AZG Daily #15, 20-04-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 68. ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ՔԱՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 09-02-2018



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2018-02-08 22:32:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 4007, Տպվել է` 647, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՁԱՆՆԵՐ, ՄԱՐԴԻԿ ԵՎ ՄԻ ՔԻՉ ԿԵՏՉՈՒՊ ՈՒ ԹԹՈՒ ՎԱՐՈՒՆԳ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Բոլոր նրանք, ովքեր երբեւէ տեսել են Նիլսի ճանապարհորդությունը մուլտֆիլմը, գիտեն ու երբեք չեն մոռանա, որ քաղաքում դրված արձաններըՙ գիշերը, երբ բոլոր մարդիկ քնած են ու փողոցներում որեւէ մեկը չկա, կենդանանում են ու սկսում են քայլել: Այսպես, Երեւանումՙ Օպերայի դիմաց նստած Թումանյանն օրինակ, գիշերվա ինչ-որ ժամի ոտքի է կանգնում, իջնում է Ազատության հրապարակ, քայլում դեպի Թումանյան փողոց ու բարձրանում իր տուն, նստում իր գրասեղանի մոտ, գուցե ինչ-որ նոր բան գրում, կամ թեյ խմում... Այս առումով ամենաբարդը Վիլյամ Սարոյանի դրությունն է, քանի որ մարդը Երեւանում չի ծնվել ու այստեղ չի ապրել: Չնայած ասում են, գիշերները Մաշտոցի պողոտայից ինչ-որ մեկը քայլում է դեպի լեռները...

Մի խոսքով, եթե դեռ չեք դիտել Նիլսի ճանապարհորդությունն , ապա անպայման դիտեք: Որից հետո էլ պատասխանեք մեկ հարցի. եթե, ավելի ճիշտՙ երբ Երեւանի հենց կենտրոնում տեղադրվի առաջին Հանրապետության հիմնադիր համարվող Արամ Մանուկյանի արձանը, որի էսքիզի շուրջ, ի դեպ, ֆեյսբուքյան հերոսամարտեր են տեղի ունենում այս օրերին, մարդըՙ Արամ Մանուկյանը, գիշերը, երբ բոլոր արձանները կենդանանան ու սկսեն քայլել, ո՞ւր է գնալու: Տրամաբանում եմՙ տուն: Բայց որտե՞ղ է Արամ Մանուկյանի տունը, ավելի ճիշտՙ ի՞նչ տեսք ունի այն հիմա: Պատկերացնո՞ւմ եք Արամ Մանուկյանի դեմքը, երբ նա տեսնի իր տունը մի երկրում, որտեղ իր անունով երդվողներ կան, որտեղ իր արձանի մասին երազում են, բայց այդ երազողներն այնքան փող չունեն, որ քաղաքապետարանից գնեն Արամի տունն ու տեսքի բերեն, չնայած աշխարհասփյուռ կուսակցություն են, իշխանության մաս: Լավ, Արամի մասին երազել կարելի է, նրա հայացքից վախենալ ո՞չ... Իսկ եթե տունը չգտնելովՙ առաջին Հանրապետության հիմնադիրը որոնի իր կառավարության շենքը, ի՞նչ է գտնելու, խմոր ու կետչո՞ւպ, նրբերշիկներ ու սո՞ւնկ, պանիր ու ձիթապտո՞ւղ, կամ թթու վարո՞ւնգ... Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը վտանգավոր է, քանի որ այն տեղադրողները համոզված են, որ Արամը գիշերները չի քայլելու, բայց Արամը գիշերները քայլելու է...

Արդյունքում, հենց այս տարի, երբ նշում ենք առաջին Հանրապետության 100-ամյակը, մի առավոտ կզարթնենք ու կտեսնենք, որ Արամ Մանուկյանը չկա, արձանի տեղը կա, արձանը չկա: Կորոնենք ու չենք գտնի, որովհետեւ երբեք էլ չենք ունեցել, քանի որ մարդու հիշատակը նրա արձանը չէ, տունն է, խոսքն է, պատգամն է: Ո՞վ է հարցրել Արամ Մանուկյանին, թե կուզենա՞ր նա արդյոք հավերժ կանգնել մի քաղաքում, որտեղ իր տունը աղբանոց է դարձել, իր կառավարության շենքըՙ խոհանոց, ու դեռ այսքանից հետո համարձակվում են կանգնեցնել իր արձանը, որ այս ամենը տեսնի ու չկարողանա ոչինչ անել: Ո՞վ կհամաձայնի կանգնել ու մնալ նման քաղաքում: Այսօր ապրողներից ո՞վ է ուզում, որ իր մահից հետո իր տունը քանդեն, բայց իր արձանը տեղադրենՙ իբր հարգելով, իբր այդպես են հարգում: Իբր քաղաքում արձաններն ավելի կարեւոր են, քան մարդիկ, որքան շատ արձանՙ այնքան գեղեցիկ քաղաք: Մարդու արձանն անցյալի պաշտամունքն է, ուրեմն թքա՛ծ ներկայի վրա:

Ու հարցն այն չէ, թե որքանո՞վ է գեղեցիկ Արամ Մանուկյանի արձանի էսքիզը (Մանուկյանն ինքը գեղեցիկ տղամարդ չի եղել), հարցն այն է, որ ամեն գիշեր, երբ մեր քաղաքի բոլոր մարդիկ քնած են լինում ու փողոցներում որեւէ մեկը չի լինում, Կոնսերվատորիայի դիմացի այգում կենդանանում է Կոմիտասը, նայում շուրջբոլորն ու նորից խելագարվումՙ արձանապաշտությունից, հերոսամոլությունից, արձանինՙ մարդու տեղ չդնելուց եւ մարդունՙ արձանի տեղ դնելուց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 09-02-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.