AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 77. ՍԵ՞ՔՍ, ԹԵ՞ ՏԱՐՓ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 09-03-2018



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2018-03-08 21:35:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 3649, Տպվել է` 488, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՍԿ ԻՆՉՊԻՍԻ՞ ԲՈՒԺՈՒՄ Է ՀԱՐԿԱՎՈՐ ՄԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Կառավարության վերջին ամիսների մի շարք նորամուծություններ ինձ հիշեցնում են սովետահայ շրջանի շինարարական ավանդույթները. շենքի դռների ու պատուհանների տեղադրումը կատարվում էր մոտավոր հաշվարկներով, սովորաբար գործի էր դրվում ծանր մուրճը, որ հարվածելով պատուհան կամ դուռ կոչվածի տակը կամ կողքերին խցկված քարի կամ փայտի կտորներինՙ կանգնեցնում էին այնՙ հույսը դնելով շաղախի ու ծեփի հաստ շերտի վրա, որը ծածկում էր, անշուշտ ժամանակավորապես, բոլոր անհարթությունները: Եվ դա էր պատճառը, որ շատերը բնակարանամուտ տոնելուց առաջ երկար-բարակ ու խիստ ծախսալից վերանորոգում- ռեմոնթի էին ենթարկում իրենց հատկացված նո՜ր բնակարանը:

Նորամուծություններ ասելով նկատի ունեմ հարկային օրենսգրքի փոփոխության, ծխախոտի դեմ պայքարի, աջակողմյան ղեկով ավտոմեքենաների եւ ամենավերջինՙ դեղորայքի վաճառքի վերաբերյալ օրինագծերը: Այսօր անդրադառնում եմ այս վերջինին, նկատի ունենալով դրա անհամեմատ լայն ընդգրկումը մեր երկրումՙ ծերացող ու ծերացած ազգաբնակչություն, խրոնիկական հիվանդությունների տարածվածություն, ցածր գնողունակություն:

Ինչպես յուրաքանչյուր նոր օրինագիծ, այս մեկի նպատակն էլ բարի է, առաջին հայացքովՙ նույնիսկ հանրօգուտ: Ըստ տվյալ օրինագծի գաղափարաբանության, դեղորայքի մեծ մասի միայն բժշկի դեղատոմսով վաճառելը ամրապնդում է հիվանդ-բժիշկ կապը, սահման է դնում մեր մեջ արմատավորված ինքնաբուժությանը, կանխում հակաբիոտիկների ու հոգեմետ դեղերի անհարկի օգտագործումն ու չարաշահումը, եւ վերջապեսՙ բարձրացնում է մատուցվող ծառայությունների, ընդհուպՙ առողջապահության որակը Հայաստանում:

Կարիք չկա կրկնելու մամուլում եւ հասարակական տարբեր ֆորումներում ամենալայն քննարկման ու քննադատության ենթարկված այդ օրինագծի անպատեհությունները, որոնք հավելյալ ապացույցներն են այն իրականության, թե ինչպես կարելի է մեր երկրում ամենալավ գաղափարներն ու նպատակներն անգամ այլասերելՙ չհամակարգված, խորապես չուսումնասիրված, կողմնակի հետեւանքները չնախատեսած օրինագծերով: Առողջապահության ներկա պայմաններում, մեծամասամբ ներմուծվող դեղորայքի ասպարեզում գոյություն ունեցող մենաշնորհների, կեղծարարությունների, բուժհաստատություններից շատերում առկա խղճուկ պայմանների, բժիշկների ողորմելի աշխատավարձերի, ապահովագրական ընկերությունների դժվարամատչելի կամ անկատար ծառայությունների, ազգաբնակչության մեծ մասի նյութական խեղճության պայմաններում ծիծաղելի են հնչում առողջապահության նախարարիՙ «մաքրամաքուր» ռուսահայերենով արտահայտած մտքերը ի պաշտպանություն կառավարության ներկայացրած օրինագծի: Անհեթեթ է հնչում մանավանդ պրն Լեւոն Ալթունյանի այն հոխորտանքը, թե իրենք ձգտում են քաղաքակիրթ դարձնել առողջապահության ամբողջ ոլորտը: Մի պաշտոնյա, որը հայտարարում է, թե իր գործը չէ հիվանդանոցային պայմաններում բժշկական անփութության հետեւանքով մահացած ծննդկանի հարցով զբաղվելը, կարո՞ղ է հավակնել «միջազգային քաղաքակիրթ» մակարդակ ստեղծելուն, երբ իսկական քաղաքակիրթ երկրներում նման պաշտոնյան ստիպված կլիներ իր հայտարարության համար իսկույն հրաժարական տալու...

Մեր ժողովրդին առաջին հերթին անհրաժեշտ է կրթվել, իսկ պաշտոնյաներինՙ ինքնակրթվել, անկախ իրենց տիտղոսներից: Լուսավորչական հսկա գործ կա կատարելիք նաեւ այսՙ առողջապահության մարզում, իսկ միջոցները անմատչելի չեն, գործիքներըՙ նույնպես: Երկրորդՙ անհրաժեշտ է նախապայմաններ ստեղծել առողջապահական նոր, արդիական համակարգ ստեղծելու համար, որտեղ առաջին գործը պետք է լինի հանրային ապահովագրություն ստեղծելու խնդիրը: Այլապեսՙ կստացվի այնպես, ինչպես նկարագրված է վերեւումՙ մուրճով, ավելի ճիշտՙ չաքուջով դուռ-պատուհան տեղադրելուն, իսկ էլ ավելի ճիշտՙ անբնակելի տուն-բնակարան սարքելուն:

Կրկնելու գնով շեշտեմՙ միջոցներ կան, նույնիսկ հե՛նց առողջապահության ոլորտում: Համոզվելու համար բավական է պարզապես հաշվել, թե հարազատների ու բարեկամների կողմից արտասահմանից ուղարկվող գումարների (տրանսֆերտներ) քանի՞ տոկոսն է տրամադրվում բուժմանը, վիրահատություններին, հիվանդանոցային եւ դեղորայքի ծախսերին: Էլ ավելի պինդ համոզվելու համար բավական է նայել մեր շուրջը օրըստօրե բազմացող բուժհիմնարկներին ու դեղատներին: Եթե Սամվել Ալեքսանյանի նման առեւտրային սուր հոտառություն ունեցողն է մտել դեղորայքի ու բուժհիմնարկների ասպարեզ, ապա այնտեղ փող կա, շա՛տ փող:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 09-03-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.