AZG Daily #15, 20-04-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 57. ՍՄԲՈՒԿ ԵՎ ԼՈԼԻԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 06-04-2018



ԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2018-04-09 14:06:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 2099, Տպվել է` 392, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ «ԿԱՅՍՐԸ»

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են ջանքեր գործադրել կարգավորելու ղարաբաղյան խնդիրը, բացառելով հակամարտության ռազմական լուծումը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիւեը չթուլացող տեմպերով շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունները:

ԵԱՀԿ-իՙ Մ. Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Մ. Բրիտանիայի համանախագահների ուշադրությունը գլխավորապես սեւեռված է ղարաբաղյան հակամարտության վրա: Այդուհանդերձ Ալիեւը նրանց գլխի վրայով է՛լ ավելի է սրում իրավիճակը աչք տնկելով Հայաստանի տարածքների վրա: Նման հայտարարությամբ նա առաջին անգամ հանդես եկավ փետրվարի 10-ին, երբ ելույթ էր ունենում «Նոր Ադրբեջան» կուսակցության կոնգրեսում: Հայաստանում եւ աշխարհում շատերն անտեսեցին այդ հայտարարությունը, համարելով այն ընտրարշավի «անվնաս» հռետորաբանություն: Բայց նա կրկնեց այդ տարածքային պահանջները մարտի 19-ին Նովրուզի (Նոր տարվա) տոնի առթիվ ժողովրդին ուղղված իր ուղերձում: Նա խոստացավ ադրբեջանցիներին վերադարձնել Երեւան, ինչպես նաեւ Սյունիքի շրջան եւ Սեւանա լճի տարածք, բնութագրելով այդ տարածքները «պատմական ադրբեջանական հողեր»: Նա իր ելույթն ավարտեց «սա է մեր ռազմավարական նպատակը, եւ մենք աստիճանաբար շարժվելու ենք այդ նպատակի իրականացման ուղղությամբ» բառերով:

Միջազգային իրավունքի տեսանկյունից հարեւան երկրի տարածքների նկատմամբ պահանջներ ներկայացնելը նշանակում է պատերազմ հայտարարել այդ երկրի դեմ: Մինչ շատ երկրներ վերապահումով են վերաբերվում նման իրավիճակներում առաջին հարվածը հասցնելու, Ալիեւը բազմաթիվ անգամներ է ապացուցել, որ ինքը կարող է օգտվել այդ «իրավունքից»: Բայց Կովկասում իրավիճակը չափազանց բարդ է նման արկածախնդրության դիմելու համար:

Քաղաքական ավելի լայն կոնտեքստում Ադրբեջանի ավագ եղբայր Թուրքիան անպատիժ կիրառում է նման քաղաքականություն իր հարեւանների նկատմամբ եւ ոգեշնչում է Ադրբեջանին հետեւելու իր օրինակին: Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը նշել է, որ Ալիեւի տարածքային ընդարձակման ախորժակները գնալով սրվում են համշախարհային հանրության անտարբերության հետեւանքում:

Մարտի 27-ին Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հետ Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը հայտարարեց. «Ադրբեջանի այդպիսի կրեատիվության դրսեւորում է, երբ մեր մայրաքաղաք 2800-ամյա Երեւանը եւ Հայաստանի այլ շրջաններ հռչակվում են Ադրբեջանի «պատմական» տարածքներ»:

Անընդհատ կրկնվող այս պատմությունը վաղուց անցել է ընտրարշավի սովորական հռետորաբանություն լինելու սահմանը եւ դարձել մարտավարական եւ գոյապահպանական սպառնալիք Հայաստանի համար: Կան որոշակի օբյեկտիվ պատճառներ, որոնք սնուցում են Ալիեւի գերագույն ինքնավստահությունը: Դրանցից ամենագլխավորը Հայաստանի թուլության ընկալումն է:

Էմիլ Սանամյանը , ով լավատեղյակ է Ադրբեջանի միջազգային քաղաքականության մանրամասնություններին, նկատում է, որ Ալիեւի մոլեգին պահանջները իրենց մեջ պարունակում են զգացմունքային երանգներ: Նա ասում է, որ Ալիեւի հայրըՙ Հեյդարը, ծնունդով Զանգեզուրից է, մինչդեռ մոր ընտանիքը արմատներով Երեւանից եւ Սպիտակից է: Երկու ընտանիքներն էլ Նախիջեւան են տեղափոխվել 1918-20 թվերի հայ-ադրբեջանական կռիվների ժամանակ: 1918-ից առաջ ադրբեջանական ոչ երկիր է եղել, ոչ էլ ազգություն, որպեսզի Ալիեւը հիմնավորի իր «պատմական» պահանջները: Ադրբեջանի նավթադոլարներն են, որ գնել են որոշ կեղծ գիտնականների, որպեսզի հորինեն Ադրբեջանի արհեստական պատմությունը եւ նրան դասեն ազգությունների ընտանիքի անդամների շարքում:

Մոսկվայաբնակ ազերի վերլուծաբան Ֆուադ Աբասովը , որ փորձում է ռուսական լրատվամիջոցներին համոզել, որ Ադրբեջանը Հայաստանի ավելի հավատարիմ է Ռուսաստանին, վերջերս ղարաբաղյան հարցի շուրջ հարցազրույց է ունեցել ազերի հայտնի քաղաքագետ Օրհան Ջեմալի հետ: Վերջինս նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն Ղարաբաղն է վերագրավելու, այլեւ Հայաստանը: Սա նշանակում է, որ հարցը ընտրարշավի հռետորաբանությունից արդեն անցել է ակադեմիական-գիտական ոլորտ եւ դարձել երկրի պետական քաղաքականության բաղկացուցիչ մասերից մեկը: Այստեղ էլ Ադրբեջանի տնտեսական առաջընթացն ու ընդգրկվածությունը կովկասյան տնտեսության մեջ բախվում է Հայաստանի մեկուսացման հետ:

Չնայած Մոսկվայի պաշտոնական շրջանակների ուղերձները որոշ առումով հանգստացնող են, այդուհանդերձ նրա վերլուծաբանների ակնարկները այնքան էլ չեն տարբերվում ազերի մեկնաբանների խոսքերից: Ռուսական «Analysis of Strategies and Technologies» անունը կրող գաղափարների վերլուծական շտեմարանը ուսումնասիրություններ է անցկացրել եւ հրատարակել իր եզրակացությունները, որոնք իրավիճակի վատթարացում են կանխատեսում առաջիկա ամիսներինՙ հետեւյալ պատճառներով. (ա) Ադրբեջանի տեխնիկական գերազանցությունը, (բ) նավթի գների հնարավոր աճը, որը կխթանի է՛լ ավելի հզորացնելու Ադրբեջանի զինանոցը, (գ) ժողովրդագրական անհավասարությունը եւ հատկապես Հայաստանից արտագաղթը, եւ (դ) այն ընկալումը, որ Հայաստանն անկարող է պաշտպանել Լեռնային Ղարաբաղից այն կողմ գտնվող տարածքները: Պատերազմական գործողությունների բռնկումը կարող է ավարտվել հօգուտ Բաքվի:

Այս եզրակացությունների մեջ որոշ ճշմարտություններ կան: Սակայն, եթե Ադրբեջանի ղեկավարությունը համոզված լիներ վերոնշյալ կետերի ճշմարտության մեջ, ոչ մի առիթ բաց չէր թողնի բլիցկրիգ հարձակում սանձազերծելու համար: 2016 թվի ապրիլյան դեպքերը համոզեցին ազերիներին, որ... դեռեւս պատրաստ չեն նման արկածախնդրության:

Պատերազմ վարելու արդի ձեւերում մարտնչողների քանակի գերազանցությունը ռազմավարական ոչ մի առավելություն չի նշանակում, որովհետեւ ամբողջ գործողությունը հիմնված է տեխնոլոգիայի վրա: Հայոց բանակը, ճիշտ է, կարող է թվաքանակով զիջի ազերի բանակին, բայց Հայաստանում ռազմական փորձագետների կարծիքով տեխնոլոգիական առավելությունը հօգուտ իրենց է:

Եթե պատերազմ ծագի, Հայաստանը երկու կողմից է հարձակման ենթարկվելու. մեկըՙ Ադրբեջանից, մյուսըՙ Նախիջեւանից, որտեղ արդեն իսկ թուրքական բազա է հաստատված: Նման իրավիճակում Անկարան եւ Մոսկվան ստիպված են լինելու խորհդակցելու: Անկարան, բնականաբար Ադրբեջանին է պաշտպանելու, բացյ արդյոք Ռուսաստանը պաշտպանելո՞ւ է Հայաստանին պատշաճ մակարդակով:

Երբ Մ. Նահանգները Սիրիայում քրդերին լքեց Թուրքիայի քմահաճությանն ու ողորմածությանը, Անկարան Մոսկվայի հետ խորհրդակցելուց եւ նրա չեզոքությունը ապահովելուց հետո միայն համարձակվեց սանձազերծել իր «Ձիթենու ճյուղ» հարձակումը Աֆրինի վրա: Միեւնույն սցենարը կարող է կրկնվել Կովկասում:

Չպետք է մոռանանք նաեւ, որ Ջոն Բոլտոնի նշանակումը, որպես նախագահ Թրամփի ազգային անվտանգության խորհրդատուի, կարող է ամբողջ աշխարհը վերածել վառոդատակառի: Լուրեր են պտտվում, որ նա Իսրայելին խորհուրդ է տվել հարձակվել Իրանի վրա: Եթե, Աստված չանի, նա նույն խորհուրդը տա Թուրքիային եւ ստիպի ՆԱՏՕ-ի իր դաշնակցին դիմագրավելու Ռուսաստանին, ապա կացությունը անղեկավարելի կդառնա: Բոլտոնը հայտնի է որպես մի դիվանագետի, որի քաղաքական անողոք պոռթկումները կարող են վտանգավոր հետեւանքներ ունենալ:

Մինչ Հայաստանը բարելավում է իր հարաբերությունները Եվրոպայի հետ, ամբողջ ժամանակ բողոքելով, որ Մոսկվան զենք է վաճառում Ադրբեջանին, նախագահ Պուտինը Հայաստան է ուղարկել մի պատվիրակություն համոզվելու համար, որ Երեւանը շատ չի հեռանա Ռուսաստանի տիրույթից: Ռուսաստանը մտադիր է կատարել պաշտպանության եւ ավտանգության առումներով իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, վստահեցրեց Կոնստանտին Զատուլինը ՙ ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով նախագահի առաջին տեղակալըՙ Հայաստանի խորհրդարանում: «Ապագայում, Հայաստանի նկատմամբ որեւէ հարձակում Ռուսաստանը դիտարկելու է որպես սպառնալիք իր նկատմամբ», ավելացրեց նա, Ալիեւի սպառնալիքներն ու պահանջները ընտրարշավի հռետորաբանություն որակելով:

Ներկայիս, լրջագույն հարցն այն է, թե արդյոք Զատուլինի հայտարարություններն ու հավաստիացումները կարո՞ղ են հակակշռել Ալիեւի հռետորաբանություններին եւ ռուս վերլուծաբանների կանխագուշակություններին:

Չնայած Հայաստանի զինված ուժերում շատ լուրջ են վերաբերվում ազերի պատերազմական խաղերին ու բանավոր սպառնալիքներին, տեղական լրատվամիջոցները համապատասխան լրջությամբ չեն արձագանքում այդ հարցերին: Այդ անտարբերությունը չափազանց վտանգավոր է:

Հնարավոր է, որ Ալիւեը իրեն պահում է որպես մեր օրերի նորընծա կայսրի, բայց մենք կկարողանանք ծիծաղել նրա վրա միայն այն ժամանակ, երբ հնարավոր բախումից հաղթական դուրս գանք:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 06-04-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.