AZG Daily #24, 22-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 99. ՄԵԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 25-05-2018



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2018-05-26 20:49:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 2076, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՈՄՊԵՈՅԻ ՎԵՐՋՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Պ.Ք.

ԵՄ միահամուռ հակազդեցությունն ԱՄՆ-ի ճնշմանը

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն , Վաշինգտոնում Heritage Foundation-ում ելույթ ունենալով, ուրվագծել է այն միջոցառումների ամբողջությունը, որոնք ամերիկացիները մտադիր են իրականացնել Թեհրանի նկատմամբ: Փորձագետները դրանք անվանում են «ամենակոշտ պատժամիջոցները պատմության մեջ»: Ընդսմին Պոմպեոն ընդգծել է, որ Իրանի նկատմամբ Վաշինգտոնի ռազմավարությունն այսուհետեւ կիրականացվի 2015թ. Իրանի միջուկային բազմակողմ համաձայնագրի պայմաններից անկախ: Նա շեշտել է Իրանի հետ միջուկային նոր գործարքի կնքման կարեւորությունը, բայց դրա համար իրանցիները պետք է կատարեն ԱՄՆ-ի տասներկու պայման:

Պետքարտուղարի խոսքերով, Իրանն ունի սեփական ժողովրդին պաշտպանելու, բայց ոչ ուրիշ երկրների ժողովուրդներին սպառնացող գործողությունների իրավունք: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հաղորդման համաձայն, Թեհրանին ներկայացվում են հետեւյալ պահանջները. ամեն մի նոր համաձայնագրի շրջանակներում Թեհրանը պարտավոր է դադարեցնել միջուկային զենքի մշակումներըՙ հրաժարվելով ուրանի հարստացումից եւ երբեւիցե չձեռնարկելով պլուտոնիումի հարստացման փորձեր, ինչպես նաեւ երկրի ամբողջ տարածքում ՄԱԿ-ի տեսուչներին միջուկային օբյեկտներ մտնելու հնարավորություն ընձեռել: Բացի դրանից, Իրանը պարտավոր է դադարեցնել բալիստիկ հրթիռների տարածումը եւ ապակայունացնող գործունեությունը Մերձավոր Արեւելքում, ինչպես նաեւ ազատ արձակել ԱՄՆ-ի եւ նրա դաշնակից երկրների բոլոր քաղաքացիներին:

Պոմպեոն պահանջել է, որ Թեհրանն այլեւս չօգնի Մերձավոր Արեւելքի զինված կազմավորումներին, այդ թվում լիբանանյան «Հզբոլլահին», պաղեստինյան «Համասին», Եմենի հութի ապստամբներին եւ Աֆղանստանի թալիբներին: Եթե Իրանը կտրուկ չփոխի իր ուղեգիծը, ապա Վաշինգտոնը նրա վրա աննախադեպ ֆինանսական ճնշում կգործադրի: Պետքարտուղարը ընդգծել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները կիրականացվեն Պենտագոնի եւ երկրի տարածաշրջանային դաշնակիցների հետ սերտ համագործակցությամբ: Հարկ է նշել, որ այդ պայմանները հիշեցնում են ավելի շուտ վերջնագիր, որը նման է բոլոր ճակատներում Իրանի դեմ ձեռնարկվող մարտական գոծողությունների: Սա առաջին:

Երկրորդ, պայմանների պահանջների ամբողջությունը այնքան համապարփակ բնույթ է կրում, որ դա, ինչպես նշում է Իրանա-ամերիկյան ազգային խորհրդի նախագահ Տրիտա Պարսին , «անիրատեսական է եւ դատապարտված է ձախողման: Դա ոչ թե բանակցությունների, այլ պատերազմի բաղադրատոմս է»:

Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, Պենտագոնի հիշատակումը ենթադրում է ռազմական սցենար, իսկ ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցներինըՙ դիվանագիտական սցենար: Նման կոնկրետացումը բացառում է ամերիկացիների կողմից Իրանի միջուկային գործարքի մյուս մասնակիցներիՙ ՌԴ-ի, ՉԺՀ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ներգրավումը:

Տարասովի կարծիքով, հազիվ թե պատահական զուգադիպություն համարվի Պոմպեոյի ծրագրի հրապարակումը եւ Եվրոհանձնանաժողովի կողմից անցյալում չկիրառված 1996 թ. շրջափակող օրենքի ընդունումը, որով եվրոպական ընկերություններին արգելվում է պատժամիջոցներ ձեռնարկել Իրանի դեմ: Ակնհայտ է, որ Վաշինգտոնը Իրանի առնչությամբ պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Եվրոմիության դեմ, եւ ոչ միայն: Հակաիրանական պատժամիջոցները խախտող եվրոպական ընկերությունները կարող են պատժի ենթարկվել, եթե գործում են ԱՄՆ-ի տարածքում:

Ըստ էության, ընկերությունները կանգնած են ընտրության առջեւ. ամերիկյա՞ն, թե՞ իրանական շուկա: Եվրոպական մի քանի խոշոր ընկերություններ արդեն հեռացել են Իրանից: Խոսքը մասնավորապես ֆրանսիական նավթային Total-ի եւ Engie էներգետիկ ընկերության մասին է: Այնպես որ բաց է մնում ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը շրջափակելու եվրոպացիների հնարավորության հարցը: Դրա նպատակը պետք է լինի ճնշման նվազեցումը Իրանի եւ Եվրոմիության վրա:

Թեհրանն օգտագործում է տվյալ հանգամանքըՙ ասելով, որ եթե միջուկային համաձայնագրի եվրոպացի մասնակիցները չկատարեն առեւտրատնտեսական համագործակցությանն ուղղված պայմանները, ապա Իրանը սեփական միջուկային ծրագիրը վերսկսելու որոշում կընդունի: Սա ամերիկացիների նոր գործողության մի կողմն է:

Երկրորդ կողմը վերաբերում է ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցների մասնակցությանը: Խոսքը գլխավորապես Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի մասին է, որոնք իրանական գործարքի ամենամոլի հակառակորդներն են: Ըստ որում, Էր-Ռիադը եւ Թել-Ավիվը տարբեր ձեւերով ներքաշված են մերձավորարեւելյան հակամարտությունների մեջ: Իսրայելը, բացի Պաղեստինի հարցից, հակամարտություների մեջ ներքաշված է առայժմ անուղղակի կերպով:

Սակայն ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելը եւ դեսպանատունն այնտեղ տեղափոխելը սահմանափակում են իրանական եւ մյուս միջուկային սպառնալիքների դեմ-հանդիման սաուդցիների մանեւրելու հնարավորությունները: Այդ պատճառով, Վաշինգտոնի հրապարակած նոր պայմանները ավելացնում են մեծ պատերազմի վտանգը Մերձավոր Արեւելքում:

Բայց խոսքը ոչ թե ԱՄՆ-ի եւ Իրանի, այլ Իսրայելի եւ Իրանի պատերազմի մասին է: Վաշինգտոնը Մերձավոր Արեւելքում արդեն իսկ գործի է դրել երկարաժամկետ գործողության սցենար, որի ընթացքում կարող են տեղի ունենալ տարածաշրջանում ուժերի հարաբերակցության փոփոխություններ: Ամերիկացիների սկսած խաղը վաղ թե ուշ մերձավորարեւելյան երկրներին, ապա նաեւ Անդրկովկասին եւ առաջին հերթին Ադրբեջանին կստիպի ընտրություն կատարել:

Խաղի վերջնական նպատակը կարող է լինել Իրանի միջուկային գործարքի պայմանների վերանայումը: Սակայն Թրամփի պահանջներին ի պատասխանՙ Իրանի նախագահ Հասան Ռուհանին ասում է, որ «հռետորաբանության եւ սպառնալիքների դարաշրջանը վաղուց անցյալի գիրկն է անցել: Ովքե՞ր եք դուք, որ վճիռներ եք կայացնում Թեհրանի եւ ամբողջ աշխարհի համար: Այսօր աշխարհը չի համակերպվում այն բանին, որ Վաշինգտոնը որոշումներ է ընդունում ամենքի համար: Երկրներն ունեն անկախություն»: Ռուհանին ավելացնում է, որ Իրանը չի հեռանա Սիրիայից:

Իրանցիների հակազդեցությունը հասկանալի եւ բացատրելի է: Բայց դա առայժմ միայն առաջին հուզական հակազդեցությունն է: Վաշինգտոնը Թեհրանից փաստորեն պահանջում է արմատապես փոխել տարածաշրջանային քաղաքականությունը:

Վերջին շաբաթներին նախագահ Թրամփի կատարած քայլերը խարխլում են ԱՄՆ-ի հարաբերությունները միջազգային մի շարք սուբյեկտների հետ: Բերենք մի քանի օրինակ:

Եվրոպայում արդեն ի հայտ է եկել դաշինք, որն անվանակոչել են «դաշինք ՄՄՄ», քանի որ այն գլխավորում են երեք մեծ տերությունների ղեկավարներըՙ Մերկելը, Մակրոնը եւ Մեյը: Նրանք հրաժարվել են ԱՄՆ-ի հրամանով դուրս գալ Իրանի միջուկային գործարքից: Եվրոմիությունը նաեւ պահանջում է, որ Վաշինգտոնը չեղյալ հայտարարի եվրոպական արտադրանքների վրա սահմանվող մաքսատուրքերը:

Եվրոմիությունը շրջափակում է ամերիկացիների հակաիրանական պատժամիջոցները: Եվրոհանձնաժողովը կիրառության մեջ է դրել վերոհիշյալ 1996 թ. օրենքը, որը ԵՄ ընկերություններին հնարավորություն է տալիս փոխհատուցել պատժամիջոցների հետեւանքով իրենց կրած կորուստները, ինչպես նաեւ ի չիք է դարձնում այս կապակցությամբ օտարերկրյա, տվյալ դեպքումՙ ամերիկյան դատարանների կայացրած վճիռների հետեւանքները Եվրոմիության համար:

Իրանը Եվրոմիության հետ ստեղծել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է ամերիկյան պատժամիջոցների պայմաններում դեպի ԵՄ իրանական նավթի արտահանումներով: Եվրոմիությունը մտադիր է իրանական նավթի դիմաց ամերիկյան դոլարի փոխարեն վճարել եվրոյով:

Ֆլորենցիայում օրերս կայացած կոնֆերանսում Եվրոմիության արտաքին քաղաքականության եւ պաշտպանության գծով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ Եվրոպային անհրաժեշտ է ունենալ պրոֆեսիոնալ բանակ: Իսկ դա նշանակում է ՆԱՏՕ-ի ճգնաժամ, որի անդամ եվրոպական երկրները չեն ուզում վճարել կանոնադրությամբ նախատեսված ՀՆԱ 2 տոկոսը: Ներկայումս անդամավճարները ԱՄՆ-ի հետ ընդհանուր դրամարկղին հանձնելու փոխարեն Երոմիությունը մտադիր է փողերը ծախսել սեփական բանակի ստեղծման նպատակով: Դա Հին եւ Նոր աշխարհների տարանջատման եւս մեկ արտահայտություն է:

Թրամփը ճնշում է գործադրում Գերմանիայի վրաՙ պահանջելով չեղյալ հայտարարել «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումը, եւ գերմանացիներին սպառնում է առեւտրական պատերազմով: Ի պատասխանՙ Սոչիում Պուտինի հետ հանդիպման ժամանակ Անգելա Մերկելը հայտարարեց, որ պայմանագիրը մնում է ուժի մեջ: Նա հավելել է, որ «Եվրոպան չի ենթարկվի ԱՄՆ-ի ճնշմանը եւ չի կարող հույս դնել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի վրա»:

Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը իր հերթին խստիվ քննադատել է իր անվանակից Թրամփի քաղաքականությունը. «ԱՄՆ նախագահի որոշումներին հետեւելովՙ կարելի է վերհիշել հայտնի ասացվածքը, թե նման բարեկամներ ունեցողը թշնամիների կարիք չունի: Եվրոմիությունը պետք է երախտապարտ լինի Դոնալդ Թրամփին. հենց նրա շնորհիվ եվրոպացիները ձերբազատվեցին պատրանքներից: Հիմա այստեղ հասկանում են, որ հարկավոր է հույս դնել միայն սեփական ուժերի վրա»:

Եվրոմիության առեւտրի հանձնակատար Սեսիլյա Մալմստրյոմը սպառնացել է Վաշինգտոնի կողմից պողպատի եւ ալյումինի տուրքերի սահմանման դեպքում կիրառել «եռակի հակազդեցություն»: Դրանով նկատի են առնվում Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ-ի դեմ հայցի ներկայացումը, եվրոպական արտադրողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումները եւ տուրքերի հաստատումը ամերիկյան ապրանքների վրա, ներառյալ պողպատաձուլական արդյունաբերության արտադրանքները, նարնջի հյութը, ջինսերը, վիսկին եւ «Harley-Davidson» մոտոցիկլետները:

Ֆրանսիայի տնտեսության եւ ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերի բնորոշման համաձայն, Ամերիկան իրավունք չունի լինելու մոլորակի տնտեսական ժանդարմը: Նրա խոսքերովՙ ամերիկացիները հարգում են միայն ուժի ցուցադրումը:

Սոֆիայում օրերս ավարտված ԵՄ գագաթաժողովը ակնբախորեն ցույց տվեց, որ Եվրոմիության բոլոր քսանութ երկրները համակարծիք են հակաամերիկյան դիրքորոշման մեջ: Նույնիսկ ավանդաբար ամերիկամետ համարվող բալթյան հանրապետություններըՙ Լեհաստանը, Ռումինիան եւ մյուսները համերաշխվեցին մյուս եվրոպացիների հետ: Սրա պատճառը գագաթաժողովի նախօրեին բացահայտված այն իրողությունն էր, որ յանկիները Մերձբալթիկայի եւ Լեհաստանի վրա հսկայական ռազմատուգանքներ են դրել Երկրորդ աշխարհամարտի համար:

Խոսքն այն մասին է, որ Դոնալդ Թրամփի հրապարակած 447 հրամանի համաձայն, միայն լեհերը պետք է 300 մլն դոլար փոխհատուցում վճարեն հրեաներին: Պետքարտուղարը պետք է 18 ամսվա ընթացքում հաշվետվություն ներկայացնի աշխարհի 46 երկրներում հրեաների կորցրած ունեցվածքի վերաբերյալ: Խոսքը առաջին հերթին Հոլոքոստի ժամանակ կորսված սեփականության փոխհատուցման մասին է:

Հանրապետական եւ դեմոկրատ 57 սենատորներ Կոնգրեսին ուղարկած նամակում նշում են, որ Լեհաստանը Եվրոպայի վերջին մեծ երկիրն է, որը մինչեւ օրս փոխհատուցում չի վճարել: Եվրոմիությունում առավել ամերիկամետ հանդիսացող լեհերը այժմ իրենք են զգում Վաշինգտոնի դավաճանության հետեւանքները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 25-05-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.