AZG Daily #20, 25-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 34. ՄԱՅՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018



ՀԻՄՆԱԽՆԴԻՐ

Տեղադրվել է` 2018-05-04 01:40:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 2554, Տպվել է` 352, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆ. ՉԱՇԽԱՏՈՂ ԵՐԿՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Ինչու է հայաստանցին ընդվզել ու փողոց ելել, եթե անգամ ընդունենք, որ նրանք ընդամենը մի քանի հարյուր հազար են: Պարզ մի պատճառով. փողոց ելածներն ու նրանց համակիր ոչ ակտիվ այլ հարյուր հազարավորները դժգոհ են իրենց առօրյայից: Այն սովորաբար սկսվում է վաղ առավոտյան, երբ ընտանիքը նախաճաշի է պատրաստվում. հայաստանյան հարյուր հազարավոր ընտանիքներում այդ նախաճաշ կոչվածը շատ հաճախ նախորդ երեկոյան ընթրիքից մնացած մակարոնն է ու շաքարով թեյը, երբ երկիր մոլորակի չորս կողմերում նախաճաշի 1 բաժակ կաթն ու հավկիթը, պանիրն ու երշիկը, կարագն ու մեղրը օրվա սննդակարգի սովորական մաս են կազմում: Մեր պայմաններում հիմնականում ներմուծված անհայտ հումքից ու պայմաններում պատրաստված մակարոնն ու սպիտակ թույն որակվող շաքարը իրենց սեւ գործն են անում եւ օրվա ընթացքում հազիվ 2000 կալորիա կազմող սննդային էներգիան առողջության խնդիրներ է ստեղծում, այլ հիմնախնդիրների պատճառ դառնում:

Թե ինչքանով է լուրջ մեր այս վիճակը, փորձեմ հիմնավորել հետեւյալ օրինակով: Ընդամենը 20 տարի առաջ բնակավայրիս` Սեւակի ու Ռուբինյանց փողոցների խաչմերուկից մոտ 25 մետր հեռավորության վրա դեղատուն բացվեց: Մերձակա շենքերի բնակիչներն այլեւս 100-150 մետր հեռավորության վրա գտնվող դեղատներ չէին գնում: Անցավ մի կարճ ժամանակ եւ դեղատներ բացվեցին նշված խաչմերուկի երկու անկյուններում: Եվս 2-3 տարի եւ նոր դեղատներ բացվեցին գործողներից 30-40 մետր հեռավորությունների վրա: Հիմա, երբ գրում եմ այս մասին, արդեն պատրաստ է «Դեղատուն» ցուցանակով հերթական կետը, թվով 7-րդը: Թե ինչի մասին է խոսում ողջ երկրով մեկ ծավալվող դեղատնային այս բումը, պարզ ու հասկանալի է բոլորիս, այդ թվումՙ փողոց ելած ու չելած յուրաքանչյուրին. հայաստանաբնակների առողջությունը հիմնավորապես սասանված է, նրանց օրվա համար անհրաժեշտ 3000-3500 կալորիայի դիմաց մոտ կեսը ստանալու հետեւանքով վտանգվում է մեր գենոֆոնդը, մարդկանց ստիպում այլեւայլ դեղամիջոցներով փորձել գոնե ժամանակավորապես բարելավել առողջությունը: Հարյուր հազարավորների համար այս եւ համանման այլ գործընթացները թանկ հաճույք են, երբեմն անհասանելի: Ասենք, ճարահատյալ մեկը ստիպված է ընդունել բժշկի նշանակած «ոչ շատ թանկ» 8 հազար դրամ արժեցող դեղերը: Պարզվում է այս գումարի 1700 դրամը ավելացված արժեքի հարկն է, որից է կազմվում ՀՀ քաղաքացիների այսօրինակ վճարումների արդյունքում կազմավորվող բյուջեի զգալի մասը, մի քանի հարյուր միլիարդ դրամը: Թե ինչպես է այն ծախսվում, գիտենք բոլորս, առավել կոնկրետ ՀՀ վերահսկիչ պալատը, որի տարեկան զեկույցներից մեկում նշվել է երկրի ֆինանսական միջոցների 70 տոկոսի հասնող ռիսկայնության, որն էՙ վատնումների մասին: Եվ սա այն պարագայում, երբ ամենուր պաշտոնյաների «աչալուրջ» վերահսկողության տակ գտնվող առեւտրային ցանցը գերշահույթներ է ապահովում , որը մեր մարդիկ թալան են որակում: Այս ամենըՙ մասսայական գործազրկության ու աղքատավարձ դարձած աշխատավարձերի պայմաններում, քանզի մեզանում լիարժեք աշխատանքն ու աշխատելը վաղուց մոռացված հասկացություններ են, դրանց վարձատրությունըՙ սիմվոլիկ գումարներ: Ասվածի հաստատումը նաեւ նշված դեղատնային բիզնեսն է, երբ գործարարություն է համարվում աշխարհի չորս կողմերից դեղերի ներմուծումն ու մարդկանց սպասարկման անվան տակ այս ոլորտը տնօրինողների շահերի սպասարկումը: Տպավորություն է ստեղծվում, որ մոտակա տարիներին մեզանում կհաստատվի յուրաքանչյուր բազմաբնակարան շենքին 1 դեղատուն գործընթաց, որը կարող է վերածվել 1 ընտանիքին 1 դեղատուն գործընթացի:

Օրեր առաջ փորձեցի պարզել դրանցում գնային հարցերը: Ստուգողական այց կատարեցի բացահայտելու համար, թե ինչ արժե ասենք հիմնական դեղամիջոց չհամարվող, սակայն մեզանում տասնամյակներով վաճառվող վիետնամական բալզամը: Հազիվ 1,5 սմ տրամագիծ ունեցող տուփով վաճառվող այս քսուկը նախորդ տասնամյակի ավարտին դեղատներն առաջարկում էին միասնական 150 դրամով: Այցիս ընթացքում դեղատներից մեկում նշեցին 380 դրամ, մյուսում 420 դրամ, երրորդում 480 դրամ, չորրորդում 530 դրամ, անգամ 580 դրամ: Հենց հաջորդ օրը, երբ ցանկացա ձեռք բերել 380 դրամանոցը, պարզվեց որ այն արդեն 420 դրամ է. հավանաբար մեր միջեւ ինչ-որ չհասկացվածություն է տեղի ունեցել, ասաց վաճառողուհին: Քաղաքացուս էլ պատկերացմամբ իրենք էլ են հերթական ստուգայց կազմակերպել եւ գինը վերանայել: Այստեղ նկատեմ, որ տարօրինակից էլ առավել եմ դիտարկում տարեց դեղավաճառողուհու այն դիտողությունը, թե 40 դրամն արդյո՞ք էական գործոն է քաղաքացու համար: Ինչու ոչ, թերեւս տիկին սեփականատեր. քանզի իրենց դրամարկղերում այսկերպ կուտակվող գումարներն ուղղակի փորձանք են հայաստանյան հանրության համար: Այդ գումարներով կարելի է թե՛ պաշտոնյաների բարեհաճությանն արժանանալ, թե՛ պատգամավորների կողմից իրենց հարմար օրենքներն ընդունել տալ, ստուգումները հարմար ու հաճելի դարձնել, պետական ապարատն իրենց ենթակայության տակ պահել, երկիր կառավարելը քմահաճույքի վերածել, ուզածն անել եւ անպատիժ մնալ, այնպես, ինչպես ապրում էինք մինչնիկոլյան ժամանակաշրջանում: Հայոցս պետությունը կառավարելու կոչված, մեր կողմից մուծվող հարկերով ու տուրքերով պահվող պաշտոնյաների հսկայաքանակ բանակն իրեն հեռու է պահում հանրային միջավայրը խեղող այսօրինակ գործընթացներից, չի զլանում իր մասնակցային բաժինն ավելացնել ծավալվողում, չմոռանալով կրկնել, որ խնդիրները գիտեն, լուծումներ կգտնվեն: Նրանց պետքն էլ չէ, որ մեր մարդիկ վերջին դրամներն են պարտադրված ծախսում իրենց հայտնի ու անհայտ հիվանդությունները մեղմելու ու բուժելու համար: Հարկ է լինում ընտանիքի անդամներին արտագնա աշխատանքի մեկնել ու գումարներ ուղարկել: Իսկ ահա մնացողներն էլ մտորում են պետություն ու պետականություն ունենալու եւ այն պահելու Աստծո զավակ հայ տեսակի կարողունակոււթյան մասին: Երբեւէ ամաչելո՞ւ ենք մեր այս վիճակի համար. ցույց կտա առաջիկան ու ժամանակը:

Ցավոտ հարցերն ու խնդիրները հնարավորինս բարդացնելը, շարքային հայաստանցուն հնարավոր բոլոր միջոցներով ու հնարքներով ցավեցնելը մեզանում սովորական երեւույթ է համարվում: Աշխատանք չունե՞ս, ապրելու այլ հնարք փնտրիր ու գտիր, մանկավարժ կամ ճարտարագետ ե՞ս, երթուղային կամ տաքսի ավտոմեքենա վարիր, գումա՞ր ես ձեռք բերել վարկի տեսքովՙ առեւտուր արա, գեղեցկության սրահ ու ՎԻՊ սաունա հիմնիր, տեսահոլովակներ թողարկիր, մի խոսքով արա ինչ ուզում ես, միայն թե բուն տնտեսական գործերից հեռու մնա, հավելյալ ինչ-որ արժեք ստեղծելուց յան տուր: Մենք ե՛ւ հաց ու յուղ կբերենք, ե՛ւ արդուկ ու թեյնիկ, կաթի ու մսամթերքի հումքին զուգահեռ թուրքական կենցաղային տեխնիկա կներմուծենք, Եվրոպայից էլ ջեռուցման համակարգեր ու խոհանոցային ջեռոցներ, հեռավոր արեւելքիցՙ հեռուստացույցներ ու ձայնարկիչներ, հազար ու մի մանրուքից մինչեւ գերժամանակակից համակարգիչներ ու ավտոմեքենաներ:

Թե ինչո՞ւ դրանք կամ դրանց մի մասը հնարավոր չէ արտադրել նորանկախ Հայաստանում, անբացատրելի ու անհասկանալի է: Մի պահ ընդունենք, որ «Երազ» ավտոգործարանի բազայի վրա նորացված ավտոմեքենա արտադրելը մասամբ բարդ խնդիր է: Հարեւանությամբ գտնվող 5-6 մասից բաղկացած էլեկտրական լամպն ինչո՞ւ չկարողացանք արտադրել, որպիսիք միլիոններով ներկրում ենք տարածաշրջանի երկրներից, նպաստում դրանցում աշխատատեղերի ստեղծմանն ու աճին: Հենց միայն մեր անբարյացակամ հարեւան Թուրքիայից վերջին 15-ամյակում ներմուծված պարենային ու արդյունաբերական ապրանքների արդյունքում է նաեւ այդ երկրի համախառն ներքին արդյունքը 470 մլրդ դոլարից հասել 1,7 տրիլիոն դոլարի, բյուջեն 70 մլրդ դոլարից 150 մլրդ դոլարի, ռազմական ծախսերը 5,8 մլրդ-ից 8,8 մլրդ դոլարի: Մեր համանման պահվածքի արդյունքում ունենք մի վիճակ, երբ Հայաստանի Հանրապետության թիվ 1 պատասխանատուն իլուր աշխարհի հայտարարեց, որ մեր զինվորները 2016 թվականին, մի այլ անբարյացակամ հարեւանի սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում մարտնչում էին... 40-ամյա վաղեմության զենքով: Առավել անհեթեթ վիճակ պատկերացնել պարզապես հնարավոր չէ:

Պակաս մտահոգիչ չէ վիճակը ՀՀ պարենապահովության եւ պարենանվտանգության առումներով: Բնակչության մոտ 40 տոկոսի գյուղատնտեսությունում զբաղվածության պայմաններում առաջին անհրաժեշտության սննդամթերք ու հումք ենք ներկրում այնպիսի երկրներից, ուր գյուղոլորտում ընդգրկված են բնակչության հազիվ 5-8 տոկոսը. միս Բրազիլիայից, կարագ Ֆինլանդիայից, բուսայուղ Իտալիայից, հատիկաընդեղեն Իրանից, սոխ, սխտոր, ստեպղինՙ Եգիտոսից, Իսրայելից, Չինաստանից: Որ վերջիններս 1 բնակչի հաշվով արդյունավետ գյուղգործունեություն ծավալելու համար վարելահողերով Հայաստանի կարողունակության հազիվ 20-25 տոկոսն ունեն, դա ՀՀ տնտեսության պատասխանատուներին բոլորովին չի անհանգստացնում ու մտահոգում: Կարեւորըՙ իրենց հովանավորյալ ներմուծողներն ապահովում են, թող որ ատոմային աղետի ենթարկված չերնոբիլյան տարածաշրջանից լինի թե հակասանիտարիայի որջ հիշեցնող հնդկական սպանդանոցից, ինչ-ինչ կերերով պահված անասնամթերք լինի թե կասկածելի սերմերով ու պարարտանյութերով աճեցված գյուղարտադրանք: Այդպես էլ անհայտ է մնում, թե երբ ենք հայաստանցիներս հայոց հողում աճեցրած ցորենից պատրաստված հաց վայելելու, չխոսելով հրուշակեղենի ու մակարոնի մասին: Չէ որ պահանջվողն առավելագույնը 500 հազար տոննա հացահատիկն է, այն մշակելու եւ անհրաժեշտ բերքը ստանալու տարածքը հազիվ 60-80 հազար հեկտար վարելահողը, մեր գյուղնշանակության հողերի հազիվ 5-6 տոկոսը: Ագրարային ակադեմիա ունենք, գյուղատնտեսական համալսարան նույնպես, հավելենք ՀՀ գյուղատնտեսության բազմաճյուղ ու բազմամարդ նախարարությունը, չգիտես ինչ նպատակով ստեղծված Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը, այլ կառույցներ... Հարկատուների ֆինանսական միջոցները ծախսվում են, շատերի բնորոշմամբՙ վատնվում ու փոշիացվում, որի հաստատումն են դատարկվող գյուղական համայնքներն ու բարեբեր հողերը արոտատեղերի ու խոտհարքների վերածվելը:

Ծանր բեռ են փորձում վերցնել մերօրյա երիտասարդները, անասելի ծանր: Չաշխատող երկիրն աշխատեցնել, որի օրինակը գրեթե չկա, քանզի երկիր մոլորակի չորս կողմերում մարդիկ ինչ-որ ձեւով շարժվել են, իրենց կյանքն ու կենցաղը բարեփոխել, առօրյան բարելավել, մեր էլ հարյուր հազարավոր հայրենակիցներին ապաստան տվել: Ինչքան էլ տարօրինակ հնչի, ամենուր այս գործընթացը սկսում են բնակչության համեստ սննդակարգը լուծելով, կենդանական ծագման սննդամթերքների բավարար քանակի, որակի ու մատչելիության արտադրություն կազմակերպելով, որը մեզանում էապես է վտանգված: Այստեղ որոշիչը անասնակերն է, մեզանում ընդունված խոտն ու ծղոտը, երբ ամենուր կիրառվողը մշակվող եգիպտացորենի հատիկն է, բարձր կալորիականության կեր, որի շնորհիվ էապես բարձրանում է անասունների մթերատվությունը, որն իր հերթին նպաստում է արտադրանքի գների կայունացմանը: ՀՀ-ում եզակի հողագործ-գյուղատնտեսներ են զբաղվում եգիպտացորեն մշակելով, ընտրագույն կողրերով բերքը հուլիս-հոկտեմբեր ամիսներին առեւտրային շուկա հասցնում: Ինչ-ինչ առումներով հասկանալի գործընթաց է, քանզի մարդիկ իրենց ընտանիքների հարցերն են լուծում, կուկուռուզի բիզնեսից շահույթ ստանում: Եվ հենց այստեղ է, որ պետությունն իր անելիքն ունի, քանզի իր վրա է դրված երկրի պարենային ապահովությունն ու անվտանգությունը, մեր մարդկանց էլ կանոնավոր սննդակարգի կազմակերպումը: Ամենուր այսկերպ է ապահովվում հանրություն-իշխանություն բարերար միջավայրի հաստատումը, որը մեզանում հիմնավորապես խախտվել է, առճակատման առիթ ու պատճառ դարձել: Հենց միայն այն, որ ՀՀ-ում հազիվ 10 մլրդ դոլարի համախառն ներքին արդյունք է ստեղծվում, իշխանություններն էլ խոստանում են այն առաջիկա տարիներին հասցնել 14-15 մլրդ դոլարի, երբ այսօր արդեն այդ ցուցանիշի կրկնակին ունի տարածքով ու բնակչությամբ մեզ 3-4 անգամներ զիջող ասենք Կիպրոսը, խոսում է մեր վիճակի ծայրահեղության մասին:

Չարձանագրել ու չտեսնելու տալ մեր այսօրինակ ձախողումները, պարզապես հնարավոր չէ, որից դաս քաղելով է հնարավոր շարժվել անհնարին թվացող չաշխատող ու ժանգոտող այն մեխանիզմը, որի անունն է Հայաստանի Հանրապետություն: Ցավալի է, բայց իրողություն:

02.05.2018 թ., Երեւան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.