AZG Daily #20, 25-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 60. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԵՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018



Տեղադրվել է` 2018-05-04 01:40:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 3381, Տպվել է` 498, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍԻ 8-Ը` ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԺԱՄԱՆԱԿ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը, որ սպառնում էր դառնալ կառավարման ճգնաժամ, կարծես հանգուցալուծվում է: Մայիսի 1-ին Ազգային ժողովի հատուկ նիստով 56 դեմով Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու առաջին փորձը տապալած ՀՀԿ-ն արդեն մեկ օր անց փոխեց դիրքորոշումը` հայտարարելով, թե կսատարի պատգամավորների 1/3-ով առաջադրված թեկնածուին , եւ մայիսի 8-ի Հայաստանն անպայման վարչապետ կունենա: Ինչու տեղի ունեցավ դիրքորոշման այդպիսի փոփոխություն: Մայիսի 1-ի ընտրությանը նախորդել ու հաջորդել էին հուժկու հանրահավաքներ (հատկապես հուժկու էին մայիսի 2-ի բողոքի գործողությունները), որոնց մասնակիցները չեն նահանջում իրենց դիրքորոշումից` ունենալ վարչապետ հանրահավաքային շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Նրանց կազմակեպած մի շարք միջոցառումները հավանաբար վախեցրին Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ին, որը հղում անելով երկրի կայունությունը պահելու հրամայականին, հայտարարեց, որ օժանդակելու է պատգամավորների 1/3-ով առաջադրվելիք վարչապետի թեկնածուին, որը նույն ինքը Փաշինյանն է: Նիկոլ Փաշինյնը երեկ արդեն պաշտոնապես առաջադրվեց, ընդ որում նրա թեկնածությունն առաջադրող փաստաթղթի տակ 41 ստորագրություն կա: Փաշինյանին սատարում է ՀՅԴ-ն, որն առաջին քվեարկության ընթացքում կորցրեց կուսակցությանն իր քվեարկությամբ ընդդիմացած մեկ պատգամավորի` Աղվան Վարդանյանին, եւ «Ծառուկյան» դաշինքը: Վերջինիս ղեկավարը հենց ընտրության հաջորդ օրը նորից հանդիպեց Փաշինյանին եւ հավաստիացրեց, որ իր ղեկավարած խմբակցությունը նրան է տալու իր քվեն: Ի դեպ` այս դաշինքից եւս մեկ պատգամավոր` Իշխան Զաքարյանը մայիսի 1-ին չէր ներկայացել ԱԺ նիստին, եւ կուսակցությունից չհեռացվելու ու մանդատից չզրկվելու նրա միակ տարբերակը մայիսի 8-ին ներկայանալն ու Փաշինյանին կողմ քվեարկելն է:

Մայսիմեկյան ընտրությանը 45 կողմ ստացած Նիկոլ Փաշինյանին մայիսի 8-ին կայանալիք նոր ընտրություններում հարկավոր է ընդամենը 8 հավելյալ քվե` վարչապետ դառնալու համար, եթե իհարկե, նրան ձայն տալու պատրաստակամ հանրապետականների հանդեպ կրկին չկիրառվեն կոմպրոմատային սպառնալիքներ, ինչպես որ ենթադրաբար առաջին դեպքում է եղել: Մեր տեղեկություններով` 8-ից ավելի հանրապետական պատգամավորներ էին պատրաստվում իրենց քվեն տալ Փաշինյանին մայիսի 1-ին, սակայն քվեարկության նախորդած երեկոյի ընթացքում նրանք տարբեր ճնշումների ենթարկվելով` վախեցել են դա անել, ի տարբերություն Ֆելիքս Ցոլակյանի: Ի դեպ` ԱԺ հատուկ նիստի ընթացքում, երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նախագահությունում էր, դեպի նրա սենյակ տանող դուռը մերթընդմերթ ուղղվում էին ՀՀԿ պատգամավորներ: Թե ում մոտ էին բարձրանում նրանք, կամ ո՞վ էր նստած ԱԺ նախագահի կաբինետում, պատմության համար կմնա անհայտ, սակայն փաստն այս է, որ Փաշինյանին կողմ քվե խոստացած հանրապետականները վախեցան դա անել:

Հիմա բոլորն ուզում են գլխի ընկնել, թե ինչ տեղի կունենա մայիսի 8-ին: Խոշորացույցով կարդում են ՀՀԿ վերնախավի ասածները, փորձում տարընթերցում գտնել նրանց հայտարարությունների մեջ, ենթադրություններ անել` բառերի տարբեր ենթատեքստեր պեղելով: Այ, օրինակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Է. Շարմազանովի խոսքն են զննում, որն ասել էր, թե` ո՞վ է ասել, որ բոլոր ՀՀԿ-ականները պետք է կողմ քվեարկեն` 53 ձայնն ապահովվի` հերիք է:

Ինչպես կպահի ՀՀԿ-ն իրեն այս անգամ, որի պատգամավորների ելույթները մայիսի 1-ին հանրության մեջ բացասական կրքեր են բորբոքել: Շատերը գնահատական են հնչեցնում, որ ՀՀԿ-ն, որպես մեծամասնություն, իր լիդերի հրաժարականից հետո պարտավոր էր իրավիճակը լիցքաթափելուն ուղղված պահվածք դրսեւորել հենց վարչապետի միակ թեկնածուի առաջին ընտրությանը: Մինչդեռ էլ ինչ ասես խոսվեց, ինչ պիտակ ասես փորձարկվեց հանրահավաքավորների ուղղությամբ` էլ արտաքին վտանգ, էլ Ռուսաստան, էլ Արեւմուտք:

Համենայնդեպս` սոցիալական ցանցերը ողողված են ճնշման գործիքի դեր խաղացող տեղեկատվությամբ` իբր կան 35 պատգամավորներ, որոնք վարչապետի թեկնածու առաջադրելու են Ռոբերտ Քոչարյանին: Ընդ որում` ինչ հեքիաթ ասես տարածվում է` որ ռուսական հատուկ ջոկատայիններ կան Հայաստանում, ապրում են Ծաղկաձորի «Մարիոթում» եւ հարկավոր պահին հայտնվելու են Երեւանում, ու էս տեսակ այլ անհավանական Գյուլնազ տատի հեքիաթներ: Ընդհանրապես` այս օրերին նորովի բացահայտվեց, որ հայերիս մեջ կա մի շերտ, որի ստրկամտությունը սահմաններ չի ճանաչում, այդպիսի երանգներ կային անգամ մայիսի 1-ին Ազգային ժողովում հնչած ՀՀԿ-ական որոշ պտգամավորների ելույթներում, որոնց մեջ հանրահավաքային շարժմանը աշխարհաքաղաքական ենթատեքստ վերագրելու երանգ կար, եւ որը բազմակի անգամ ժխտեց վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը : Վերջինս, ի դեպ, վառ եւ սուր ելույթներով աչքի ընկած լինելով, ԱԺ հատուկ նիստում զարմանալիորեն հավասարակշռված եւ վստահ էր պահում իրեն, կարծես ապացուցելով, որ սոսկ ընդդիմադիր գործիչ լինելն այլ բան է, պետության առանցքային պաշտոնի թեկնածու լինելը` բոլորովին այլ: Ի դեպ` նրա հաշվին գրանցված դրական միավոր է նաեւ այն, որ բազմահազար հանրահավաքների մասնակիցների եւ իրավապահ մարմինների միջեւ լայնածավալ առճակատումներ չեն եղել եւ Հայաստանի վարկին հարվածող միջադեպեր չեն գրանցվել, քանի որ նա բազմահազար միտինգները ղեկավարելու անվիճարկելի կարողություն ցուցաբերեց: Մեր իրավապահները եւս կարողանցան ի վերջո մնալ իրենց բարձրության վրա` Հայաստանը չգլորելով միջազգային պատժամիջոցների տակ, իսկ դա հավանաբար այնքան էլ հեշտ բան չէր, քանի որ նրանց ուժերը իրենց նպատակներին ծառայեցնելու փորձեր այս օրերին եղել են, միգուցե ժամանակը կգա եւ այդ առումով արժանին կմատուցենք ոստիկանապետին: Սակայն դեռ չեն բացառվում սադրանքները, անգամ կարելի է այդպիսի ենթաշերտ որոնել HSBC բանկի վրա երեկվա զինված հարձակման առումով, քանի որ դեռ անհասկանալի է մամուլին ոչ անհայտ, ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան սպա ԴանիելԴանիելյանի այսպիսի հանցագործության դրդապատճառն ինչը կարող էր լինել:

Ինչ է հաջորդելու Նիկոլի ընտրությանը

Մեծ է հավանականությունը, որ Նիկոլ Փաշինյանը կդառնա վարչապետ` այդպիսով բազմահազար հանրահավաքներով ստացած լեգիտիմությունը տարածելով Հայաստանի իշխանության վրա, մի բան, որ շատ էր պակասում Հայաստանում հենց ՀՀ հասարակ քաղաքացու տեսակետով` միայն նա գիտեր, թե ինչ է տեղի ունեցել խորհրդարանական ընտրություններին:

Ինչ է լինելու դրանից հետո:

Խոսքն, իհարկե, ինչ լինելու տեխնիկային չի վերաբերում, մեզ հետաքրքրում է բովանդակային հետագան:

Եթե Նիկոլին իսկապես ընտրեն վարչապետ, նրա ուսերին կընկնի ահռելի պատասխանատվություն` արդարացնելու այն տասնյակ հազարավոր մարդկանց վստահությունը, որոնք հավատացին նրան, եւ որոնց նա բազմապիսի խոստումներ էր տալիս արդար, օրինական, հավասար հնարավորությունների Հայաստան ստեղծելու մասին...Հնարավո՞ր է դա: Մեր կարծիքով` շատ, շատ դժվար է, բայց անհնարին չէ: Ընդհանրապես` այս տեսակ հեղափոխությունները միշտ չէ, որ արդյունքներ են գրանցում, բացի այդ` շատ երկար ժամանակ է պահանջվում արդյունքի համար: Լինում է նաեւ այնպես, որ հեղափոխություն անողները մնում են դրա անիվների տակ` պետության փլուզված ենթակառուցվածքները թույլ չեն տալիս ճիշտ օգտագործել հեղափոխական էներգիան, որն աստիճանաբար մարում է կամ նույնիսկ բումերանգի օրենքով վերածվում բացասական էներգիայի: Մեր դեպքում այն արագությունը, որով բազմահոծ հավաքները սրբեցին-տարան իշխանությանը, որոշ ժամանակ առաջ Ազգային ժողովի մեծամասնության ընտրած վարչապետին ստիպելով հրաժարական տալ, ու նոր վարչապետի թեկնածուի հարցը քննարկել (մեկ անգամ մերժվեց) խորհրդարանում, խոսում է այն մասին, որ հայերս կարողացանք փաստորեն խուսափել պետության փլուզումից, դեռ շանս ունենք խաղաղ փոխանցելու իշխանությունն ու հետագա ցնցումներ թույլ չտալու, իսկ միջազգային հանրությանն էլ կարճ ժամանակում անցնցում եւ ժողովրդավարական հեղափոխություն իրականացնելու վարպետության դաս ցուցադրեցինք:

Հիմաՙ հետագայում հնարավորի մասին:

Նիկոլ Փաշինյանի` փողոցում գրանցած հաջողությունը սակայն, հետագայում կարող է փոշիանալ, եթե նա, չկարողանալով հաղթել կլաններին, հաշտվի տնտեսության կլանայնության հետ եւ չտարանջատի բիզնեսը իշխանությունից, չկարողանա ստվերային գործարարներին իրենց տեղը ցույց տալ, որոնք այսօր եղանակ են ստեղծում Հայաստանում, լծակներով ու վճարելով ձեւախեղում արդարադատությունը, մարդկանց հավասար հնարավորություններից զրկում, անիծում պետության ու ժողովրդի հերը:

Մի շարք օրենսդրկան ու վարչարարական քայլերով Փաշինյանը պետք է կարողանա բացառել մենաշնորհներն ու քվոտաները, իշխանությանը մոտ չթողնի անցյալում բազմիցս խայտառակված պատեհապաշտներին, բացառի նյութական եւ այլ ռեսուրսների անարդար եւ միակողմանի բաշխման նախկին ավանդույթները, փոխի ընտրական օրենսգիրքն այնպես, որ պարտոկրատիային հեռավորության վրա պահի գործադիր իշխանությունից եւ թույլ չտա նրանց նույնացումն իշխանության հետ:

Բայց այս բոլորից առաջ նա պետք է ընտրի ճանապարհը` արտահերթ ընտրություններով եւ հանրության իրական պատկերը ներկայացնող խորհրդարանով գնա առաջ, թե՞ , այնուամենայնիվ, մեծամասնությունից պատգամավորներ խլելով եւ սեփական մեծամասնությունը ձեւավորելով եղած պատգամավորներով առայժմ ձեռնամուխ լինի խնդիրների լուծմանը, մանավանդ դրա համար նրան անհրաժեշտ է մի տասն-տասներկու պատգամավոր ՀՀԿ-ից, որոնք կարող են լրացնել ԱԺ-ի նոր մեծամասնությունը: Առաջին ճանապարհը, որի օգտին արտահայտվում են Փաշինյանն ու իր կողմնակիցները, ավելի արմատական ու միգուցե արդյունավետ կլինի, սակայն ծախսատար ու կազմակերպական առումով դժվարին է` պետք է փոխվի Ընտրական օրենսգիրքը, ընդ որում` դա խորհրդարանի որակյալ մեծամասնության քվեով միայն կարելի է անել (2/3-ով), ձեւավորվեն նոր ընտրական հանձնաժողովներ, նոր ԿԸՀ եւ այլն: Սա երկար ժամանակ է պահանջում, մինչդեռ բազմահազար մարդիկ անհապաղ փոփոխություններ էին ուզում:

Մյուս ճանապարհը, որ առաջին հայացքից հեշտ է թվում, ավելի ականապատված կարող է լինել, քանի որ ՀՀԿ-ից պոկված եւ Փաշինյանի կառուցած նոր մեծամասնությունում հայտնված նախկին ՀՀԿ-ականները պահելու են իրենց հին կապերը եւ կարող են զանազան ճնշումների ենթարկվելով` ապագայում միանալ եւ Փաշինյանի կառավարության ծրագրի ու գործունեության տապալմանը: Այդ դեպքում երկիրը կհայտնվի տեւական ճգնաժամի մեջ, ժամանակն էլ կաշխատի հեղափոխականների դեմ` կրկին վերադարձնելով ներկա վիճակը:

Ո՞ր ճանապարհը կընտրի Փաշինյանը, երբ արդեն վարչապետ դառնալուց հետո նոր դիտանկյունով կնայի հարցերին, դեռ պարզ չէ, ՀՀԿ մեծամասնությունն էլ կարծես հակվում է նրան, որ Փաշինյանի վարչապետ դառնալն իրենց համար աշխարհի վերջը չէ, ու հույս ունի պահպանելու իր հիսունհինգ մանդատը (առանց Փաշինյանի վարչապետությանը կողմ քվեարկած Ֆելիքս Ցոլակյանի):

Ընդ որում` հանրության մեջ կասկածներ կան, որ մինչեւ մայիսի 8-ը զանազան սադրանքներով կարող է իրավիճակ փոխվել, ու չնայած հանրահավաքներ չեն նախատեսվում, սակայն ուշադիր եւ պատրաստակամ է` ուզած պահին արձագանքելու Նիկոլ Փաշինյանի կոչին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.