AZG Daily #20, 25-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 42. ԱՅԾ ԵՎ ԱՔԱՂԱՂ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018



ԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2018-04-29 00:45:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 3616, Տպվել է` 502, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԶԱՎԱԿՆԵՐԸ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պատմական գիտությունների թեկնածու

Հայտնի արտահայտությունըՙ «հեղափոխությունը խժռում է իր զավակներին», պատկանում է Ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից Դանտոնին, երբ վերջինիս մահապատժի էին ենթարկում 1894թ. աշնանը: Սակայն Դանտոնը միակը չէր այս ցուցակում: Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո, դրա կազմակերպիչները եւ առաջնորդները մեկը մյուսի հետեւից սկսեցին զոհ գնալ իրենց իսկ կազմակերպած հեղափոխությանը: 1789թ.-ի Բաստիլի գրավումից հետո Ֆրանսիայում սկսվեց քաոսի ու հեղաշրջումների մի ամբողջ շղթա, որի արդյունքում մեկը մյուսի հետեւից իշխանության էին գալիս հեղափոխական տարբեր խմբավորումներ, որոնք իրենց պարտքն էին համարում ֆիզիկապես ոչնչացնել իրենց քաղաքական ընդդիմախոսներին:

Միայն 1793թ. գիլյոտինին զոհ գնաց 17 հազար մարդ, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում հեղափոխության կազմակերպիչներն ու առաջնորդները: Ընդհանուր առմամբ մինչեւ 1815թ., որը որոշ պատմաբաններ համարում են ֆրանսիական հեղափոխության ավարտը, այդ երկրում սպանվեց մոտ 2 միլիոն քաղաքացիական անձ: Իրար հաջորդած հեղաշրջումներին ու դավադրություններին զոհ գնացին հեղափոխության տարբեր ժամանակաշրջանի առաջնորդները` Մարատը, Դանտոնը, Ռոբեսպիեռը եւ շատ ուրիշներ: Ֆրանսիական հեղափոխությունը «խժռում էր իր զավակներին», ու սա դարձավ մի օրինաչափություն, որը հետագայում կրկնվեց այլ երկրներում եւս:

Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից շատ չանցած, արդեն 20-ական թվականներին, դրան զոհ գնացին բոլշեւիկյան մի շարք հայտնի գործիչներ, իսկ 30-ականներին, Ստալինի իշխանության օրոք, ձերբակալությունները եւ գնդակահարությունները ԽՍՀՄ-ում արդեն զանգվածային բնույթ էին կրում եւ դրանց առաջին զոհերը հենց ռուսական հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդներն էին, որոնց հետեւեցին բոլշեւիկյան կուսակցության կարկառուն դեմքերը, քաղաքացիական պատերազմում հաղթած զինվորականները եւ զորահրամանատարները:

Սակայն ֆրանսիական ու ռուսական հեղափոխությունները միակը չէին, որ «խժռում» էին իրենց զավակներին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հետգաղութային շրջանում, աֆրիկյան եւ արաբական պետություններում տեղի ունեցող իշխանափոխություն-հեղափոխությունները, որոնք շատ հաճախ մեկը մյուսին էին հաջորդում, հանգեցնում էին նրան, որ նախկին հեղափոխական զինակիցները սկսում էին մեկը մյուսին ոչնչացնել:

ԽՍՀՄ-ի քայքայման շրջանում Արեւելյան Եվրոպայում սկսված հեղաշրջումները անվանվեցին արդեն այլ կերպ` թավշյա կամ անարյուն հեղափոխություններ: Նմանատիպ հեղափոխության առաջին օրինակը տեղի ունեցավ 1989թ. Չեխոսլովակիայում: Ժողովրդական համազգային բողոքի ալիքի հետեւանքով տեղի ունեցած անարյուն հեղաշրջման եւ իշխանափոխության արդյունքում երկրի կառավարումը իրենց ձեռքը վերցրեցին ընդդիմության ներկայացուցիչներըՙ հանձին հայտնի դիսիդենտ Վացլավ Հավելի, որին խորհրդարանը ընտրեց երկրի նախագահ եւ ձեւավորվեց նոր կառավարություն: Հետագայում, սոցիալիստական ճամբարի նախկին պետություններում տեղի ունեցան մի շարք հեղաշրջումներ եւս, որոնք նույնպես կոչվեցին թավշյա, պայմանավորված դրանց խաղաղ բնույթով:

Արդեն 20-րդ դարի վերջին եւ 21-րդ դարի սկզբին Սերբիայում եւ ապա Վրաստանում եւ մի շարք այլ երկրներում տեղի ունեցած հեղափոխությունները կոչվեցին գունավոր: Վրաստանի դեպքում այն նաեւ անվանվեց վարդերի հեղափոխություն, որի կազմակերպիչը եւ ղեկավարը Միխայիլ Սաակաշվիլին էր:

Սակայն սրանք, խաղաղ հեղաշրջումները, որպես կանոն բացառություններ էին քան օրինաչափություններ. աշխարհում տեղի ունեցած հեղափոխությունների մեծ մասը աչքի են ընկել իրենց դաժանությամբ, քաղաքացիական բախումերով, իրար հաջորդող հեղաշրջումներով եւ ահաբեկություններով: Այդ հեղափոխությունները որպես կանոն երկար տարիներով հետ են գցում պետությունների զարգացումը, շատ դեպքերումՙ նաեւ հանգեցնելով դրանց ավերմանը եւ ոչնչացմանը:

Հեղափոխություն կոչվող հաջորդ ալիքը, որը տարածվեց արաբական երկրներում, ստացավ «Արաբական գարուն» անվանումը: Ի տարբերություն թավշյա հեղափոխությունների, սրանք արդեն արյունալի էին եւ ուղեկցվում էին հսկայական կորուստներով, քաղաքացիական պատերազմներով: Այդ հեղափոխությունների արդյունքում մի շարք պետություններ` Եգիպտոսը եւ Թունիսը մի քանի տասնամյակով հետ ընկան զարգացման իրենց ընթացքից, իսկ Լիբիան եւ Սիրիան քայքայվեցին ու դրանց վերականգումը որպես մեկ միասնական միավոր քիչ հավանական է:

Սակայն հեղափոխությունների կողմից սեփական զավակներին խժռելու սկզբունքը որպես կանոն պահպանվեց եւ արդեն նրանք, որոնք կանգնած էին այդ հեղափոխությունների ակունքներում, հիմա կա՛մ կենդանի չեն, կա՛մ գտնվում են փախուստի մեջ: Մեր տարածաշրջանի ամենահայտնի հեղափոխական Սաակաշվիլին որպես քրեական հանցագործ պաշտոնապես որոնվում է երեք պետությունների` Վրաստանի, Ուկրաինայի ու Ռուսաստանի կողմից: Բացի այդ, նրան զրկել են թե՛ Վրաստանի եւ թե՛ Ուկրաինայի քաղաքացիությունից, իսկ ԱՄՆ-ը նրան զրկել է նաեւ իր տարածք մուտք գործելու մշտական վիզայից:

Այս օրերին Հայաստանում ծավալվող իշխանափոխության գործընթացը դիտարկելիս, որը նաեւ թավշյա հեղափոխություն են կոչում, շատ կարեւոր է հասկանալ ոչ միայն դրա հնարավոր ազդեցությունը եւ հետեւանքները մեր պետության վրա (ինչը առանձին վերլուծության թեմա է), այլեւ թե ովքեր են այն ղեկավարում եւ ովքեր են հայկական այս հեղափոխության զավակները: Քանի որ համաժողովրդական անհնազանդության ալիքն է նրանց բարձրացրել, հետեւաբար այդ ալիքի կատարից վայր ընկնելը կարող է հենց նրանց սպառնալ:

Հանրապետական կուսակցության 20-ամյա իշխանությունը բնակչության մեծ մասի կողմից գնահատվում է չարիք, որը արգելակում էր երկրի զարգացումը, ու թույլ չէր տալիս, որ կատարվեն խորքային բարեփոխումներ: Հետեւաբար, երբ Սերժ Սարգսյանը փորձեց սահմանադրական փոփոխությունների միջոցով երկարացնել Հայաստանում իր իշխանությունը, սա դարձավ այն վերջին կաթիլը, որը լցրեց բնակչության համբերության բաժակը, ինչը եւ դարձավ համաժողովրդական շարժման պատճառ:

Նիկոլ Փաշինյանի կողմից այս շարժման ղեկավարումը նույնպես պատահական չէ, ինչպես ցույց է տալիս նախորդ հեղափոխությունների ու հեղաշրջումների փորձը. նմանատիպ անհնազանդության ալիքները որպես կանոն ղեկավարում են իրենց էքսցենտրիկ պահվածքով եւ վարքով հայտնի ու հիշվող անձինք: Հիշենք թեկուզ նույն Սաակաշվիլիի ֆենոմենը եւ նրա պահվածքը տարբեր իրավիճակներում: Նմանատիպ անձինք որպես կանոն աչքի չեն ընկնում իրենց ինտելեկտով, սակայն նրանք դա կոմպենսացնում են բնածին, այսպես ասենք, հոտառությամբ, կամ ժողովրդական լեզվովՙ քթածակությամբ, ու կարողանում են շատ ավելի լավ հասկանալ, թե այս պահին ինչ է ուզում փողոցը, եւ փողոցին առաջարկել այն, ինչը ցանկանում են լսել: Նրանք նաեւ համարվում են պայքարող տեսակ, քանի որ իրենց կյանքը այլ կերպ չեն կարող լցնել, օրինակՙ ի վիճակի չեն գիտությամբ կամ ասենք լուրջ գրականությամբ զբաղվել:

Հետաքրքրական է, որ նախկինում հայտնի բոլոր էքսցենտրիկ հեղափոխականները որպես կանոն զբաղվել են լրագրությամբ, բայց նաեւ որպես կանոնՙ առանձնապես լավ լրագրողներ երբեք չեն եղել` Ռոբեսպիեռ, Լենին, Մուսոլինի, Ֆիդել Կաստրո եւ այլն: Հայաստանում սկսված ու արդեն թավշյա հեղափոխություն անունը ստացած շարժումը առաջ է քաշել իր զավակներին, որոնց էլ, նույն այդ հեղափոխության կողմից «խժռվելու» հավանականությունն աճում է` պայմանավորված նաեւ այդ շարժման հզորացման հետ:

Նկար 1. Ջորջ Դանտոն

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.