ներգաղթյալների ժառանգները կազմում են Գերմանիայի ամբողջ բնակչության 23 տոկոսը, իսկ նախադպրոցական տարիքի երեխաների մեջ այդ ցուցանիշը հասնում 40-ի: Այս հանգամանքը առավել նկատելի է դպրոցներում, որտեղ ներգաղթյալների երեխաները հաճախ միավորվում եւ ճնշումներ են գործադրում գերմանացի երեխաների վրա:

Ինչպես նշում է ֆրանսիական Le Monde օրաթերթը, 2015-2016 թթ. մեկ միլիոնից ավելի ներգաղթյալների մուտքը Եվրոպայում առաջացրեց քաղաքական մեծ լարվածություն: Միեւնույն ժամանակ, ներգաղթային ճգնաժամը Եվրոպայում ամենուրեք աշխուժացրեց ծայրահեղ աջ ուժերին: Իտալիայում եւ Ավստրիայում ճգնաժամը հասավ կառավարության մակարդակին, իսկ Գերմանիայում արտացոլվեց խորհրդարանական ընտրությունների արդյունքներում:

Խնդիրը բարդ է, քանզի Գերմանիայում կառավարող կոալիցիայի աջակողմյան թեւը Անգելա Մերկելից պահանջում է այն, ինչին դեմ է Իտալիան, որը ներգաղթի զանգվածային ալիքի պայմաններում ԵՄ ղեկավարությունից պահանջում է ներգաղթյալների տեղաբաշխում ամբողջ Եվրոպայում: Իտալիան արդեն դադարեցրել է անօրինական ներգաղթյալների նավերի ընդունումը երկրի նավահանգիստներում:

Հունգարիան ներգաղթը կասեցնելու նպատակով օրերս 25 տոկոս հարկ սահմանեց ներգաղթին օժանդակող ոչ կառավարական կազմակերպությունների վրա, ինչը դատապարտվեց Բրյուսելի կողմից:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, Թրամփը անցյալում դեմոկրատներին քննադատել է երկրի սահմանների թույլ վերահսկողության համար: Դեմոկրատներն իրենց հերթին կասկածում են Թրամփի դիրքորոշման արդյունավետությանը:

Twitter-ում Անգելա Մերկելի դեմ Դոնալդ Թրամփի կատարած հարձակումները ցույց տվեցին, որ նախագահ Թրամփը հասել է գործունեության նոր մակարդակի: Նրա խոսքերից շատերը բեկում են որոշ հիմքեր, որոնց վրա այսօր հենվում է Գերմանիան, գրում է ԱՄՆ-ում գերմանական Die Welt թերթի թղթակից Կլեմենս Վերգինը :

Ըստ նույն աղբյուրի, ներգաղթի քաղաքականության մեջ ԱՄՆ վարչակազմի վրա գործադրվող ճնշումը վերացնելու նպատակով նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է միջամտել Եվրոպայի եւ մասնավորապես Գերմանիայի ներքին գործերին, ինչը Գերմանիայում վրդովմունքի ալիք է բարձրացրել: «Ամբողջ Եվրոպայում թույլ տրվեցին լուրջ սխալներ: Այնտեղ ընդունեցին միլիոնավոր մարդկանց, որոնք ուժգնորեն եւ ագրեսիվորեն փոխեցին եվրոպական մշակույթը»,- իր Twitter-ում գրում է Թրամփը:

Ինչպես Brexit-ի դեպքում, Գերմանիայում թերագնահատում են նաեւ այն դերը, որը Մերկելի միգրացիոն քաղաքականությունը խաղաց ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելու գործում, ով կարողացավ ներգաղթյալների հետ կապված երկյուղների գործոնն օգտագործել սեփական ընտրախավին համախմբելու նպատակով: Die Welt-ը եզրկացնում է, որ ներկայումս Թրամփը Գերմանիայի քաղաքական տարաձայնություններն օգտագործում է ներգաղթի սեփական քաղաքականությունն արդարացնելու համար:

Զանգվածային քննադատություններից (այդ թվում հանրապետականների) հետո հունիսի 20-ին Դոնալդ Թրամփը հրամանագիր ստորագրեց դադարեցնելու ընտանիքների բաժանումըՙ մամլո ասուլիսում նշելով, որ միեւնույն ժամանակ երկրի սահմանները շարունակելու են լրջորեն պաշտպանվել ապօրինի ներգաղթից, տեղեկացնում է ամերիկյան CBS News-ը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-06-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.