AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 99. ՄԵԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 06-04-2018



Տեղադրվել է` 2018-04-09 14:06:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 3158, Տպվել է` 384, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՔՆԱՎԵՐԱՐՏԱԴՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ: ԻՐԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԿԱՐԾԵՑՅԱԼ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հերթական անգամ «Ազգի» պատվարժան խմբագրությունը նեղսրտել էր Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների ինքնավերարտադրման մաքառումների իրական հիմքերի համադրումների կապակցությամբ: Եթե հիշում եք, ավելի վաղ ներկայացրել էի ռուսաց ղեկավարի այն ծառայությունների «ցանկը», որոնք նա մատուցել է երկրին ու ժողովրդին իր կառավարման տարիներին, խնդրելով ձեզ սրտնեղելու փոխարեն վերլուծել ներհայաստանյան իրողությունները, պարզ համեմատություն անել, մի կողմ դնելով մասշտաբները: Ձեր կողմիցՙ ձայն բարբառո յանապատի: Մինչդեռ, ինչպես ասում են, ճշմարտությունը ծնվում է նաեւ համեմատությունների միջոցով:

Դուք անընդհատ դժգոհում եք, թե ինչու Ռուսաստանի ղեկավարին կարելի է 4-րդ անգամ նստել բարձրագույն աթոռին, իսկ Հայաստանի ղեկավարինՙ ոչ ընդամենը 3-րդ անգամ, որ, ստացվում է, մեջբերում եք, «այն, ինչ որ թույլատրվում է Զեւսին, արգելված է եզանը»: Բայց ո՜վ ասաց, որ չի կարելի, առավել եւս, եթե չկան օրենսդրական արգելքներ: Ուրիշ հարց է, երբ խոսքը վերաբերում է ինքնավերարտադրման բազային, նաեւ ձեր հիշատակած «քաղաքական պարկեշտությանը»:

Դուք որտեղի՞ց եք քաղել ձեր այն հետեւությունը, թե «նախագահ Պուտինը իր արարքը (ինքնավերարտադրումը. Ռ.Հ.) արդարացնում է փոխարինող պատրաստելու առաջադրանքով», ո՞վ է ձեզ մոլորության մեջ գցել: Նախ, Պուտինը երբեք ընտրություններից առաջ չի հայտարարել, թե ինքը չի առաջադրելու իր թեկնածությունը: Ընդհակառակը, նա պարզ ասում էրՙ ինքը կատարել է իր ծրագրի «Ա» կետըՙ երկիրը վերածնել, կրկին դարձրել է համաշխարհային ռազմական գերտերություն, եւ կուզենար վերջին 6 տարում իրականացնել ծրագրի «Բ» կետըՙ ճեղքում կատարել էկոնոմիկայի ասպարեզում: Եվ հետո, Պուտինը գիտե, որ ռուսաց ժողովուրդը ճանաչում է իր ծառայությունները եւ վստահում է իրեն:

Դուք չե՞ք ուզում ընդունել, որ նույնիսկ Արեւմուտքն է ճանաչում Պուտինի «վաստակը» Ռուսաստանի հզորացման մեջ: Կարծում եք Եվրոպայի եւ Ամերիկայի բարձրացրած կենդանական վայնասունը հակառուսակա՞ն բնույթ ունի: Ոչ, բացառապես հակապուտինական, քանզի ամեն ինչ արվեց Պուտինին վնասազերծելու համար, իսկ արդյունքըՙ ոչինչ: Թերեզա Մեյը այդպես էլ չհասկացավ, որ իր ցածրագույն վարկանիշը բարձրացնելու, աշխարհաքաղաքական մրցակցի առաջընթացը խոչընդոտելու տխմար սադրանքով նա միայն բարձրացրեց քվեների քանակը հօգուտ Պուտինի:

Եթե մինչեւ ընտրությունները կանխատեսվում էր մոտ 60 տոկոսանոց հաղթանակ, Եվրոմիության վնգստոցներից հետո ընտրողները ավելի համախմբվեցին իրենց լիդերի շուրջ, ապահովելով համաձայնության ավելի քան 76 տոկոսը: Ընդ որում, ոչ ոք Ռուսաստանում աչքաթող չի անում Պուտինի գործունեության թերությունները, ու առաջին հերթին ինքըՙ Պուտինը:

Վերջիվերջո, պաշտելի խմբագրություն, փոխանակ անձնուրաց հետեւողականությամբ հանդես գալու Պուտինի ինքնավերարտադրման դեմՙ ի նպաստ Հայաստանի վարչապետական ինքնավերարտադրմանՙ հօգուտ, ձեր ասած, ապագա բեղմնավոր «սերնդաթրծիչ» գործունեության, ավելի ճիշտ չէ՞ր լինի ուշադրություն դարձնել, ասենք, Հայաստանի իշխանությունների եզակի մարդասիրական ժեստի վրաՙ գործող նախագահին անհատույց տրամադրել 15365 հա տարածք-առանձնատուն ՙ օրեցօր աճող հսկայական պետական պարտքի պայմաններում: Անտու՞ն էր նախագահը: Պատե՞հ էր ժամանակը: Ձիգ տասնամյակներ հետո բոլո՞րն են օթեւան ստացել երկրաշարժն ապրած Գյումրիում: Այս ոգո՞վ պիտի «թրծվի» ջահել սերունդը: Կարո՞ղ եք հուշել, թե ինչ զգացումներով էին համակված հայոց մամլո հրապարակումները ազգին հասցված այս բարոյական ապտակի վերաբերյալ: Միայն մեկ զգացումով: Ապշեցնում է, թե ինչ օլիմպիական հանգստությամբ են հայոց իշխանությունները արհամարհում հասարակական կարծիքը:

Եվ վերջում, միգուցե «Ազգը» համաժողովրդական քննարկման առարկա դարձնի այն աղաղակող փաստը, թե ինչո՞ւ միայն 2017 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն է ընդունել 25 հազար հայաստանցի, ինչու են նրանք գերադասել ոչ թե հայոց ղեկավարի, անկախ պաշտոնի անվանումից, այլ ինքնավերարտադրվող նզովյալ ռուսաց կայսերի հպատակը դառնալու համառ նպատակադրությունը:

Խմբ. կողմից.- Մի կողմ թողնելով Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելու անհագուրդ ցանկությամբ տոգորված մեր քաղաքացիների պարագան, որոնք, հաստատապես կարող ենք ասել, նախագահ Պուտինի խաթեր չեն գնում այդ քայլին, ցանկանում ենք մեր հարգարժան աշխատակցին կրկին բացատրել, որ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի վերարտադրվելու մարմաջները համեմատելու խնդիր մենք չենք դրել մեր նախորդ հրապարակման մեջ. այդ համեմատությունը կատարել է նույնինքն պրն Ռ. Հայրապետյանը, որին ի պատասխան ենք շարադրել մեր նկատառումները: Սակայն մեր նախորդ հարցադրումը մնում է նույնըՙ հզոր ու մեծ Ռուսաստանում չկա՞ր ուրիշ մարդ, որ կարողանար նախագահ Պուտինի ծրագրի 2-րդ մասը իրագործել: Եվ այս առիթով կրկին հաստատենքՙ պետական որեւէ ղեկավարի ֆեթիշացումը միշտ տխուր վախճան է ունենում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 06-04-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.