AZG Daily #15, 20-04-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 16. ԱԴԱՄԻ ԿՈՂԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 30-03-2018



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2018-03-29 22:39:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 2268, Տպվել է` 352, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՅՑ ԻՍԿԱՊԵՍՙ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱԿԱԲՈՒՅԾՆԵՐ ԿԱՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի գնացել էր Գիտությունների ազգային ակադեմիա: Հենց այնպես չէ, այդ օրը ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովն էր, ինչը հասկանալի էՙ մեր երկրում հեռավոր գյուղում պանրի փոքրիկ արտադրամասի բացման պես մի բան է. առանց նախագահի մասնակցության չի կարող տեղի ունենալ: Ինչեւէ, նախագահն ու գիտնականները հանդիպել են, զրուցել տարբեր թեմաների շուրջ, ամենայն հավանականությամբ` բացառապես գիտական, ու հասել են փողին: Նախագահը ասել է, որ բոլորը, նկատի ունիՙ գիտնականները, այսօր գումար են ուզում, ապա շեշտել. «Գումար ո՞վ չի ուզում, ես էլ եմ ուզում»: Դահլիճում բոլորը ծիծաղել են, ի դեպ դահլիճում բոլորը գիտնական են եղել:

Բայց սա չէ կարեւորը: Գիտնականներից մեկըՙ ակադեմիկոս Սերգեյ Մովսիսյանը , ներկաներին ներկայացրել է իր նոր գիրքըՙ հիմնված իր իսկ ուսումնասիրությունների վրա: Ակադեմիկոսը նշել է, որ գիրքը 230 տեսակի մակաբույծների մասին է ու շեշտել է. «Գիտենք, որ Հայաստանում մակաբույծներ կան, որոնք շատ վտանգավոր են»: Էլի բոլորը ծիծաղել են դահլիճում, այս անգամՙ գիտնականներից բացի նաեւ նախագահը: Հետո գիտնականներն ու նախագահը շարունակել են շփումը: Ակադեմիկոս Մովսիսյանին ոչ ոք մինչեւ վերջ չի էլ լսել, ապա նախագահը հեռացել է, գիտնականները մնացել են յուրայիններով, եւ կրկինՙ առանց փողի, իսկ պարոն Սերգեյ Մովսիսյանին են մոտեցել մի խումբ լրագրողներ, որպեզի հասկանան, թե «Հայաստանում մակաբույծներ կան» ասելով մարդը ի՞նչ նկատի ունի: Ակադեմիկոսը սիրով պատասխանել է. «Նախագահը ծիծաղեց, ես ուզեցի ասել, որ եթե վարակվեք, չեք ծիծաղելու, լաց եք լինելու... Ես ասացի, թե Հայաստանում ինչքան լայն տարածում ունեն պարազիտները, եւ նա ծիծաղեց իմ այն ասածից, որ բացի կենսաբանական պարազիտներից, կան սոցիալ պարազիտներ: Այդ մակաբույծները ամբողջ շրջաններում կան, կենդանիների մոտ կան, մարդկանց մոտ էլ կան»: Հետո ակադեմիկոսն ավելի կոնկրետ նշել է, որ ամենավտանգավոր մակաբույծները, որոնց մասին իրեն այդպես էլ հնարավորություն չեն տվել խոսելու, Աստված գիտի, թե ինչեր հասկանալով կամ պատկերացնելով, լինում են խոզի հում մսի մեջ. «Եթե դրանք մտնեն մկանների մեջ, կոպսուլա կստեղծեն: Մարդու ոտքերը, կուրծքը, մեջքը կսկսեն ցավալ ու նա չի իմանա, թե դա ինչից է: Եթե ախտորոշումը ճիշտ լինիՙ հնարավոր կլինի բուժելը», ասել է Մովսիսյանը: Գիտնականը նշել է, որ 600 տեսակի մակաբույծներից մի քանիսն են, որ մարդու համար շատ վտանգավոր են, օրինակՙ կանաչու վրա կան մակաբույծներ, որոնք կարող են առաջացնել լյարդի քաղցկեղ: Բայց ամենավտանգավորը հենց խոզի մսի մեջ հանդիպողն է: Լրագրողները ճշտել են ակադեմիկոսից, թե արդյոք նա պատրաստվո՞ւմ է ՀՀ նախագահին խորհուրդ տալ, որպեսզի նա խոզի մսից խորոված չուտի, գիտնականը պատասխանել է. «Նրանք գիտենՙ ինչ կուտեն, չմտածեք նրանց մասին»:

Դրանից հետո ակադեմիկոսը խորհուրդ է տվել քաղաքացիներին խորոված անելիս միսը լավ խորովելՙ մակաբույծների վտանգը չեզոքացնելու համար:

Այնպես որ, գիտնականին փող տալու պես, նույնիսկ դրանից ավելի շատ կարեւոր էՙ նրան լսելը: Շատ հնարավոր է, որ նա նախ փող չի ուզում, երկրորդըՙ ունի կարեւոր ուսումնասիրությունՙ ուշագրավ բացահայտումներով, որոնք կարեւոր են, որպեսզի մենք երկար ու առողջ ապրենք եւ... շատ փող ունենանք, որպեսզի ոչ մեկից չուզենք:

Բոլոր պարագաներում ԳԱԱ հաջորդ տարեկան ընդհանուր ժողովը 2019-ին կլինի: Եթե մինչ այդ Ակադեմիան ինչ-որ միջոցառում չանի, նախագահը մեկ էլ հաջորդ տարի կհանդիպի գիտնականների հետ:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 30-03-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.