AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 31. ԾՆԿԻ ԲԵՐԵԼՙ ԸՆԿՃԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 30-03-2018



ԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2018-03-29 22:39:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 3659, Տպվել է` 354, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՎԵՐՍԿՍՎՈՂ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Թվում է, թե սառը պատերազմի ժամանակաշրջանը վերադարձել էՙ վրիժառությամբ: Արեւմտյան պետություններն ու Ռուսաստանի Դաշնությունը մեղադրանքներ են հնչեցնում իրար հասցեին, իսկ ռուսական հետախուզական մարմինների նախկին աշխատակցի թունավորումը Լոնդոնում այնքան է ուժեղացրել սառը պատերազմի հռետորաբանությունը, որ արեւմտյան գերտերությունները իրենց միասնական ձայնն են բարձրացրել ընդդեմ Ռուսաստանի:

Միջազգային լարվածության այս սաստկացումը նպաստեց, որ երկրի ներսում նախագահ Պուտինի ժողովրդականությունը նշանակալի աճ արձանագրի ու լուրջ հաղթանակ ապահովի նրան նախագահական վերջին ընտրություններում:

Մյուս բոլոր երկրները, որոնց ճակատագրերը այս կամ այն չափով կախված են վերոնշյալ գերտերություններից, դեռեւս փորձում են հասկանալ, թե ի վերջո ո՞ւր են առաջնորդելու այդ լարվածությունները: Հայաստանը բացառություն չի կազմում: Բայց, ի տարբերություն այլ երկրների, Հայաստանը, ինչպես նաեւ Արցախը, հետաքրքրական նախաձեռնություններով են հանդես գալիս, որոնք նախկինում, միեւնույն պայմաններում, հնարավոր չէր իրականացնել:

Եվրոմիության արտաքին գործերի բարձրաստիճան ներկայացուցիչ Ֆրեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրոմիությունն ու Հայաստանը երբեք այսքան մոտիկ չեն եղել միմյանց: Այդ սերտ հարաբերությունն արդեն իսկ իր արտահայտությունն է գտել բարձրաստիճան պատվիրակությունների փոխադարձ այցելություններում: Եվրոպական երկրների հետ այդ զարգացող հարաբերությունները կարծես նպաստել են, որ աշխուժանան նաեւ Հայաստանի հարաբերությունները Մ. Նահանգների հետ:

Միջազգային լարված իրադրության պայմաններում, խորհրդարանական մի պատվիրակություն Հայաստանից այցելեց Ամերիկա: Միաժամանակ, նախարարների մի այլ պատվիրակություն Արցախից, նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ եղավ Մ. Նահանգներում, հակառակ Բաքվի կողմից ամերիկյան կառավարությանն ուղղված զայրացկոտ դիվանագիտական նոտաների: Մ. Նահանգների դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի արտգործնախրարություն այցի վերաբերյալ բողոքի նոտան ստանալու, իսկ Ամերիկայում Ադրբեջանի դեսպանն էլ բողոքի նոտա է ներկայացրել պետքարտուղարությանը:

Ադրբեջանի կառավարության առարկությունը հիմնված է այն ենթադրության վրա, որ Արցախի նախագահին վիզա տրամադրելով Մ. Նահանգները փաստորեն ճանաչում է այդ չճանաչված պետությունը: Ադրբեջանի բողոքը նաեւ ներառում էր սպառնալիք. «Ի պատասխան Մ. Նահանգների այս պահվածքին, Ադրբեջանը կարձագանքի փոխադարձ համապատասխան գործողություններով»:

Նման այցելությունները քաղաքական գործոններով են պայմանավորված եւ դրանցով էլ արդարացվում են: Բայց, կոնկրետ այս դեպքում կար նաեւ իրավական մի կարեւոր հանգամանք: Խոսելով նախագահ Սահակյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ֆրենկ Փալոնեն ասաց. «H.Res.697» բանաձեւը ներկայացնելու պատճառներից մեկը հստակ նշելն է, որ Արցախի հետ, չնայած դեռ ճանաչված չէ Մ. Նահանգների կողմից, հաղորդակցվելն ու այցելություններ կազմակերպելը չափազանց կարեւոր են»: Այս տարվա հունվարին ներկայացված «H.Res.697» բանաձեւի պաշտպանների թիվն աճում է: Ներկայիս 12 հովանավոր ունի այն: Գումարած լրատվամիջոցներում ճիշտ ժամանակին հայտնված Հայաստանում Մ. Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսի գրությունը, որտեղ նա Վաշինգտոնին կոչ է անում պաշտոնապես ճանաչել Արցախը: «Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ողջունի եւ միջազգային ընկերակցության անդամ պետություն ճանաչի Լեռնային Ղարաբաղի/Արցախի Հանրապետությունը», գրել էր դեսպանը:

Դա, ինչ խոսք, իր արձագանքը գտավ դիվանագիտական շրջանակներում: Բայց առավել հետաքրքրական էր պետքարտուղարության պատասխանը ազերի բողոքներին: Դրանում մի քայլ առաջ գնալով հստակ արտահայտված էր ազերի կառավարությանն ուղղված ուղերձն այն մասին, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի անկախ ու խաղաղ կյանք վարելու:

Վաշինգտոնում կայացած կոնգրեսական ճաշկերույթի եւ բրիֆինգի ժամանակ նախագահ Բակո Սահակյանը երախտագիտական մեդալներ հանձնեց մի շարք օրենսդիրներիՙ սենատոր Ջեկ Ռիդին (դեմոկրատՙ Ռոդ Այլենդից), ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Էդ Ռոյսին (հանրապետականՙ Կալիֆոռնիայից), աստիճանավոր պատգամավոր Էլիոտ Էնգելին (դեմոկրատՙ Նյու Յորքից), պատգամավորներ Դեյվիդ Սիսիլայնին, Ջիմ Կոստային, Բրեդ Շերմանին, Ադամ Շիֆին եւ Դեյվիդ Վալադոյին: Նրանք բոլորը նշանակալի ներդրում ունեն Արցախի հարցում եւ մի քանիսն էլ անձամբ այցելել են այդ չճանաչված հանրապետությունը: Շնորհակալություն հայտնելով բարձրաստիճան հյուրերին, նրանք իրենց ջերմ զգացմունքներն արտահայտեցին Արցախի ժողովրդի եւ նրա քաղաքական ապագայի հանդեպ:

Ճիշտ է, նախագահ Սահակյանի այցելության օրակարգում նախատեսված չէր հանդիպումներ վարչակազմի ներկայացուցիչների հետ, բայց իր հանդիպած օրենսդիրներից շատերը պետության շարժիչ ուժերն էին:

Արցախի պատվիրակության Վաշինգտոն կատարած այցելության օրերին, մեկ այլ պատվիրակություն Հայաստանից, կազմված իշխող կոալիցիայի անդամներից եւ ընդդիմադիր պատգամավորներից, նույնպես Մ. Նահանգներում էր գտնվում եւ հանդիպումներ ունեցավ ամերիկացի գործընկերների, քարոզչական կազմակերպությունների եւ հայկական համայնքային կենտրոնների ներկայացուցիչների հետ: Այս վերջինի մասին ամերիկյան մամուլը չարձագանքեց, որովհետեւ Մ. Նահանգները ճանաչում է Հայաստանին եւ նման հանդիպումները համարվում են նորմալՙ միջազգային հարաբերությունների շրջանակներում: Հանդիպման արդյունքում ստեղծվեց մի հանձնախումբ, որն զբաղվելու է Հայաստանում բիզնեսի աշխուժացման եւ ամերիկահայ գործարարների ներգրավման հարցերով:

Այս բոլորը խոսում է այն մասին, որ մթնոլորտը փոփոխվել է: Անցյալում արեւմտյան իշխանությունները չէին ողջունում նման այցելությունները, հատկապես արեւելք-արեւմուտք հարաբերությունների վատացման պայմաններում, որովհետեւ Հայաստանը համարվում էր ամրորեն կապված ռուսական ճամբարին: Բայց ներկայիս, երբ Արեւմուտքի քաղաքական եւ ռազմական հնարավորություններից օգտվող թուրքական կառավարությունը իր անձնական շահն է առաջ մղում, Մ. Նահանգներն ու Եվրոմիությունը պարտավոր են իրենք տնօրինեն իրենց սեփական շահերը: Այդ շահերի շրջանակներում է գտնվում Հայաստանին եւ Կովկասին դուրս բերել ռուսական ազդեցությունից եւ խրախուսել տարածաշրջանային իշխանություններին հարգել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները: Պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնին պաշտոնազրկելը կարծես փոխել է Վաշինգտոնի առաջնահերթության դիրքորոշումը Իրանի միջուկային զենքի նկատմամբ եւ առաջիկա օրերին երեւի ավելի հստակ քաղաքական փոփոխություններ պետք է ակնկալել այդ տարածաշրջանում:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա որոշ տեղաշարժ նկատվում է նաեւ այստեղ: Մինչեւ վերջերս Մոսկվան Հայաստանին վերաբերվում էր միապետական դիրքերից եւ այդ առումով Արեւմուտքի հետ Հայաստանի մերձեցումը վրդովմունք էր առաջացնելու Մոսկվայում: Բայց ժամանակները կարծես փոխվել են, եւ Կրեմլը Հայաստանի եվրոպական ձգտումներին զգուշավորությամբ է վերաբերվում:

Մինչ Հայաստանի եւ Արցախի պատվիրակությունները այցելում էին Մ. Նահանգներ, ռուսական խորհրդարանական մի պատվիրակություն Երեւանում հանդիպումներ էր անցկացնում հայաստանյան խորհրդարանի պատգամավորների հետ: Պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը:

Անցյալում երկու դաշնակիցների հարաբերություններում խոչընդոտ էր հանդիսանում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող արդիական զենքի մեծ քանակը: Մոսկվայի ցինիկ պատասխանը միշտ նույնն էր եղել, որ կատարվածը սոսկ բիզնես գործարք է: Երբեմն էլ ավելացվում էր, որ եթե Մոսկվան չվաճառեր, միենւույն է` Բաքուն այդ զենքը կգներ միջազգային շուկայից:

Այս անգամ, այցելող պատվիրակությունը մի փոքր մեղմացրել է իր մոտեցումը: Միջխորհրդարանական հանդիպման ժամանակ նման մի հարցի պատասխանելով Կոսաչեւն ասել է. «Ռուսաստանը պարզապես կատարում է 2016ի ապրիլից առաջ Ադրբեջանի հետ կնքած պայմանագրային իր պարտավորությունները: Բայց դա, իմ ունեցած տեղեկատվության համաձայն, չի շարունակվելու միեւնույն մասշտաբով, իհարկե, մենք արձագանքում ենք 2016-ի ապրիլյան իրադրությանը: Կասկած չկա դրանում»:

Նման հայտարարությունը կարելի է համարել զիջումՙ Հայաստանի մտահոգություններին: Առաջին հարցը, որ ծագում է, այն է, թե Մոսկվան ուրեմն չէ՞ր կարող գուշակել Ադրբեջանին զենք վաճառելու հետեւանքները, որոնք պարզ դարձան առաջնագծում եւ սահմանային գյուղերում ազերիների հանկարծակի հարձակման հետեւանքում հայ մարտիկների եւ քաղաքացիական անձանց զոհվելուց հետո:

Հաջորդ հարցը այդ զիջման հավաստիությունն է, կամ դրդապատճառը: Հայաստանում շատերն են կարծում, որ քաղաքականության այդ շրջադարձը Մոսկվայի նախաձեռնությամբ չէր, որովհետեւ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների պայմաններում Ադրբեջանի ղեկավարներն իրե՛նք հասկացել են, որ պետք է խուսափեն Արեւմուտքի իրենց ընկերներին նեղացնելուցՙ գնելով ռուսական զենքեր ի խախտումն իրենց սահմանած պատժամիջոցների ռեժիմի: Այդուհանդերձ, ինչ էլ լինի դրդապատճառը, այդ շրջադարձը ողջունելի զարգացում է, որը վերացնում, ի չիք է դարձնում Ռուսաստանի հետ բնականոն հարաբերությունների գլխավոր խոչընդոտներից մեկը:

Հայաստանի գործադրած դիվանագիտական համեստ նախաձեռնությունները հավանաբար առավել կգնահատվեն մոտ ապագայումՙ միջազգային երկնակամարում կուտակվող քաղաքական սեւ ամպերի համատեքստում:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 30-03-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.