AZG Daily #24, 22-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 9. ՏԻՐ ԱՍՏՎԱԾԸ ԵՎ ՏՐԵ ԱՄԻՍԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 25-05-2018



Տեղադրվել է` 2018-05-26 20:49:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3119, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇՔԵՂ ԱՐՁԱՆ ԵՎ ԱՂԲԱՆՈՑԻ ՎԵՐԱԾՎԱԾ ՏՈՒՆ. ԴՐԱՆՔ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆՆ ԵՆ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Ինչպես գիտենք, եւ գիտեն բոլորը կամ գրեթե բոլորը, այս տարի լրանում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրաման հարյուրամյակը: Հարյուր տարի առաջ մենք ունեցել ենք Հայոց պատմության մեջ շատ կարճ կյանք ունեցող առաջին անկախ հանրապետություն, որի դերը, չնայած այդ կարճ կյանքին, նշանակալի է եղել, եւ որի, վատ առումով, խիստ նշանակալի անկման պատճառների մասին խոսում ենք արդեն հարյուր տարի, ինչպես ասում ենՙ մինչեւ այսօր թթուն խմում ենք: Այնուամենայնիվ, անկախ կարճատեւ կյանքին, այդ պետությունը Բագրատունիներից ու Կիլիկյան թագավորությունից հետո առաջին հայկական պետական միավորն էր, անկախության առաջին ձգտումը, եւ, ահա, մոտենում է նրա ծննդյան հարյուրամյակը: Տոն է:

Տոնին ընդառաջ Հայաստանի երրորդ հանրապետությունը որոշել է Երեւանում կանգնեցնել Հայաստանի առաջին հանրապետության ակնառու դեմքերից մեկիՙ Արամ Մանուկյանի արձանը: Ճիշտ է, մի հարյուր տարի ուշացել ենք, բայց հիանալի է: Ուղղակի զարմանալի է, եթե 70 տարի խանգարում էր ԽՍՀՄ-ը, իսկ 1988-ից հետո ինչո՞վ էինք կամ էին զբաղված Արամ Մանուկյանի անվամբ ու դիմանկարով հպարտացողները, թե՞, այնուամենայնիվ, մինչեւ վերջերս հայաստանյան մթնոլորտում դեռ առկա էրՙ Նժդեհի մատնանշած «կարմիրների» շունչը: Այդուհանդերձ, անկախ ոչ այնքան տպավորիչ արտաքինին, Ա. Մանուկյանի նման մարդու արձանի տեղադրման փաստն ուրախալի է, եւ վստահ եմՙ բոլորիս համար: Բայց, մի րոպե. Արամ Մանուկյանին հարգանքի տուրք մատուցելու լավագույն տարբերակն արձա՞նն էր, իսկ նրաՙ աղբանոցի վերածված տունն ի՞նչ ենք անելու:

Պատկերացրեքՙ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի կենտրոնում կանգնեցվել է Արամ Մանուկյանի արձանը, որով պետք է հպարտանանք ու որին պետք է խնկարկենք: Բայց ի՞նչ սրտով ու խղճի զգացումով ենք խնկարկելու այդ հուշարձանը, երբ Արամ Մանուկյանի տունն աղբանոց ենք դարձրել: Մենք մեր թուլություների տեղը լավ գիտենք, լավ գիտենք, որ կարող ենք մեկ օրում աննշան մեկից հերոս կռել, հերոսիցՙ աննշան մեկին: Ցավոք սրտի, մենք տասնամյակներ շարունակ, մեր անտարբերությամբ, Արամ Մանուկյանի հետ վարվել ենք երկրորդ տարբերակով: Բայց ամեն բան միայն մեզնով չէ, ինչպես վերջին երկու-երեք տասնամյակների մեր ղեկավարությունն է պնդում, Հայաստանը կայուն զարգացող պետություն է (չնայած նոր կառավարությունն այլ բան է պնդում եւ փորձում է այդ այլ բանն այլ բանի վերածել), իսկ նման երկրներում մեծ զարգացում ունի զբոսաշրջությունը: Զբոսաշրջիկներն, ինչպես պնդում են տաքսիների «ուստա» վարորդները, եւ ինչպես երկարամյա փորձն է ցույց տալիս, շատ հետաքրքրասեր են, հատկապեսՙ ճարտարապետական կոթողների ու հուշարձանների նկատմամբ: Արդեն պարզ է, որ ի թիվս այլ կոթողների, նրանք անպայման կհետաքրքրվեն նաեւ այս արձանով, մանավանդ որ այն քաղաքի կենտրոնում է լինելու, այսինքն, ինչպես ասում ենՙ աչքի առաջ: Մենք էլ, իհարկե, թարմ ականջ գտած շատախոսի հրճվանքով, սիրով ու ամենայն պաթոսով, լուն ուղտ դարձնելով կպատմենք, որ սա Հայաստանի առաջին հանրապետության ՆԳ մինիստրի արձանն է, որ նա կանգնած է այդ հանրապետության ակունքներում եւ այլն: Իհարկե, ամեն ինչ ճիշտ է, այդ ամենը ժխտելու ոչ միտում կա, ոչ էլՙ հիմք: Բայց, եթե մենք զրույցով տարված քայլենք ընդամենը 300-400 հարյուր մետր, կհայտնվենք մի հին շինության առաջ, որը քաղաքի կենտրոնում ուղղակի քարե աղբամանի է վերածվել: Եւ երբ Արամ Մանուկյանով ու նրա ապրած շրջանի պատմության հերոսական շնչով շնչահեղձ լինող զբոսաշրջիկը մի կերպ արտաշնչի ու թթվածնի նոր չափաբաժինը կլանելով հարցնիՙ ի՞նչ շինություն է այդ բնակարանանման աղբանոցը, եւ ինչի՞ համար են խեղճ պատվանդանի արանքում խցկված այդ մի քանի, ուր որ է, փտած վարդերն ու մեխակները, մենք, ընկերնե՛ր, ամոթից շնչահեղձության կհասնենք ու գետինը մտնելու զգացումով կնշենք, որ դա նույնՙ մեր կողից խնկարկվող ու մեծարվող Արամ Մանուկյանի տունն է, որը հետանկախության շրջանում վերածել ենք աղբանոցի ու... ու դրա համար, կարծեսՙ չենք էլ ամաչում:

Բայց այս անգամ մենք կամաչենք, ստիպված կլինենք ամաչել, որ Արամ Մանուկյանի շքեղ (ըստՙ քանդակագործի) արձանի մոտակայքում ու Արամի փողոցում, Արամիՙ աղբանոցի վերածված տուն ունենք: Եւ գուցե ինքներս մեզ հարց տանք. Արամ Մանուկյանը, որով հպարտանում ենք մենք, հպա՞րտ է մեզնով:

«Մենքով» եմ խոսում, ամեն ինչի մասին խոսելիս «մենք» եմ գրումՙ մտքումս ունենալով Հովհաննես Թումանյանիՙ Ավետիք Իսահակյանին ուղղված նամակը, որտեղ Կարսի անկման մասին պատմելիս գրում է. «Կարճ ասեմ. մենք թե՛ դրսից, եւ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը»:

Բայց բոլոր տեսակի «մենքերով» ու «մենքի» դրսեւորումներով հանդերձՙ հետաքրքրական է, ՀՅԴ-ն չի՞ տեսնում այդ տունը, եթեՙ ոչ, թող տեսնի, իսկ եթե տեսել էՙ ամենայն պատասխանատվությամբ կոչ եմ անում «կուսակցությանը ծառայող» սեւ ամենագնացներից (չնայածՙ գույնն այդքան էլ կապ չունի) մի քանիսը «զոհել» հանուն Արամ Մանուկյանի բնակարանի, կամ գոնե Արամ Մանուկյանի կերպարի հետ ոչ մի կապ չունեցող արձանի տեղադրման փոխարեն կամ զուգահեռ վերջինիս տունն աղբից մաքրել, վերանորոգել ու տուն-թանգարան դարձնել, այդ իսկ կերպ նաեւ փրկելով եւս մի հին շինություն ու նպաստել հին Երեւանի դիմագծի պահպանմանը: Հասկացե՛ք, ընկերնե՛ր, Արամ Մանուկյանի տունն աղբանոց է դարձել, այն տունը, որի անմխիթար ցուցատախտակի ճեղքում տարին մեկ-երկու անգամ մի քանի ալ կարմիր վարդ ու մեխակ եք դնում...եւ հպարտ դաշնակցականի հայացք ընդունելովՙ նայում երկնքին, այնտեղ փնտրելով դրա համար ձեզանից յոթնիցս շնորհակալ Արամ Մանուկյանի երախտապարտ դեմքը. բա եղա՞վ:

Հ.Գ. Հուսով եմ, որ այս եւ մյուս կոչ-հորդորներից հետո ՀՅԴ-ն վերջապես կլուծի այդ խնդիրը. այն արդեն կուսակցական պատվո խնդիր է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 25-05-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.