AZG Daily #20, 25-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 60. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԵՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018



Տեղադրվել է` 2018-05-04 01:40:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 2765, Տպվել է` 460, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԻԿՈԼԸ, ՀԱՎԵԼԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՆԿԱԽԱՑՈՒՄԸ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Անցած երկու շաբաթներին հայ ժողովուրդը կրկին ձեռք բերեց իր անկախությունը: Թեեւ 1991 թվականի հռչակագրով արդեն անկախ էր, սակայն անցած 27 տարիներն ավելի նման էին այդ անկախությունը նվաճելու գործընթացի, քան իրական անկախության, քանի որ չդիմանալով սոցիալիզմից ֆեոդալիզմին անցում կատարած երկրի բարքերին ու իրողություններին, բնակչության մի ստվար զանգված բռնեց օտար ափերի ճանապարհըՙ երազելով ապրել ազատ ու անկախ, բարգավաճ երկրներում: Իրական անկախությունՙ առանց ուժի կիրառման ու զոհերի, հայ երիտասարդությունըՙ անկախության սերունդը, կարողացավ նվաճել միայն 2018-ի ապրիլին: Տարօրինակ ոչինչ չկա: Հանրապետական վարչակարգն այնպիսի պայմաններ ստեղծեց, որպեսզի ոչ միայն ընդդիմադիր, այլեւ իր շարքերում հայտնված մարդիկ ատեն իրենց եւ ընդվզեն:

Առաջին անգամ միջազգային ու հատկապես եվրոպական մամուլը Հայաստանի մասին սկսեց խոսել ոչ թե ցեղասպանության, փողոցային սպանությունների կամ Ղարաբաղյան ճակատում պատերազմական գործողությունների համատեքստում, այլ հայկական ժողովրդավարության ու հայերի բացառիկ քաղաքական կուլտուրայի մասին հիացական մեկնաբանություններով: Չեխական ամենաընթերցվող թերթերից մեկըՙ «Մետրոն», «Հայկական թավշյան» հոդվածում Նիկոլ Փաշինյանին համեմատում է չեխ այլախոհ, նախկին նախագահ Վացլավ Հավելի հետ, գրելով, որ Հայաստանի Վացլավ Հավելը Նիկոլ Փաշինյանն է:

Ժողովրդավարության, համամարդկային ու ազգային արժեքների նկատմամբ նրա նվիրվածությունը, հատկապես նրա հավասարակշռված ելույթը խորհրդարանում, վկայեց, որ մենք գործ ունենք հասուն քաղաքական գործչի հետ, ով առնվազն չի դավաճանի իր ժողովրդին ու իր երկրին:

Չեխական «ՄՖ ԴՆԵՍ» ազդեցիկ օրաթերթն էլ գրում է, որ Փաշինյանի հաղթանակի մեջ իր մեծ լուման ունի նաեւ 8 միլիոնանոց հայկական սփյուռքը, որի ճնշումն ու աջակցությունը ժողովրդավարական շարժմանը զգալի էր: Նշում է նաեւ, որ հայաստանյան շարժմանն իր աջակցությունն է հայտնել նաեւ Չեխիայի հայ համայնքըՙ պահանջելով վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Սակայն ըստ չեխ քաղաքագետների, եթե Փաշինյանը նախկինում ասում էր, թե Հայաստանն ավելի մոտ պետք է լինի Եվրոմիությանը, քան Ռուսաստանին,ապա այժմ նա համոզված է, որ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները կմնան նույնը: Ու եթե հայերը երազում են Եվրոմիության մեջ մտնելու մասին, ապա որոշ չեխ քաղաքական գործիչներ արդեն մտածում են չեխզիտ (czexit) անցկացնելուՙ այն է, Եվրոմիությունից դուրս գալու մասին:

Դատելով վերջին շաբաթների գնահատականներից, քաղաքական ու դիվանագիտական շրջանակներում, չեխական մամուլում Հայաստանի նկատմամբ նման հարգալից վերաբերմունք երբեք չի եղել: Տեղացիները գնահատում են հայերի ազատ ու արժանապատիվ ապրելու ձգտումը:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին Շարժումը համարելով «Սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն», կոչ է անում բացառել ատելության քարոզչությունը, համարելով, որ ատելության էջը Հայաստանում փակված է: «Մենք տեսանք, թե ինչ ուժ են սերը եւ հանդուրժողականությունը: Բռնությունը տեղ չի ունենալու մեր գոծիքակազմում, այլ պետք է լինի բաց ձեռքերի, բաց հոգու եւ բաց սրտի քաղաքականություն»:

Ի դեպ, բաց սրտի մասին: Վացլավ Հավելը, ով եղել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մտերիմ այլախոհներից եւ վայելել վերջինիս բացառիկ աջակցությունը, Ռոբերտ Քոչարյանը, ով Հայաստանի եռագույն դրոշն է բռնել Հայրիկյանի հետեւիցՙ Պրահայի փողոցներում երթի ժամանակ, Սերժ Սարգսյանը, ով լավ հարաբերություններ ուներ Չեխիայի ներկայիս նախագահ Զեմանի հետ, չեն արժանացել այն հարգանքին, որն այժմ տրվում է Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանը եւ իր մեկ քայլի շարժումը կոտրեցին բոլոր կարծրատիպերը ոչ միայն Հայաստանի ու հայ ժողովրդի մասին, ավելինՙ շատերի համար պարզ դարձավ հայկական քաղաքական մշակույթի եվրոպական որակը: Իսկ դա նոր հնարավորություններ է բացում Հայաստանի համար թե՛ ներդրումների, թե՛ տուրիզմի զարգացման եւ թե՛ հայրենադարձության առումներով: Միայն թե նոր իշխանությունը պետք է նախ վերացնի հնի սխալները, եւ որ ամենակարեւորն է ՙ բացառի դրանց կրկնությունը:

Իսկ առջեւում ոչ միայն մայիսի 8-ն էՙ վարչապետի ընտրությունը, այլեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք ամենամեծ փորձաքարը կդառնան Հայաստանի ներկա ու ապագա սերունդների համար:

Հ.Գ. Քանի որ այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է, ցանկանում եմ շնորհավորել իմ բոլոր գործընկերներին, եւ մի դեպք հիշեցնել, որ կապված է լրագրող Նիկոլ Փաշինյանի հետ: 1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ես իբրեւ «ԱԶԳ» օրաթերթի եւ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության թղթակից լուսաբանում էի ընտրությունների ընթացքը եւ որոշել էի գիշերը մնալ եւ հերթապահել Գրողների միության ընտրատեղամասում, ուր քվեարկել էր նախագահության թեկնածու Վազգեն Մանուկյանը: Բոլորիս մտահոգությունն էր, որ 1995 թ. ընտրակեղծիքները չկրկնվեն: Բայց երբ սկսեցին ընտրաթերթիկների հաշվարկը, հանձնաժողովի ՀՀՇ-ական նախագահը, որի անունը չեմ հիշում, ինձ դուրս հրավիրեց մյուս լրագրողների հետ, որ իբր չխանգարենք իրենց աշխատանքին: Ես ընդվզեցի, ասացի, որ իրավունք չունեն մեզ հանելու, եւ մեծ բանավեճ սկսվեց, որ պետք է վերածվեր արդեն ձեռնակռվի, եւ այդ պահին միակ լրագրողը, ով պաշտպանեց ինձ եւ կանգնեց իմ թիկունքին, «Լրագիր» թերթի թղթակից Նիկոլ Փաշինյանն էր: Հանձնաժողովի նախագահը երբ տեսավ մենակ չեմ, արդեն զիջեց, եւ այդպես մնացինք մինչեւ գիշերվա ուշ ժամ եւ այդ բացառիկ տեղամասերից մեկն էր, ուր Վազգեն Մանուկյանը հաղթեց եւ չկարողացան կեղծել: Ինչո՞ւ այս պատմությունը հիշեցի: Նիկոլն իր քաղաքացիական կեցվածքը եւ համարձակությունը նոր չի ցույց տվել: Նա իր ընկերական թասիբով, անկախ թե բարիկադների որ կողմում է եղել, միշտ աչքի է ընկել: Ուստի, առավել եւս այսօր, ես նրան հավատում եմ եւ մաղթում պատվով իրականացնելու իրեն ուղղված միլիոնավոր հայերի իղձերն ու ցանկությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.