AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 93. ՊԱՐԵԳՈՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 30-03-2018



ԿՈՎԿԱՍՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ

Տեղադրվել է` 2018-03-29 22:39:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 2256, Տպվել է` 308, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽԵՂՃԱՑԱԾ ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՄԲՈՒՐԳԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԵՋԼԻՍՈՒՄ

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Համբուրգի նշանավոր Էլբֆիլհարմոնիայում մարտի 28-ից ապրիլի 3-ն անցկացվող Կովկասի ժողովուրդների փառատոնին մեր երկրից մասնակցում են Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբըՙ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, «Գյուրջիեւ» անսամբլը, Տիգրան Համասյանըՙ «Լույս ի լուսո» ծրագրով, որի մաս են կազմում նաեւ դուդուկահար Նորայր Քարտաշյանը, Երեւանի պետական կամերային երգչախումբըՙ Հարություն Թոփիկյանի, «Գեղարդ» երգչախումբըՙ Անահիտ Պապայանի ղեկավարությամբ: Կովկասյան փառատոնին ուրիշ հայեր էլ մասնակցություն ունենՙ Ինգոլշտադտի վրացական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժորը Ռուբեն Ղազարյանն է, իսկ «Կովկասյան մանրանվագներ» անվանյալ համերգին, որի ծրագրում հնչելու է նաեւ Կոմիտաս եւ Տիգրան Մանսուրյան, մասնակցում են դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը, սոպրանո Կարինե Բաբաջանյանը, իսկ «Քուս» լարային քառյակի կազմում թավջութակահար Միքայել Հախնազարյանն է:

Գերմանացիների վրացասիրությունն այս անգամ էլ անթաքույց էՙ նրանք անհամեմատ շատ են եւ իրենց մշակույթն այս հարթակում բազմակողմանի ներկայացնելու առիթն ունենՙ վրացական երաժշտությունն այս փառատոնում հագեցնելու է նաեւ իրենց լեզվով ներկայացվող կինոն: Ադրբեջանը ապրիլի 1- ին մեկ համերգով ներկայացնում է ժողովրդական երգիչ Ալիմ Քասիմովը, որ ելույթ է ունենալու երգչուհի Ֆարգանա Քասիմովայի, եւ քամանչա, թառ, երկու այլ նվագարաններից կազմված խմբի ուղեկցությամբ: Մեկ ելույթ էլ վերապահված է Վրաստանի Պանկիսի կիրճից չեչենական «Ացնաշ» կանանց ժողովրդական երգչախմբին: Թվում էՙ ադրբեջանցիները պիտի բողոքեին, թե բազմաշերտ, իրենց «դարավոր» մշակույթի հանդեպ խտրականություն են իրականացնում: Նման ընդվզում գերմանալեզու գրավոր հարթակում աչքովս դեռ չընկավ: Փոխարենը, մեղմ ասածՙ որքան էլ ընդհանուր առմամբ ըմբռնելի մտահոգություն, այդուհանդերձ զարմանալի է այն դիտանկյունը, որ ներկայացնում է գերմանական taz-ըՙ մանավանդ, երբ քննադատում է Էլբֆիլհարմոնիայի հիշյալ փառատոնի կազմակերպիչներին: Հպանցիկ ներկայացնենք ծավալուն հոդվածի առավել «սուր» հատվածները:

Թերթն իր անդրադարձում հակիրճ ձեւակերպում է, թե ցանկություն ունեին Ս. Հարության տոնին ընդառաջ զուտ ծիսական երաժշտություն ներկայացնել, բայց փառատոնի ընթացքը հուշում է, որ չեզոքություն պահպանել չի հաջողվելու, քանի որ խիստ քաղաքականացված, բարդագույն այս տարածաշրջանում ազգային երաժշտությունը, եկեղեցին ու քաղաքականությունը միահյուսված են իրար: Հայոց ցեղասպանության թեման շրջանցվում է, հին քրիստոնեական երգեցողությունը պատշաճ է ներկայացվում, իսկ ուղղափառ եկեղեցու դերնՙ անտեսվում: Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից հրավիրյալ խմբերի կողքին Կովկասի ռուսական հատվածից հրավիրյալներ չկան: Սա միակ քաղաքական «բացթողումը» չէ, կարծիք է հայտնում թերթը: Ըստ նույն աղբյուրի, թշնամացած Հայաստանի եւ Ադրբեջանի երաժիշտների համատեղ համերգն օրինակ կազմակերպել չի լինի, որքան էլ դրա կարիքը կա. եւ մուղամի վարպետ ադրբեջանցի ժողովրդական երգիչ Ալիմ Քասիմովը բեմում միայնակ ելույթ կունենա:

Ափսոս է իհարկե, բայց ճշմարիտ է նաեւ այն, որ ադրբեջանցին եթե հայի հետ բեմ դուրս գա, պիտի ճնշումների երկյուղն մտքում ունենա: Դեռ լավ են հիշում ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի պարագան, որ հերոսից ժողովրդի թշնամու վերածվեց, երբ ԼՂ մարտերի ժամանակ 2012-ին գրեց Բաքվում հակահայ արշավի մասին: Ազգայնական ատելության ալիքը պոռթկաց, քաղաքական գործիչները Այլիսլիին սպառնացին, եւ նա Թուրքիա փախավ: Այս տեսակետից ընկալելի է, որ Էլբֆիլհարմոնիան ռիսկի չի ուզում գնալ: Բայց Քասիմովին չեն էլ հարցրել, թե կուզենա՞ հայերի հետ ելույթ ունենալ: Հնարավոր է, նա ռիսկի դիմեր, գրում է գերմանական թերթըՙ շարունակելով. «Իսկ կազմակերպչի այն փաստարկը, թե Քասիմովը հայերի հետ չի կարող ելույթ ունենալ, քանի որ արաբական ազդեցություն կրող ադրբեջանցիների մուղամը հետեւում է այլ օրենքների, մասամբ է այդպես, քանի որ ջազում հաջողվում է: Միգուցե Էլբֆիլհարմոնիան Քասիմովի համար երաժշտական գործընկեր կարողանար գտնել», գրում է taz-ը ու հավելումՙ բայց այդպես չարվեց:

Իմ մեջ հայ ջազ երաժշտի հնչեղ անվան մի տարբերակ ուրվագծվեց, միայն այնքան էլ պարզ չէ, թե գերմանացի հոդվածագիրն իսկապես ի՞ր, թե՞ ադրբեջանցի մուղամաստեղծի չկայացած նախաձեռնության մասին է ակնարկում: Այսպես կոչվածՙ հաշտության կամ ավելինՙ ստեղծագործական հարթակ է ուզում ստեղծել երկու հարեւանների միջեւ, որ վատ չէ, բայցՙ Ալիեւի բառապաշարի հրամայական եղանակի շեշտն առանց վերլուծել- քննադատելու, ուզում ես գերմանացի մեր գործընկերոջը հանգիստ հարց ուղղելՙ ինչպե՞ս: Բայցՙ շարունակենք խոստացված հատվածները մեջբերել:

Հայկական Գյուրջիեւ խմբի եւ սիրիական «Հեվար» անսամբլի միջեւ համագործակցություն կա, գրում է taz-ը: Առաջին անգամ կայացող այդ ձեռնարկի «ենթատեքստն» այն է, որ Հայոց ցեղասպանության տարիներին հայ փախստականները Սիրիայում են ապաստանել: Այսօր Սիրիայից են Հայաստան փախչում, եւ այս փոխադարձ համերաշխությունը հիշատակի եւ երախտագիտության համերգի առիթ է դառնում: Այս համագործակցությունը սակայն քաղաքական առումով դիտարժան չէ, երաժշտական առումովՙ ոչ խնդրահարույց, քանի որ հայկական ժողովրդական երաժշտությունը արաբական տարրերից զերծ չէ: «Հեղափոխական չէ» նաեւ այն հանգամանքը, որ Ռուբեն Ղազարյանն է ղեկավարում վրացական կամերային անսամբլը: Նա իրեն լավ է զգումՙ մտածելակերպով նման են, ժողովուրդներնՙ իրար բարեկամ: taz - ը համարձակ քայլ է համարում չեչենների «Ացնաշ» խմբին հրավիրելը: Պանկիսի կիրճը վաղուց ի վեր համարվում է զենքի եւ թմրամիջոցների տարանցիկ ուղի: Երբ «Իսլամական պետությունն» այնտեղ զբաղված էր երիտասարդներին իր շարքերը ներգրավելով, բնակիչները դիմադրեցինՙ Թբիլիսիի խորհրդարան նամակ ուղարկեցին, որ հաջող ընթացք ունեցավ: Հիմա խաղաղ է: Դրանից հետո կանայք սկսեցին սոցիալական ծրագրեր կյանքի կոչել, ավանդույթները վերհիշել, այդպես «Ացնաշ» խմբի կանայք հնագույն երգերը վերհիշեցին:

taz-ի հեղինակը Տիգրան Համասյանի, Երեւանի կամերայինի, «Գեղարդ» երգչախմբերի «վիրտուոզ, խորհրդավոր» երգեցողությունը գնահատելով, չի մոռանում քննադատություն հնչեցնել հայոց առաքելական, վրաց ուղղափառ եկեղեցիների հասցեինՙ առաջինի պարագայումՙ հենվելով գերմանացի կոմպոզիտոր Ուլրիխ Քլանիՙ ետխորհրդային շրջանում հայոց եկեղեցու մասին «կաշառակեր, ազգայնական եւ մեկուսացված» ձեւակերպմանը, երկրորդի պարագայումՙ ներկայացնելով վրաց հեղինակ Նինո Հարաթիշվիլու կարծիքըՙ «Պերեստրոյկայից հետո վրաց եկեղեցին մեծ իշխանություն է ձեռք բերել, նրան չի հետաքրքրում հասարակության առաջընթացը»:

Կովկասյան փառատոնի ավարտին ի՞նչ կգրեն մյուս թերթերը, ո՞ւմ ելույթը կմնա ունկնդրի, հանդիսատեսի հիշողության մեջ, կամրագրի ապագան, որ, ավաղ, առավել ու առավել է քաղաքականացվումՙ նաեւ մեր կամքից անկախ: Նորաբաց Էլբֆիլհարմոնիայում հայ երաժիշտներն արդեն հասցրել են տարբեր ելույթներով փաստել, որ հզոր ուժ ունեն: Հայաստանի մշակույթի քաղաքականությունը նրանց գերհզոր դարձնելը, թիվը բազմապատկելն է: Հարուկի Մուրակամին ասում էՙ «գրելիս երազիր»: Միգուցե այդժամ Էլբֆիլհարմոնիայի համերգային կազմակերպիչները գալիք փառատոններին եկամտաբերության տեսակետից Ադրբեջանից որեւէ երաժշտի չհրավիրեն: Իսկ թշնամացած մեր երկրների միջեւ պատերազմն էլ... վաղուց ավարտված լինի:

Սուրբ Հարության տոնին ընդառաջ երազներն, ասում են, իրականանալու հավակնություն ունեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 30-03-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.