AZG Daily #27, 14-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 120. «ԻՆՖՈՐՄԱՑԻԱ» ՏԵՐՄԻՆԻ ԵՎ ՆՈՒՅՆ ԱՐՄԱՏՈՎ ԱՅԼ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-06-2018



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2018-06-08 11:50:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 4498, Տպվել է` 646, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՎԱԾ ՆԱԽԱԳԱՀ

ՆԱԻՐ ՅԱՆ

Հանդիպում սփյուռքահայ աշակերտների հետ

Հայաստանի նախագահի ինստիտուտին վերապահումներով ենք վերաբերվում: Խորհրդարանական երկիր ենք, սահմանադրությամբ նախագահի լիազորությունները անգթորեն կրճատված են. նախագահը գործադիր կառավարման հնարավորություններ չունի եւ այլն, եւ այլն:

Երբ 2-3 ամիս առաջ Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն որպես ՀՀ նախագահի իրենց թեկնածու առաջարկեց Արմեն Սարգսյանին, ոչ ոք չէր կասկածում, որ ԱԺ-ը հենց նրան էլ անցկացնելու է: Այդ ընթացքում ՀՀԿ-ն նախաձեռնեց ու իրականացրեց Արմեն Սարգսյանիՙ իր բնույթով ու էությամբ քարոզարշավը: Նախագահի թեկնածուն պարբերաբար հանդիպումներ էր ունենում ՏՏ, կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ, ջանում ճանաչել մեր հանրությանն ու իրեն էլ ճանաչելու հնարավորություն տալ:

Հանդիպումներից մեկը ֆիզմաթ դպրոցում էր. աշակերտները Արմեն Սարգսյանին ցույց տվեցին ֆիզիկամաթեմատիկական բարձրագույն գիտելիքների գործնական կիրառումների բազմաթիվ օրինակներՙ ռոբոտներ, գյուտեր: Նախագահի թեկնածուի հարցին, թե որտե՞ղ եք պատրաստվում կրթությունը շարունակել, հետո նաեւ աշխատել, ֆիզմաթի բոլոր աշակերտները պատասխանեցինՙ ոչ Հայաստանում: Ինչո՞ւՙ զարմանալիորեն զարմացավ Արմեն Սարգսյանը : Գյուտարար պատանիները պատասխանեցինՙ մեր երկրում կրթական ու աշխատանքային ապագա չենք տեսնում: Որպես երկրի ապագա նախագահիՙ հարցրեցի. «Ձեզ չե՞ն մտահոգում պատանիների արտագաղթելու մտադրությունները, Ձեր անելիքներում չե՞ք պատրաստվում որպես ռազմավարությունՙ ծրագրեր մշակել, որպեսզի խելացի, տաղանդավոր մարդիկ մնան հայրենիքում, այստեղ գտնեն իրենց ապագան ու արժանապատիվ կյանքը»: Կարծես վատ հարց չէր: Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Ես այդ հարցերով չեմ զբաղվելու, բայց դրա մասին կզեկուցեմ Սերժ Սարգսյանին ու նրա հետ կքննարկենք»: Ահա այսպիսի պատասխան ՀՀ ապագա նախագահի շուրթերից: Իսկ կարճ ժամանակ անց նա ՀՀ նախագահ դարձավ;

Անցավ 2-3 ամիս. ինչպես ընդունված է ասելՙ նոր Հայաստանում Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալեց ՀԲԸՄ-ի Լոս Անջելեսի Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 7 տասնյակ սաների: Նրանց մի մասը Հայաստան էր եկել կամավորական աշխատանքով զբաղվելու, մյուսներըՙ հայրենիքը տեսնել-ճանաչելու նպատակով: Սփյուռքահայ աշակերտների մի մասի ծնողները Հայաստանից էին արտագաղթել ԱՄՆ, մյուսները այլ գաղթօջախներից էին տեղափոխվել այնտեղ: Համենայն դեպս, 16-18 տարեկան պատանիներից եւ ոչ մեկը Հայաստանում չէր ծնվել. հայերեն դժվարությամբ էին խոսում, բայց քաջատեղյակ էին հայաստանյան բոլոր անցուդարձերին ու խնդիրներին: Ակնհայտ էր, որ հայրենիքը նրանց ընտանքների առօրյայի բաղկացուցիչն էՙ մարմնով ԱՄՆ-ում, հոգովՙ այստեղ: Թավշյա հեղափոխությունն էր հիմնական պատճառը, որ լոսանջելեսաբնակ պատանիներն առանձնակի հետաքրքրությամբ էին շտապել Հայաստան գալՙ սեփական աչքերով տեսնելուՙ ինչ է փոխվել այստեղ, ինչպե՞ս է իրականացվել իշխանափոխությունը: Պարսկահայ Դերենիկը նկատեց. «Լոս-Անջելեսում հեղափոխությունն այնքան մեծ ոգեւորություն բերեց. եկա Հայաստան, տեսա, որ իմ սպասածին հակառակՙ ամեն ինչ նույնն է, բայց մարդիկ ասում ենՙ ոչ ու ոչ, միայն Նիկոլը պիտի վարչապետ լինի: Լավ, թող լինի, բայց հանկարծ նախկինի նման չլինիՙ մարդը հավերժ դառնա Հայաստանի ղեկավար: Դա լավ բանի չի հանգեցնի: Ես իմ ապագան քաղաքականության հետ եմ կապելու ու կարծում եմ, որ վարչապետը, նախագահը որքան էլ լավը լինեն, 4-8 տարուց ավելի չպետք է երկիր ղեկավարեն: Ու եթե վատ ղեկավար են, պետք է շատ արագ թողնեն-հեռանան»:

Նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկեց հանդիպումն անց կացնել հարցուպատասխանի ձեւաչափովՙ ազատ, անկաշկանդ, անկեղծ քննարկումներ: Պատանիներն էլ իրենց հուզող հարցերը հնչեցրինՙ Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը հուսադրող չէ, աշխատատեղեր չկան, Մուրացանի զինվորական հոսպիտալում պայմանները շատ վատն են, Հայաստանի մարզերում կյանքը սարսափելի ծանր է, մարզաբնակներըՙ անուշադրության մատնված, մենք գազ ու նավթ չունենք, ինչպե՞ս է երկիրը զարգանալու, ի՞նչ ուղիներով:

Նախագահ Արմեն Սարգսյանը ստեղծեց ազատ ինքնաարտահայտվելու, քննադատելու, անգամ բանավիճելու տրամադրող մթնոլորտ: Ինքն էլ նախանշեց այն բացթողումներն ու լուրջ սխալները, որոնք եղել են կառավարման համակարգում: Այն, որ նախագահը պատանիներին վերաբերվում, նրանց հետ շփվում էր առանց պայմանականությունների, անկեղծության ու հավասարության հարթակից, ակնհայտ ազնիվ էր: Հակառակ դեպքում 70 պատանիները, այն էլ ԱՄՆ-ում ծնված ու ապրած, անմիջապես կզգային, որ դիմացինն իրենց նկատմամբ անկեղծ չէ, այլ ուղղակի անկեղծություն է խաղում: Մեր նախագահը շփվելու , դիմացինին լսելու եւ ադեկվատ պատասխան տալու կուլտուրա ունի: Մեր նախագահը դիմացինին չխաբելու, նրան հարգելու եւ նրա կարծիքի հետ հաշվի նստելու որակներ ունի: Մեր նախագահն իրավիճակը ճիշտ գնահատելու եւ այդ իրավիճակում իր պարտավորությունները գիտակցելու գիտակցում ունի: Մեր նախագահը երկրի զարգացման հեռանկարների իրատեսական լուծումներ ու մոտեցումներ ունի: Մեր նախագահն ինքնավստահություն է ձեռք բերել, հավատում է իր ու իր ժողովրդի ուժերին: Մեր նախագահը ձերբազատվել է 2-3 ամիս առաջ իրեն պարուրած վախերից, իր ամեն բառի համար Սերժ Սարգսյանին զեկուցելու ու նրա հերթական հրահանգները կատարելու պարտավորությունից: Մեր նախագահը ձերբազատվել է իրեն գորշ միջակություն, սեփական կարծիքն ու միտքը չունեցողի կերպար ձեւավորելու, սեփական «ես»-ը սեփական կամքով ճնշելու լուռ համաձայնությունից: 2-3 ամիս հետո մեր նախագահը լիովին կերպարանափոխվել էր, վախենալու վախից ձերբազատվել: Մեր նախագահը թոթափել է ՀՀԿ-ի ու դրա առաջնորդի լուծը եւ ներկայանում է այնպիսին, ինչպիսին կա:

Սփյուռքահայ լսարանի առաջ նա նախանշեց այն ուղիները, որոնցով Հայաստանը կարող է իր կյանքն ու ապագան փոխել, զարգացման քայլեր անել: Մենք նավթ ու գազ չունենք, բայց ունենք ջուր, բնական հանքեր, պատմամշակութային հուշարձաններ, բանկային կայացած համակարգ: Եվ ամենակարեւորըՙ մենք ունենք խելացի, մտավոր, ստեղծագործական մեծ ներուժ ունեցող երիտասարդություն: Նախագահի համոզմամբՙ մեր երկրի առաջընթացի կարեւոր նախադրյալները կան, պետք է կազմակերպել ճիշտ կառավարման մեթոդներն ու բոլոր ոլորտների համաչափ զարգացման ուղիները: «1990-ականներին մութ ու ցուրտ էր, բայց մարդիկ հոգեպես ավելի ամուր էին, հույս ու հավատով լի, որովհետեւ համոզված էին, որ դժվարությունները ժամանակավոր են: 2000-ականներին արտագաղթի տեմպերն ահագնացան, որովհետեւ բարոյահոգեբանական մթնոլորտն անկում ապրեց, մարդիկ կորցրին հույսն ու հավատը եւ մեծ թափով հեռացան հայրենիքից: Եթե այսօր կոռուպցիա կա, բայց մարդը տեսնում է, որ իր երկրում այդ կոռուպցիայի դեմ իսկապես պայքարում են, եթե կա աղքատություն, բայց մարդը տեսնում է, որ իր երկրում այդ աղքատության դեմ իրական պայքար է մղվում, եթե կա անարդարություն, բայց մարդը տեսնում է, որ այդ անադարության դեմ իրական պայքար է մղվում, նա կհավատա իր իշխանություններին, կմնա ու կապրի իր երկրում»,- սփյուռքահայ աշակերտների հանդիպման ավարտին ասաց նախագահ Արմեն Սարգսյանը: Նա բացատրեց, որ իր լիազորությունները քիչ են. ինքը գործադիր կառավարման մեջ դեր չունի, բայց կարող է ու պարտավոր է լսել մարդկանց խնդիրները, ձեւավորել հանրային կարծիք ու այդ կարծիքը հասցնել կառավարությանը: Դա անել կարող է:

Նախագահի ադեկվատ, բնական ու առանց պայմանականությունների շփումն ակնհայտորեն դրական տպավորություն գործեց սփյուռքահայ պատանիների վրա: Հայրենիք վերադառնալու մոտալուտ պայմաններ նա չառաջարկեց, գունավոր ակնոցներ չնվիրեց ու Հայաստանի ներկան դրախտային չներկայացրեց: Մի քանի օրից պատանիները կմեկնեն ԱՄՆ. համենայն դեպս, նրանց ոչ ոք չխաբեց ու ոչ մի մակարդակով, բարեբախտաբար, նաեւ նախագահի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-06-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.