AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 62. ԿԵՐ, ԲԱՅՑ ԿԵՐՂԻ ՉՈՒՏԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 02-03-2018



100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Տեղադրվել է` 2018-03-01 23:20:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1843, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ.

Ռուսաստանում 1917 թ. Փետրվարյան «մեծ ու անարյուն» հեղափոխության հաղթանակից հետո իշխանության հին կառույցների վերացումը եւ նորերի ստեղծումն առաջ բերեցին խառնաշփոթ ու անկայուն վիճակ: Հեղափոխության մեղրամիսը կարճ տեւեց, եւ Ժամանակավոր կառավարության նշանակած Անդրկովկասյան հատուկ կոմիտեն (ՕԶաԿոմ, նախագահ` Խառլամով) շատ արագ հեղինակազրկվեց: Իսկ երբ հստակվեց Ժամանակավոր կառավարության արտաքին քաղաքական ուղղվածությունը, ստեղծված խառը կացությունից ելք գտնելու նպատակով հայ ազգային կուսակցությունները հրավիրեցին Արեւելահայերի 1-ին համագումարը, որը տեղի ունեցավ 1917թ. սեպտեմբերի 28-հոկտեմբերի 3-ը Թիֆլիսում:

Համագումարի պատվիրակների կեսից ավելին ՀՅԴաշնակցություն կուսակցության անդամներ էին: Համագումարը քննության առավ արտաքին ու ներքին բնույթի (ինքնապաշտպանության, գաղթականության, պարենավորման եւ այլն) մի շարք կարեւոր խնդիրներ: Վերջում բազմակուսակցական սկզբունքով ընտրվեց Հայոց (կենտրոնական) ազգային խորհուրդ (այսուհետեւ` ՀԱԽ): Խորհրդի նախագահ ընտրվեց հասարակական-քաղաքական գործիչ, գրող Ավետիս Ահարոնյանը: Նշենք, որ պատմական դեպքերի բերումով համախորհրդակցությունը, ստեղծելով համազգային միասնական պատասխանատու մարմին հանձին Հայոց ազգային խորհրդի, իրականացրեց իր հիմնական եւ գլխավոր նպատակը: Ավելացնենք, որ Հայոց ազգային խորհուրդը փաստորեն դարձավ հայ ժողովրդի գերագույն իշխանությունը մինչեւ Հայաստանի անկախության հռչակումը:

Այստեղ էին կենտրոնացել արեւելահայ մտավորականության սերուցքը եւ տարածաշրջանի հայ քաղաքական եւ գործարար ասպարեզի գործիչների հիմնական մասը: ՀԱԽ-ը կազմված էր 15 անդամից` 6 դաշնակցական (Ավետիս Ահարոնյան, Աբրահամ Գյուլխանդանյան, Ռուբեն Տեր-Մինասյան, Խաչատուր Կարճիկյան, Նիկոլ Աղբալյան, Կորյուն Ղազազյան), 2 սոցիալիստ-հեղափոխական (էսէռ Հովհաննես Տեր-Օհանյան, Լեւոն Աթաբեկյան), 1 հնչակյան (Ղազար Տեր-Ղազարյան), 1 մենշեւիկ (Արամայիս Երզնկյան), 3 անկուսակցական (Տիգրան Բեկզադյան, Ստեփան Մամիկոնյան, Պետրոս Զաքարյան) եւ Հայ ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) 2 ներկայացուցիչ (Սամսոն Հարությունյան, Հարություն Այվազյան) (ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 141, թ. 1-3):

Բացի Թիֆլիսում ստեղծված Հայոց կենտրոնական ազգային խորհրդից, տեղերում նույնպես ստեղծվեցին ազգային խորհուրդներ` որպես մասնաճյուղեր եւ տեղական իշխանություն: Այսպես, հայ ազգային խորհուրդներ ստեղծվեցին Բաքվում, Երեւանում, Ղարաբաղում, Ախալքալաքում եւ այլուր:

ՀԱԽ-ի հրապարակած առաջին կոչում նշվում էր. «Ազգային խորհուրդը ստանձնում է ազգային բոլոր գործերի գերագույն ղեկավարությունը որպես գործադիր մարմին»: Հայոց ազգային խորհուրդն ուներ իր բաժինները կամ կոմիսարիատները` զինվորական, գաղթականության, բժշկական, դպրոցական, պարենավորման եւ այլն: ՀԱԽ-ի զինվորական միությունն ստեղծեց Հայկական ազգային կորպուս` գեներալ Թովմաս Նազարբեկովի (Նազարբեկյան) գլխավորությամբ, որն ստանձնեց Հայաստանի պաշտպանությունը 1918 թ-ի ծանր ժամանակաշրջանում:

1917 թ. սեպտեմբերի 26-ին Արտիստական ընկերության դահլիճում տեղի է ունենում հետփետրվարյան շրջանում կարեւոր դերակատարություն ստանձնած ՀԺԿ առաջին համագումարը: Նախագահներ ընտրվեցին պետական դումայի (Ռուսաստանի պառլամենտ) երեք հայ պատգամավորները` Մ. Պապաջանյանը, բժ. Հ. Այվազյանը, Գ. Տեր-Պետրոսյանը: Ներկա էին ՀԺԿ վարչության եւ խորհրդի 60 ներկայացուցիչներ, ընդունվեց կուսակցության ծրագիրը : Համագումարից առաջ «Մշակը» ՀԺԿ-ի մասին հոդված հրապարակեց, որտեղ ասվում էր, որ «ծրագրի հեղինակները քողարկված ձեւով պահանջում են Ռուսահայաստանի քաղաքական ավտոնոմիա, որը ՀԺԿ-ն համարում է քաղաքական մոմենտի մոտակա, իրագործելի պահանջ» : Ծրագրում ՀԺԿ-ն պաշտպանում էր կապիտալի, մասնավոր սեփականության եւ շուկայական հարաբերությունների գերակայությունը : Դեմ էր արտահայտվում դասակարգային պայքարին եւ չէր հանդուրժում, որ «մի ամբողջ պատմական ազգ զոհաբերվի այդ լոզունգներին» : Հայկական հարցում համերաշխվելով ՀՍՌԿ-ի ծովից ծով Հայաստանի պահանջին`ձգտում էր դրա կենսագործմանը` մշտապես որպես բացառիկ գործոն` հայերին վերապահելով պատերազմից ամենից շատ տուժած ժողովուրդներից մեկը, թերեւս` ամենատուժածը:

1918 թ. մայիսի 26-ին մի քանի ժամ տեւած Հայոց Ազգային Խորհրդի նիստում, որի օրակարգում հիմնականը` «հայկական գաւառների ապագայի» հարցն էր, առաջարկված վեց կետերից, այդ թվում Հայաստանի անկախության հռչակում, ոչ մեկը բավարար ձայն չի հավաքում եւ չի ընդունվում, բացի մեկից: Դրա հեղինակը ՀԺԿ անդամ Լեւոն Թումանյանն էր եւ այն տվյալ պահի համար թերեւս լավագույն լուծում էր . «Նկատի ունենալով որ Վրաստանի եւ Ատրպէյճանի անկախութեան հրապարակումով լուծարուած է Անդրկովկասեան անկախութիւնը, Հայոց Ազգային խորհուրդը ժամանակաւորապէս իր վրայ վերցնում է կառավարչական գործառոյթներ հայկական գաւառների նկատմամբ»: Առաջարկն ստանում է 7 ձայն եւ համարվում ընդունված : Իսկ անկախության մասին ՀՀ կառավարությունը հայտարարեց ավելի ուշ` 1918 թ. հունիսի 13-ին (ՀԱԱ, ֆ. 200, ց.1, գ. 35, թ. 146):

1918 թ. հունիսի 7-ին Հայոց Ազգային խորհուրդը (13 կողմ եւ 2 դեմ) կառավարության նախագահ ընտրեց Հովհաննես Քաջազնունուն: Դեմ քվեարկեցին եւ կառավարության կազմի մեջ մտնելուց հրաժարվեցին ՀԺԿ երկու ներկայացուցիչները (Մ. Պապաջանյան, Ս. Հարությունյան) : Նրանք ցանկանում էին, որ իրենց կուսակից Մ. Պապաջանյանին տրվի վարչապետի պաշտոնը եւ դա պատճառաբանում էին հետեւյալ փաստարկներով.

ա) առաջացել էին նոր սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ իրավական պայմաններ,

բ) այդ պայմաններում ավելի շատ կիրթ, համալսարանավարտ, տնտեսագիտական եւ իրավաբանական գիտելիքներ ունեցող մարդկանց անհրաժեշտություն էր զգացվում, իսկ այդպիսիք ամենաշատը կային ՀԺԿ-ում,

գ) ճիշտ կլիներ, որ ֆիդայական պայքարը ղեկավարած ՀՅԴ-ն, գոնե առժամանակ հեռանա քաղաքական ասպարեզից, որպեսզի հնարավոր լինի թուրքերի հետ լեզու գտնել,

դ) պետություն կերտելու համար նոր ուժ է պետք (նկատի ունեին իրենց) :

Այսինքն` նրանք գտնում էին, որ նշված բոլոր պայմանները եւ իբրեւ ավելի խելացի եւ չափավոր գործելակերպ ունեցող կուսակցություն, բավարարում է միայն ՀԺԿ-ն , հետեւապես իրենց էին վերապահում ՀՀ կառավարություն ստեղծելու իրավունքը: Նրանք նաեւ փորձում էին համոզել, թե իրենք իշխանատենչ չեն, որ կառավարություն կազմելու եւ ղեկավարելու նրանց պահանջն իբր թելադրվում է հայ ժողովրդի շահերով («Մշակ», 12 հունիսի 1918): Իմիջիայլոց նկատենք, որ չնայած ՀԺԿ-ի որդեգրած այս մերժողական կեցվածքին, այնուամենայնիվ ՀՀ առաջին կառավարության արդարադատության նախարար դարձավ ՀԺԿ համակիր Գ. Պետրոսյանը («Ժողովուրդ», 14 օգոստոսի 1918):

1918 թ. հուլիսի 17-ին Ազգային խորհուրդն ու ՀՀ կառավարությունը Թիֆլիսից տեղափոխվեցին Հայաստան, որի հետեւանքով հայ քաղաքական կյանքի կենտրոնը դարձավ Երեւանը : Այստեղ կազմվեց Հայաստանի խորհրդարանը, որի 46 պատգամավորներից 18-ը ՀԺԿ-ականներ էին (ՀԺԿ-ականները որպես աջ ուժ` խորհրդարանում նստում էին նախագահությունից աջ հատվածում): Ի դեպ` ՀԺԿ-ն երկու մանդատ էլ ուներ Վրաստանի խորհրդարանում («Հորիզոն», 15 օգոստոսի 1918):

Նորակազմ խորհրդարանն ընդունեց մի շարք կարեւոր որոշումներ, այդ թվում ՀԺԿ անդամ Ստ. Մալխասյանի առաջարկով հայկական եռագույնը համարվեց ՀՀ պետական դրոշ : Խորհրդարանի ընտրված երկու փոխնախագահներից մեկը ՀԺԿ անդամ Գրիգոր Խաչատրյանն էր:

Նորակազմ կառավարությունը ներկայացրեց հայտագիր, որի համաձայն իր գործունեության առաջնահերթ խնդիրներն էր համարում. ա) կասեցնել երկրի տնտեսության հետագա քայքայումը, բ) հաստատել կարգ ու կանոն ամեն ինչում, գ) իրականացնել դատաիրավական բարեփոխումներ, դ) բացել հաղորդակցության ուղիները, ե) վերականգնել կապի միջոցները, զ) հնարավորինս մեղմացնել սովն ու գաղթականների ծանր վիճակը, է) ստեղծել սեփական դրամական համակարգ, ը) վերակառուցել երկրի ռազմուժը, թ) կարգավորել հարաբերությունները հարեւան երկրների հետ եւ այլն («Հորիզոն», 15 օգոստոսի 1918 թ.): ՀԺԿ խմբակցությունը հիմնականում հավանություն տվեց կառավարության այդ նախագծին: Միեւնույն ժամանակ խորհրդարանում ստեղծվեց Պետական վերահսկիչ մարմին, որի ղեկավար 26 ձայնով ընտրվեց ՀԺԿ անդամ Մինաս Բերբերյանը («Բանբեր Հայաստանի արխիվների», 1991, թիվ Զ, էջ 74):

Նկատենք, որ ՀՀ խորհրդարանում գործել են ազգային երկու` ՀՅԴ եւ նրան ընդդիմադիր ՀԺԿ-ն եւ ոչ ազգային` Սոց.-Դեմ (մենշեւիկյան եւ բոլշեւիկյան թեւերով) եւ Էսեռական կուսակցությունները: Նշենք, որ ազգայիններն իրենց ծրագրերում հենվում էին սեփական ժողովրդի վրա, կարեւորում էին ազգային ազատագրությունն ու պետական անկախությունը, իսկ ոչ ազգայինները, հենվելով Ռուսաստանի վրա, հայ ժողովրդի ազատագրության երաշխիքը տեսնում էին ի դեմս համառուսաստանյան հեղափոխական-դասակարգային պայքարի հաղթանակի: ՀՀ խորհրդարանում ամենաաջակողմյան կուսակցությունը ՀԺԿ-ն էր, որի նախագահը Մ. Պապաջանյանն էր, իսկ փոխնախագահը` Ս. Հարությունյանը : Ընդհանուր առմամբ, ինչպես իրավացիորեն նկատում է Ա. Հակոբյանը, չնայած իրենց ընդդիմադիր կեցվածքին, ՀԺԿ-ականների գործունեությունը խորհրդարանում հիմնականում պատասխանատու էր եւ կառուցողական (Հակոբյան Ա, նշվ. աշխ., էջ 63):

1918 թ. օգոստոսի 14-ից Երեւանում սկսեց լույս տեսնել ՀԺԿ Երեւանի կոմիտեի օրգան «Ժողովուրդ» լրագիրը: Արդեն 1918 թ. աշնանից ՀԺԿ տեղական կառույցներ հիմնվեցին Ապարանի, Փամբակի, Համամլուի, Լոռիի, Դիլիջանի, Քարվանսարայի, Ն. Բայազետի, Ծաղկաձորի, Եղվարդի, Աշտարակի եւ այլ շրջաններում :

ՀՅԴ-ի վարած հակառուսական քաղաքականության դեմ բուռն գործունեություն ծավալած Համբարձում Առաքելյանը 1918թ. մայիսին, երբ «հերթական մէկ ճառը կ՛արտասանէր, դաշնակցական գնդակէ զարնուելով սպաննուեցաւ» : Այդ սպանությունից հետո «Մշակ»-ի վերաբերմունքը որոշ չափով մեղմացավ ՀՅԴ-ի նկատմամբ: 1918 թ. սեպտեմբերի 1-ից Թիֆլիսում սկսեց լույս տեսնել ՀԺԿ ԿԿ-ի օրգան «Ժողովրդի ձայն» թերթը: Նկատենք, որ ՀՀ իշխանությունների նկատմամբ ՀԺԿ թիֆլիսյան եւ երեւանյան հատվածների վերաբերմունքը տարբեր էր: 1919 թ. հունիսին ՀԺԿ Կենտկոմը որոշեց պետական կյանքի վերաբերյալ իր բոլոր իրավունքներն ու լիազորությունները հանձնել Հայաստանի կոմիտեին: Այսինքն` ՀԺԿ ծանրության կենտրոնը եւս փոխադրվեց Երեւան:

1918 թ. սեպտեմբերին տեղի ունեցավ կուսակցության Բ համագումարը: Այն ընդունեց նոր ծրագիր եւ արձանագրեց` հայ ժողովուրդը պետք է ունենա միայն մեկ` հայկական կողմնորոշում: Նոր ծրագրում առաջ էր քաշվում «միացյալ եւ ամբողջական» Հայաստանի ստեղծման խնդիրը. «Դրա մէջ պէտք է մտնէինՙ Արեւելեան Հայաստանը, Արեւմտեան Հայաստանը իր վեց նահանգներով եւ Կիլիկիան» (Վարդիվառեան Յակոբ, նշվ. աշխ., էջ 332): Հայաստանը պետք է լիներ ժողովրդավարական, խորհրդարանական հանրապետություն, որի պետական լեզուն պետք է լիներ հայերենը: Հայաստանից դուրս ապրող հայության համար ՀԺԿ-ն պիտի ջանար հասնել նրան, որ բավարարվեին նրա ազգային եւ մշակութային պահանջները: Ժողովրդականներն ընդունում էին ազգային շահերի գերակայությունը դասակարգայինի նկատմամբ: Հանդես էին գալիս ազգային դիմագծի եւ նրա օրինական շահերի ու պատմաքաղաքական իրավունքների պաշտպանությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 02-03-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.