AZG Daily #7, 23-02-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 110. ՍԵՐ ԵՎ ՍԷՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 09-02-2018



ԸՆԴԴԻՄԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2018-02-08 22:32:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 3388, Տպվել է` 644, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԱԿԱՆՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՐՈՀԸ

Ռ. ԶՈՒՐԻԿՅԱՆ

Ազգերը ամենից շատ տառապել են եւ կտառապեն իրենց տականքների երեսից:

Գարեգին Նժդեհ

Շարունակվում է անսանձ եւ անպատկառ արշավն ազգային արժեքների ու դեմքերի դեմ: Սա համակարգված ծրագիր է, որն այժմ իրականացվում է: Մարդկության թշնամի ուժերը համատարած հարձակման են անցել ազգային հավատի, ընտանիքի, լեզվի եւ այլ արժեքների նկատմամբ: Այժմ հերթը ազգային հերոսներինն է, որոնք կարող են առաջնորդել ազգերին: Առաջնորդների էներգետիկան ի վիճակի է հրաշքներ գործել: Ոմանց, այդ թվում` հրեա եւ ռուս «քաղաքական գործիչներին» ու «մասնագետներին», հանգիստ չի տալիս ռազմական, քաղաքական գործիչ, հրապարակախոս եւ իմաստասեր Գարեգին Նժդեհի (Գարեգին Տեր-Հարությունյան, 1886-1955թթ.) կերպարը:

Այժմ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի մի խումբ պատգամավորներՙ Սերգեյ Մարկովը, Իլդար Բիկբաեւը, Դիոնիս Կապտարը, Ալեքսանդր Փերենջիեւը եւ այլ սինլքորներ, ադրբեջանական գումարներով սնված, վայրահաչում ենՙ իբր թե ՀՀ-ում ֆաշիզմի վերածնման մասին: Վստահելի աղբյուրների կարծիքովՙ հակահայկական այս գործունեությունը ֆինանսավորում է Հեյդար Ալիեւի հիմնադրամը: Այսպիսի գործունեությունը նաեւ նպատակ ունի թշնամանք հարուցել հայերի եւ ռուսների միջեւ: Այս գործիչները մտադիր են դիմել ՄԱԿ եւ պահանջել պատժամիջոցներ կիրառել ազգային այդ դեմքերի նկատմամբ: Նրանք նկատի ունեն Գարեգին Նժդեհին, Դրաստամատ Կանայանին (1883-1956թթ.) եւ այլ ազգայնականների, որոնք ժամանակին ստեղծել էին Հայկական լեգեոնը համակենտրոնացման ճամբարներում գտնվող հայ գերիներին փրկելու նպատակով: Դա արվել էր նաեւ քաղաքական այն հաշվարկով, որ եթե Ստալինգրադում խորհրդային զորքերը պարտվեին, ապա հայերը կարողանային դիմագրավել թուրքերի ներխուժմանը: (*)

Այս ստահակները չեն ուզում հասկանալ, որ Գ.Նժդեհը Ռուսաստանի կայսրության բանակի կադրային սպա էր եւ երդում էր տվել կատարել զինվորական իր պարտքը եւ պահպանել երկիրն ամեն տեսակ թշնամիներից: Եվ տաղանդավոր զորահրամանատարը հավատարիմ եղավ իր երդմանը եւ պայքարեց երկիրը կործանող իշխանությունը բռնազավթողներին եւ 1917թ. հեղաշրջումը իրագործած բոլշեւիկ հեղափոխականների դեմ: Ուշագրավ է, որ Նժդեհը հաջողությամբ կատարում էր միջազգային հանցագործներին պատժելու իր դերը: Դրա հետեւանքով փրկվեց Սյունիքը եւ մտցվեց Խորհրդային Հայաստանի կազմի մեջ:

Իսկ մարկովները եւ այլ թափթփուկներ հանդես են գալիս Ռուսաստանի, Հայաստանի եւ համամարդկային բարոյական սկզբունքների դեմ: Ըստ նրանց կարծիքիՙ մենք իրավունք չունենք պաշտպանել մեր հայրենիքը եւ հայոց քաղաքակրթությունը: Այսպիսի ստոր գործելակերպով նրանք միտումնավոր կերպով խարխլում են հայ-ռուսական գործընկերային փոխշահավետ հարաբերությունները, որպեսզի պղտոր ջրում ձուկ որսան: Նմանօրինակ վարքագիծը ձեռնտու չէ նաեւ հենց իրե՛նցՙ ռուսներին, քանի որ ստեղծում է ավելորդ խնդիրներ եւ թշնամական միջավայր իրենց դեմ:

Հակահայկական այս կատաղի հոգեգարության մեջ առկա է նաեւ աշխարհաքաղաքական գործոն: Երբ ՀՀ-ն 2017թ. նոյեմբերի 24-ին Եվրոպական միության հետ կնքեց համագործակցության համաձայնագիր, ռուսաստանյան գաղափարական եւ քարոզչական թիմն սկսեց խանդել մեզՙ դրսեւորելով կայսերական պղտոր հակումներ մեր երկրի նկատմամբ: Այս պահվածքի քաղաքական ենթատեքստը Ադրբեջանին ամեն կերպ ԵԱՏՄ անդամ դարձնելն է: Իսկ հայկական կողմը դրա դեմ հաջող հակաքայլ չի կարողանում մշակել: Սա նաեւ ցույց է տալիս, որ քաղաքական մեր վերնախավը մոռացել է նժդեհյան հայակենտրոնության եւ ազգային ուղենիշի մասին:

Խառնափնթոր այս վիճակից իր հերթին օգտվում է մեր տականքը, որը վարում է իր խաղը, այն էՙ ազգայնականության թեմայի միջոցով սրել հայ-ռուսական հարաբերությունները, կտրվել Ռուսաստանից եւ վերջնականապես անցնել եվրոպական կերակրատաշտին: Արեւմուտքը շռայլորեն կտա գումարներ իր այլանդակ բարքերը եւ նիստուկացը ՀՀ-ում արմատավորելու եւ երկիրը խորհրդարանական մոդելի միջոցով Եվրոպայից լիակատար կախման մեջ գցելու համար: Ընդ որում, որպես կանոն, տականքի մեջ շատ ուժեղ է համերաշխիքը, ներդաշնակությունը, ի տարբերություն առողջ ուժերի, որոնք դժվարությամբ են համախմբվում :

Մենք քարոզչական եւ ռազմավարական մեր համալիր ջանքերով պետք է հանապազ ներկայացնենք հայի հզոր տեսակը, մեր հաղթած երկիրը եւ քաղաքակրթական մեր արժեքները: Չմոռանանք, որ սա տեւական եւ չընդհատվող գործունեություն է: Այդ դեպքում օտար եւ հայրենական ստամբակները կդադարեցնեն իրենց վայնասունը ու վախից կուչ կգան: Մենք պետք է լինենք նախաձեռնող, հարձակողական եւ դրսեւորենք քաղաքական կամք: Չէ՞ որ ուժն է որոշում իրավունքը, եւ ազգերը միայն ուժով են վաստակում իրենց տեղը արեւի տակ:

Շատ կարեւոր է կատարել նաեւ պատմագիտական շտկումներ ու հստակեցումներ, որոնք անհրաժեշտ են մեր մտածողության եւ հոգեբանության մաքրման համար: Այդ կեղծիքները բազմաթիվ են ու բազմաբնույթ: Այս նենգափոխումները կարեւոր գործոն են դարձել ժամանակակից քաղաքական գործընթացներում:

Օրինակՙ 1826-1828թթ. ռուս-պարսկական արյունահեղ պատերազմի հետեւանքով Ռուսաստանը, ոչ թե «մարդասիրական զգացումներից» ելնելով, իրեն միացրեց Արեւելյան Հայաստանը, այլ պարզապես զավթեց այն պարսիկներից: Պատմությունը չի կարող առաջնորդվել քաղաքական պատվերներով, իսկ ճշմարիտ պատմագիտությունը լրջմիտ գիտություն է: Հարկ ենք համարում նշել, որ պարսկական վերնախավը լայնորեն համագործակցում եւ աջակցում էր XVIII դարի հերոս զորավար եւ պետական գործիչ Դավիթ Բեկին, պահպանում Արցախի մելիքներին, իսկ ռուսները անսովոր փութաջանությամբ վերացրին այդ մելիքություններըՙ մեր պետականության վերջին բեկորները:

Այնուհետեւ, XX դարի 10-20-ական թվականներին ռուսները, քանի որ օսմանցիների (թուրքերի) դաշնակիցներն էին, կործանեցին մեր պետականության վերականգնման փորձերը Վանում (1915թ. մայիս-հուլիս եւ 1917թ. սեպտեմբեր-1918 թ. մարտ) եւ ապա Հայաստանի առաջին հանրապետությունը: Սա է ռուսական քաղաքականության «իմաստասիրությունը»ՙ կայսերական սեփական ձգտումները ուրիշի հաշվին: Նրանք օգտվեցին մեր ղեկավարների տհասությունից եւ անձեռնհասությունից :

Հայերս ազնվաբարո, այլասեր եւ մեծահոգի ազգ ենք եւ հարգանքով ենք վերաբերվում Ալեքսանդր Նեւսկուն, Դմիտրի Դոնսկոյին եւ այլ գործիչներին: Ավելին, մենք պահպանում ենք մեծ գրողներ Ա.Պուշկինի, Ա.Չեխովի, Լ.Տոլստոյի, Մ.Գորկու եւ այլոց հուշարձանները Հայաստանում: Նրանց անուններով կան փողոցներ եւ դպրոցներ: Մենք նաեւ սիրում ու հարգում ենք ռուսական հարուստ մշակույթը: Եվ ոչ միան ռուսական, այլեւ ուրիշ ժողովուրդների մշակույթը: Սա քաղաքակիրթ ազգի հատկանիշ է, որը շատերին բնորոշ չէ:

Այսքանից հետո ձեզ ո՞վ է իրավունք տվել միջամտել ինքնիշխան պետության ներքին գործերին եւ թելադրել ձեր կամքը: Անցել են խորհրդային ստրկության դաժան եւ անմարդկային ժամանակները, երբ մենք անզոր էինք այդ ահավոր ուժի դեմ: Կարծում եմ, որ ձեզ այդպես գործելու իրավունք տվել է մեր տականքը, որը հանցավոր գործարքի մեջ է ձեզ հետ:

Մի կարեւոր հանգամանք: Այդուհանդերձ, մենք բարձր ենք գնահատում հայ-ռուսական գործակցությունը եւ բարեկամությունը: Որեւէ պարագայում չի կարելի կորցնել իրականության զգացումը եւ ընկնել անպտուղ հույզերի ոլորտը: Բայց մենք թույլ չենք տա ձեր տականքին որոշել մեր պետության եւ ազգի խնդիրները: Սա մեզ համար աքսիոմատիկ ճշմարտություն է: Կրկին անգամ հիշեցնենք, որ հայը ոչ միայն հաղթող, այլեւ պատժող տեսակ է: Այս առումով տեղին է հիշել Նժդեհի խոսքերը. «Չմնաց, աշխարհում գրեթե չմնաց ցեղ, որ մեր բազկի ուժը չզգար»: Այնպես որ, պարոնայք, զգույշ եղեք:

*) Հետնյալ թվով արված այս պնդումները, որոնք վաղուց արդեն լայնորեն շրջանառվում են դաշնակցականամետ պատմաբանների կողմից, անհեթեթ են պարզապես, միամիտ երեւակայության արդյունք: Նախՙ բնավ պետք չէ մոռանալ, եւ առաջին հերթին իրե՛նքՙ ռուսները չպետք է մոռանան, որ «ազգային լեգեոններ» գերմանացիները ստեղծել են Խ. Միության գրեթե բոլո՛ր ազգերից, առաջին հերթինՙ ռուս եւ ուկրաինացի գերիներից, նաեւ վրացիներից եւ Ալիեւի պապերից: Երկրորդՙ եթե Կարմիր բանակը Ստալինգրադի ճակատամարտում պարտվեր, մի անզոր Նժդեհ կամ Դրո ի՞նչ կարող էին անել Հայաստան ներխուժելու պատրաստ թուրքական դիվիզիաների դեմ. Հիտլերը նրա՞նց կարծիքը պիտի հաշվի առներ: Այնպես որ, հրաժարվենք բոլոր «եթե»ներից եւ արձանագրենք պատմությունն այնպես, ինչպես կա, եւ այդ մասին միշտ հիշեցնենք նաեւ մեր ռուս ընդդիմախոսներին: Խմբ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 09-02-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.