AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 59. ԾԱՂԿԱԹԵՐԹԵՐԻ ՎՐԱՅՈՎ ԹՌՉՈՂ ԹԻԹԵՌԻ ԹԵՎԵՐԻՑ ՄԵԿԸ ԹԻԹԵՂԻՑ ԷՐ, ՄՅՈՒՍԸՙ ԹԵՐԹԻՑ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 06-04-2018



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2018-04-09 14:06:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 2065, Տպվել է` 151, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՐԴԱՆ ՌԱՖԱՅԵԼԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ. ՆԱ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ Է ԼՈՒՅՍԸ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Ռուսաստանում ապրող, իրենց գործին նվիրված եւ հասարակության շրջանում մեծ հարգանք ու հեղինակություն վայելող հայ բժիշկների մասին շատ է գրվել:

Բժշկի կոչումն առաջին հերթին հիվանդի կողքին լինելն է, դեղորայք ու տարաբնույթ սարքավորումներ կիրառելուց բացիՙ նաեւ ջերմ, բարի եւ հուսադրող խոսքով սատարելը: Այդ հավատամքի տեր բժիշկներից է իմ հերթական հերոսը:

ՌԴ Աչքի հիվանդությունների գիտահետազոտական պետական ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանում հայտնի ակնաբան-վիրաբույժ Վարդան Ռաֆայելի Մամիկոնյանը ծնվել է 1951 թվականին Երեւանում, բժշկի ընտանիքում: Թերապեւտ հայրը երազում էր, որ որդին թերապեւտ դառնա, ակնաբույժ մայրըՙ ակնաբույժ, իսկ Վարդանն էլ թեեւ ցանկանում էր ընտրել վիրաբույժի մասնագիտությունը, բայց հանգամանքների բերումով եւ ասես նախախնամությամբ իրեն շնորհված անուն-ազգանվան թելադրանքովՙ գնաց մոր ճանապարհով: Եվ եթե 5-րդ դարի մեր պանծալի զորավարի եւ հայոց զորքերի սպարապետի երազանքն իր ժողովրդին ազատ ու արժանապատիվ կյանք պարգեւելն էր, մարդկանց ազատություն վերադարձնելը, ապա մերօրյա Վարդան Մամիկոնյանի առաքելությունը, կարծում եմ, նույնպես անչափ կարեւոր էՙ մարդկանց աչքի, ասել է թեՙ աշխարհի լույսը վերադարձնելը: Բազմաթիվ երազանքներով լի երիտասարդը այդպես ընտրեց ակնաբույժի մասնագիտությունը:

1974 թվականին Երեւանի պետական բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո Վարդանը մեկնեց Մոսկվա, սովորեց եւ ավարտեց ասպիրանտուրան ու սկսեց աշխատել իր մասնագիտությամբ:

Աշխատանքին զուգահեռՙ հաջողությամբ պաշտպանեց թեկնածուական, ապա դոկտորական թեզերը, ամուսնացավ, ընտանիք կազմեց: Կինը նույնպես բժիշկ էՙ մաշկաբան, երկու աղջիկներից մեկը բժիշկ-դիմահարդար է, մյուսըՙ տիրապետում է գեղեցկության արվեստի գաղտնիքներինՙ վարսահարդար-ձեւավորող է: Մեծ աղջիկն ամուսնացած է եւ Վարդան Մամիկոնյանը սիրով ու հպարտությամբ է խոսում իր երկու թոռնիկների մասին: Ազատ ժամերին, իր սիրած գործերովՙ արվեստով եւ սպորտով զբաղվելուց զատ, մեծ տեղ է հատկացնում նաեւ սիրասուն թոռնիկներին:

Անցնող տարիները միայն ճանաչում եւ հաղթանակներ են բերում Վարդան Մամիկոնյանին: Նա լավ է հասկանում, որ բժշկի համար շատ կարեւոր է նվաճել մարդկանց հավատն ու վստահությունը: Չէ որ բժշկությունը մեծ արագությամբ զարգանում է, ներդրվում են նորագույն տեխնոլոգիաներ, եւ միայն կայուն գիտելիքներով ու մարդկային բարձր առաքինություններով օժտված բժիշկը կարող է ամուր եւ վստահ կանգնած լինել մարդու կողքին, եւ որ ամենակարեւորն էՙ մարդու համար ամենաարժեքավորի` առողջության եւ առավել եւսՙ տեսողության պահպանման դիրքերում:

Ակնաբան-վիրաբույժ Վարդան Ռաֆայելի Մամիկոնյանի համար ամենամեծ գնահատականը հիվանդների եւ նրանց հարազատների երախտիքի խոսքերն են, նրանց օրհնանքներն առ Աստված, որ լսում է ամեն օր:

Մամիկոնյանը բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է, դրանք վերաբերում են աչքի խանգարումների վիրաբուժական շտկման եւ ընդհանրապես մարդկանց աչքի լույս պարգեւելուՙ միկրո ու վերականգնողական վիրաբուժության հարցերին:

Նա նշում է, որ իր ղեկավարած ՌԴ Աչքի հիվանդությունների գիտահետազոտական պետական ինստիտուտը, որը հագեցած է բարձրակարգ մասնագետներով եւ ժամանակակից տեխնիկայով, պայմանագիր է կնքել եւ համագործակցում է Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնի համապատասխան բաժանմունքի հետ, տարվա ընթացքում հրավերով մասնագետներ են մեկնում Երեւան, կատարում աչքի անհետաձգելի վիրահատություններ, իսկ ծայրահեղ դեպքերում հիվանդները շտապ տեղափոխվում են Մոսկվաՙ իրենց ինստիտուտ, որտեղ էլ հրաշքներ են տեղի ունենում եւ մարդը վերստին կարողանում է տեսնել աշխարհը, հարազատներին:

Հայաստան են մեկնում նաեւ ակնաբուժաման կոնֆերանսների եւ գիտաժողովների: Հիշում է Երեւանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած ռուս-հայկական համատեղ ակնաբուժական գիտագործնական համաժողովըՙ «Ակնաբուժության արդի խնդիրները» խորագրով: Այն կազմակերպվել էր իրենց ինստիտուտի, «Նաիրի» բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմուքի, Հայաստանի ակնաբուժական ասոցիացիայի եւ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի նախաձեռնությամբ:

Սեմինար-քննարկման զեկուցողների շարքում էին ինչպես հայաստանյան առաջնակարգ մասնագետներ, այնպես էլ իրենց ինստիտուտի պատվիրակության անդամները, այդ թվում եւ ինքը:

- Յուրաքանչյուր այդպիսի սեմինար-քննարկում խիստ կարեւորում եմՙ տեղեկատվության, փորձի փոխանակման տեսանկյունից,-ասում է Վարդան Մամիկոնյանը: Այն միաժամանակ արդյունավետ եւ օգտակար է երկու կողմի համար, քանի որ ներկայացվում են տարիների ընթացքում գրանցած հաջողությունները, առաջընթացը: Եվ այսօրվա մեր առաջնային նպատակը ակնային հիվանդությունների ոչ միայն բուժումը, այլ նաեւ արդյունավետ կանխարգելումն է:

Վարդան Մամիկոնյանը առանձնակի հոգատարություն է ցուցաբերում իր հայրենակիցների նկատմամբ, որը զգացվում է հենց ինստիտուտի շենք մտնելիս, երբ գրանցման բաժնում կարդում են քո հայկական ազգանունը: Այսպիսին է դրվածքը Վարդան Մամիկոնյանի ղեկավարած բուժհաստատությունում: Իսկ հային աչքի լույսը վերադարձնելը ոչ միայն մասնագիտական բերկրանք է, այլեւ պատվախնդրություն նրա համար:

Դեպքեր են եղել, երբ ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն այցելած մեր հայրենակիցները, դեսպան Վարդան Տողանյանի մոտ ընդունելության ընթացքում գանգատվել են նաեւ առողջական վատ վիճակից, տեսողությունից: Տողանյանը, քաջ իմանալով Մամիկոնյանի պատրաստակամությունն ու պատվախնդրությունըՙ դիմել է նրա աջակցությանը, ինչը միշտ առանց երկմտանքի ընդունվել է, քանի որ հայ համայնքի կողմից լավ ընդունելության արժանացած մեր դեսպանը ճանաչված ակնաբույժի անչափ հարգված հայրենակիցներից է:

Վարդան Մամիկոնյանը Ռուսաստանում շատ հայտնի եւ մեծ ճանաչման արժանացած բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բժշկական ակադեմիայի ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի համակուրսեցին է եւ մտերիմ ընկերը:

Նրանց բարեկամությունն ու մտերմությունը այսօր էլ շարունակվում է, եւ Վարդան Մամիկոնյանը հպարտությամբ նշում է, որ Բագրատ Ալեքյանը փայլուն տիրապետում է սիրտ-անոթային հիվանդությունների բուժման մեթոդաբանությանն ու գաղտնիքներին, հարյուրավոր վիրահատությունների հեղինակ է, այդ թվում` նախադեպը չունեցող եւ աշխարհում առաջին անգամ սրտի մի շարք կարեւոր վիրահատությունների:

Վերջում ավելացնեմ, որ ծանոթանալով բժիշկ Վարդան Մամիկոնյանիՙ չափազանց մարդասիրական մասնագիտության տեր այս անձնավորության հետ, մեկ անգամ եւս համոզվեցի, որ նա ընտրելով բժշկի աշխատանքըՙ երդում է տվել եւ այդ երդմանը հավատարիմՙ ազնիվ ծառայում է մարդկանցՙ նրանց վերադարձնելով լույսը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 06-04-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.