AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 89. ԶԲԱՂՎԵՆՔ ԲԱՂԱՁԱՅՆԻ ՈՒ ԲԱՂԵՂԻ ԲԱՂԴԱՏՄԱՄԲ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 30-03-2018



Տեղադրվել է` 2018-03-29 22:39:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 3686, Տպվել է` 362, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐ` ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Այս շաբաթ ակնառու դարձավ մի քանի նշանային իրավիճակների համընկնումը` Հայաստանում իշխանության փոփոխության առաջիկա իրադարձություններին ընդառաջ:

Ռուս պաշտոնյաների իրար հերթագայող մի քանի այցելություններ` տարատեսակ բազմիմաստ հայտարարություններով, Կեմերովոյի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախության զգայուն արձագանք Հայաստանից` վտանգի սրված զգացողությամբ նաեւ Հայաստանի համանման հաստատությունների համար, Իրանի նախագահ Ռոհանիի հանդիպում Ալիեւի հետ` Արցախի հարցի դիվանագիտական լուծման անհրաժեշտության եւ... երկրների տարածքային ամբողջականության կարեւորման հակասականությամբ, ռուս-վրացական բանակցությունների հերթական ձախողում Ժնեւում` Հայաստանի հեռահաղորդակցման հեռանկարի տխուր անդրադարձով: Մոտակայում` ապրիլյան պատերազմի երկրորդ տարելիցն է` Հայաստանին դաշնակիցների չաջակցման անուրախ հուշերով, դրան նախորդելու է Զատիկը, որ այս անգամ համընկել է ապրիլի մեկին, ավանդաբար խաբելու օր համարվող ամսաթվին` ակամա գաղտնուղերձով, թե ընդհանրապես ինչպիսի սարքովի ու սուտ կյանքով է ապրում մեր հասարակությունը` առերեւույթ ձու ներկելով ու քրիստոնյա ձեւանալով, իրականում ոչ քրիստոնեական բարքերով կյանքին ու ինքն իրեն խաբս տալով: Թող ների ինձ Աստված` նշանների տրամաբանությունն այս ուղերձն է ինձ փոխանցում: Ընդամենը մի հայացք գցեք մեր երկրի ապրելակերպին ու պնդեք հակառակը, եթե կարող եք. թղթի վրա ունենք խորհրդարանական հանրապետոթյուն, սակայն խորհրդարանը երկրորդական-երրորդական դեր ունի որոշումների կայացման սկզբնափուլում, պատգամավորներն էլ այնտեղ են միջնորդավորված քվեով, երկրի վարչապետին ու նախագահին նշանակում են այդ միջնորրդավորված քվեն ստացողները` վերին որոշումներով, ու այս ամենի հետ ժողովուրդը կապ չունի: Մանավանդ` այդ միջնորդավորված քվեն ստացողների մի մասը, ասենք` «Ծառուկյան դաշինքը» խոստացել է իշխանության այլընտրանքը լինել, բայց եթե վարչապետի ընտրությանը աջակցի եւ նախարարական պորտֆելներ ստանա` կդառնա իրեն քվե տվողների ընդդիմությունը, ինչքան էլ որ դա անհավատալի թվա առաջին հայացքից: Սա` որպես քրիստոնեականի եւ ոչ քրիստոնեականի առօրյա բախման նկարագրություն:

Վերադառնանք նշանային իրադարձություններին` սրանք դիտարկելով Հայաստանի համար մոտակա ժամանակի պատուհանից:

Շաբաթասկզբին Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը, որը համանախագահեցին Արմեն Աշոտյանը եւ Կոնստանտին Զատուլինը : Նիստի հայ-ռուսական քաղաքական օրակարգն ու հետագայում հնչած հայտարարությունները, եթե հետ նայենք ու զուգահեռենք նաեւ մի որոշ ժամանակ առաջ ռուս խորհրդարանական մի այլ պատվիրակաության այցի ու հնչեցրած հայտարարությունների հետ, ուրվագծում են Հայաստանի նկատմամբ ռուսական քաղաքականության ակտիվացման մասին այս ժամանակահատվածում` Հայաստանում իշխանության փոփոխությանն ընդառաջ, անկախ այն հանգամանքից, որ դրանք շատ վաղուց են նախապատրաստվել եւ պլանավորվել: Դե` Հայաստանում իշխանության փոփոխության ամսաթվերն էլ նոր չեն, սինքրոնացումը երկու կողմին էլ երեւի հարկավոր է եղել:

Հայաստանի համար շաբաթասկզբի այդ նիստը մի նոր հնարավորություն դարձավ, օրակարգային հարցերի համատեքստում, Ադրբեջանին Ռուսաստանի զենք վաճառելու վերաբերյալ անհանգստությունը մեկից ավելի անգամ բարձրաձայնելու: Միաժամանակ այդ հանդիպումները դարձան ռուսական կողմից հնչող նոր հավաստիացումների եւ կարծես թե մեղայականների առիթ առ այն, որ Ադրբեջանին վաճառվող զենքի ծավալն այլեւս առաջվանը չէ, բացի այդ` հնացած զենք է այդ երկրին վաճառվել, Հայաստանը ռուսների ամենաառաջին դաշնակիցն է տարածաշրջանում, վստահելի գործընկեր եւ այլն, եւ այլն:

«Չպետք է թույլ տալ խնդրի ռազմական ճանապարհով լուծում», չգիտես թե ում, կամ միգուցե հենց Ռուսաստանին հավաստիացրել էր Զատուլինը:

Մենք չենք կրկնի այն գեղեցիկ խոսքերը, որոնք սովորաբար ասվում են այդպիսի նիստերում եւ հանդիպումներում` «երկու եղբայրական ժողովուրդների դաշնակցային հարաբերություններին համահունչ», դա բավարար չափով արել են իշխանական ԶԼՄ-ները:

Ավելի լավ է միանգամից ասել. ինչ տարբերություն` հի՞ն զենք է, թե՞ նոր Ադրբեջանին վաճառվածը, այդ հին զենքից կամ ականներից հենց երեկ չզոհվեցի՞ն ու վիրավորվեցին ականազերծողներն Արցախում: Կամ ի՞նչ նկատի ունեն ռուսները, երբ հասկացնում են, թե Հայաստանն էլ Ռուսաստանի Իսրայելն է այս տարածաշրջանում, դրա համա՞ր են ուզում ռազմական ոստիկանության ջոկատ բերել Գյումրիի ռազմաբազա եւ անգամ Երեւան:

Առհասարակ` ՌԴ դումայական երկու պատվիրկությունների վերջին այցերը Հայաստան թվում էին իշխանության փոփոխությունից առաջ ճշտումներ անողի ու ճշգրտումներ մտցնողի այցեր: Հրապարակային մասում մի կողմից վստահեցում կար ապրիլյան դեպքերի կրկնության անթույլատրելիության վերաբերյալ (իբր ռուսները հետեւություն են արել, մինչդեռ` հայ զինվորի արյան գնով են հասկացել, որ խաղեր թույլ չենք տալու), Ադրբեջանին նոր զենք չվաճառելու կիսահավաստիացում, իսկ ավելի վաղ ՌԴ միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը հաստատորեն էր ասել անցած այցին, թե ապրիլյան պատերազմից հետո էլ նախկին ծավալով զենք Ռուսաստանը չի վաճառում Ադրբերջանին: Հայաստանի անվտանգությանը սպառնացողը գործ կունենա Ռուսաստանի հետ, ասում էին ռուս խորհրդարանականները: Հայերիս տառապանքն այդ առումով փորձ ունի, ընդհուպ` վերջին ապրիլյան պատերազմի դառը փորձը: Իսկ ռուսների համար Արցախն ի՞նչ է, Հայաստան չէ՞, որի դաշնակիցն էլի ինքը պիտի լիներ, թե միայն Հայաստանի Հանրապետությունն է իր դաշնակիցը, իսկ Արցախի մասով ոչ ոք ոչինչ չի խոստանում:

Բացի այդ` զատուլինները, կոսաչովները Հայաստանում մի հայտարարություն կանեն, Ադրբեջանում` մի այլ, պաշտոնական Ռուսաստանն իր ԱԳՆ-ով` լրիվ այլ բան կասի, իսկ զենքն էլ առաջվա պես կվաճառեն` հո զենքի բիզնեսը չե՞ն կանգնեցնելու: Հիմա զատուլինները մեզ քնացնում են, որ ինչ անեն: Թե՞ իրենց խնդիրն այս պահի հավաստիացումներն էին, որ ոչ մի քայլ Հայաստանը չանի Արցախի հարցում առանց Ռուսաստանի, մանավանդ` հաշվարկված, թե՞ պատահաբար մեր խորհրդարանում արդեն հնչել էր Նախիջեւանի մի հատված` Հայաստանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվելու հայտարարությունը: Լելե Թեթեի դիմա՞ց: Ինչի՞ հետ էր կապված վերջին այդ հայտարարությունը երիտասարդ ՀՀԿ-ական կողմից, Սերժ Սարգսյանի գլխավոր հրամանատար լինելու դրական շեշտադրմանն ու նրա ապագա վարչապետությունն այդով համեմելո՞ւն, թե՞ պլանավորված հետագա քայլերը նախապատրաստելուն: Կա՞ ռուսական ծրագիր Արցախի հարցում: Հիշենք միայն Մինսկի համանախագահ երկու երկրի` Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի բարդ հարաբերություններն այս պահին: Չեմ կարծում, թե Հայաստանի զինվորականությունը ձեռքերը ծալած համաձայնի ինչ-որ բանի` ինչ-որ բանի դիմաց, այսինքն` արկածախնդրության: Ողջ Նախիջեւանն էլ վերցնենք, Արցախի անվտանգության գոտին վտանգի տակ դնել չենք կարող: Սա պատասխան` եթե մեր տրամադրություններն են ուզում շոշափել զատուլիններն ու կոսաչովները: Այնպես որ հանգիստ կարող ենք քննարկել Զատուլինի մի այլ հայտարարություն` Հայաստանի նկատմամբ ցանկացած հարձակում Ռուսաստանը դիտարկելու է որպես սպառնալիք իր նկատմամբ, մենք դա հասկանում ենք Հայաստանի կողքին Արցախի անունն էլ ստորակետով տեղադրված: Մանավանդ` պատժամիջոցների տակ ընկած Ռուսաստանի ոչգործընկերները մեզ նույնպես կարող են նույնացնել Ռուսաստանի հետ` իրենց պատիժները կիրառելիս: Ընդ որում` Ռուսաստանին անբարյացակամ տրամադրված պետություններից շատերը մե՛ր գործընկերներն են, նրանցից ԱՄՆ-ի հետ մենք վերջերս բավական ջերմ խորհրդարանական երթուդարձ ունեցանք: Միգուցե իրո՞ք այս պահին արժե, որ Հայաստանը ճանաչի Արցախի Հանրապետությունը: Ռուս խորհրդարանականների այցի հրապարակային մասին զուգահեռ` ոչ հրապարակային մասի բովանդակությունը կարող էր շատ հարցերի պատասխանը տալ, բայց այդ տեղեկությանը հասարակ մահկանացուներս չենք տիրապետում:

Իսկ տարածաշրջանում մեծ շարժեր են`Սիրիայում հարձակումներ գործող Թուրքիան մեկուսանում է Եվրոպայից, մերձենում Ռուսաստանի հետ, Ռուսաստանի երկու դաշնակիցները` Հայաստանն ու Թուրքիան, գումարած` Ադրբեջանը, այս պահին ամենեւին էլ միմյանց դաշնակից չեն:

Աշխարհի տարբեր երկրներից վտարված ռուս դիվանագետների թիվը հարյուրից անցնում է արդեն, իսկ ռուսական կողմն էլ հայտարարում է , որ անպատասխան չի թողնի սա: Մեծ Բրիտանիայում իրավապահները մոտեցել են ռուսական սրբության-սրբոցին` անգլիական տաքուկ անձեռնմխելությամբ արբեցած ռուս օլիգարխների ունեցվածքի օրինականությանը, նույնը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում, Գերմանիայում, ուր հայտնվում են օֆշորներում լվացված ռուսական մեծ փողերը:

Ռուսաստանը ստիպված կլինի ավելի խորը դաշնակցել Սիրիա մտած ու արդեն հայաբնակ Ղամիշլիին սպառնացող Թուրքիայի հետ` տարածաշրջանային միայնակության պատճառով, իսկ մեր դաշնակցի ու մեր ոչ բարեկամի միասնությունից Հայաստանը միայն ու միայն պիտի զգուշանա` Պուտինն Անկարա է գնում մի քանի օրից:

Ինչպես չհայտնվենք, ուրեմն, Ռուսաստան- Արեւմուտք հակադրության մեջ` ահա մի գլուխկոտրուկ, որ այժմ ներկայանում է Հայաստանին` իշխանության նորացմանը զուգահեռ: Արդյոք հայ-թուրքական հարաբերությունների համար մշտապես նախապայման համարվող Արցախի խնդրում վտանգներ կարո՞ղ են լինել:

Իսկ մենք միամտորեն թույլատրում ենք, որ Շենգենյան վիզաների տրամադրումը մեր երկրում իրականացնի ռուս -թուրքական ընկերություն` «ՎիզաՄետրիկը»: Որքան էլ հավաստիացումներ հնչեն, թե անձնական տվյալները պաշտպանված են լինելու, այդ ընկերությունում հայեր են աշխատելու` դա միայն միամիտներին կարող է համոզել: Պատկերացրեք` այդ ընկերության թուրք բաժնետերերը, իրենց տանը նստած` համակարգչով անպայման մուտք ունեն ընկերության տվյալների բազա եւ կարող են հետեւել տվյալների հոսքին. ասենք` պետական կարեւոր պաշտոնյայի կամ որեւէ մեծահարուստի այցը Բելգիա չի կարող, հա՞, այդ տվյալներից օգտվող թուրք պատասխանատուների հետաքրքրության ծիրում լինել, ինչպիսի միամտութուն: Հեռուն գնացող հետեւությունները թողնում ենք ընթերցողին: Հետո էլ լուրջ-լուրջ խոսում ենք Ֆեյսբուքում անձնական տվյալների արտահոսքերից, ընդհանրապես` ազգային անվտանգությունից:

Մտահոգիչ է նաեւ ՌԴ Զինված ուժերի հարավային ռազմական շրջանի շտաբի այն հաղորդագրությունը, ըստ որի Երեւանում եւ Գյումրիում պետք է տեղակայվեն ՌԴ ԶՈւ Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ: Ո՞ր պայմանագրով: Ինչի՞ համար: Ոնց է կարգավորվելու նրանց գործողությունների հստակ կանոնակարգումը մեր պետության կողմից: Եթե միայն Գյումրիի ռուսական ռազմաբազայում լիներ, այն եւս հստակ կանոնակարգով` սա միգուցե քննարկելի կարելի էր համարել, բայց վերը մանրամասն քննարկված ժամանակաշրջանի առումով եւ հատկապես Երեւանում հրազենով ռուս ռազմական ոստիկանների ներկայությունը հակասում է մեր երկրի օրենքներին, հարցեր է ծնում եւ առասպելների թեմա դառնում: Մանավանդ միջպետական համաձայնագրերով այդպիսի ստորաբաժանման` Հայաստանում լինելը նկարագրված չէ, ու այդպիսի քայլը նախ պետք է համաձայնագրի կետերի լրացմամբ արվի, որը, մեր կարծիքով, նկատի ունենալով ներկա տարածշրջանային իրավիճակը, պետք է որ մեր քաղաքական ուժերի համար տասն անգամ չափելու ու նոր կտրելու առիթ դառնա: Եւ պետության արժանապատվության խնդիր եւս կա` ի՞նչ է, ռուսները մեր ռազմական ոստիկանությանը չե՞ն վստահում, այդ դեպքում մե՞նք ինչու պիտի ռուս զինված ոստիկանին վստահենք, ի վերջո հենց նա իր զենքով կարող է հանցագործություն կատարել: Համենայնպեպս` Պերմյակովի կատարածը Գյումրիում եւ հետագա գործընթացները դառը հուշեր են արթնացնում:

Հետաքրքական է, որ այդ ամենին հետեւել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի այն հայտարարությունը, թե իր երկիրը Հայաստանում չի աջակցում իշխանությունն անօրինական տապալելու եւ բռնությամբ իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու ծրագրեր ունեցող այնպիսի խմբերին, ինչպես օրինակ «Սասնա Ծռերն» են: Ռուսներն ո՞ւմ են աջակցում, համենայնդեպս` տեսանելի հատվածում նրանք միայն իշխանության հետ են շփվում: Հըմ: Վարչապետի նշանակումից առաջ կենացները քաղցրանում են:

Այս ֆոնին ապրիլի 9-ին կառավարությունը հրաժարական կտա, իր պաշտոնավարման ժամկետը կավարտի Սերժ Սարգսյանը, կերդվի նոր նախագահը, իսկ մինչ այդ պաշտոնապես ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 30-03-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.